Գիտական արդյունքներ
31/07/2023
ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնում մշակվում է ռացեմատներից L-ամինաթթուների ստացման ամբողջովին նոր տեխնոլոգիա

ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնում մշակվում է ռացեմատներից L-(ալֆա, բետա, գամմա, դելտա և այլն) ամինաթթուների ստացման ամբողջովին նոր տեխնոլոգիա:

«Հետազոտությունը վերաբերում է գենային ճարտարագիտության ամենաժամանակակից մեթոդների կիրառմամբ կարևոր արտադրական նշանակություն ունեցող ֆերմենտների գեների կլոնավորման, այդ գեների էքսպրեսման, համապատասխան ֆերմենտների ստացման, բնութագրման և համապատասխան տեխնոլոգիական պրոցեսներում դրանց կիրառման բնագավառին։ Աշխատանքի հիմնարար նշանակությունն է՝ նպատակային գենի փնտրտուքի և պրայմերների նախագծման նոր մշակված ռազմավարության, կլոնավորման նոր մեթոդի ներդրում մեր պրակտիկայում և ֆերմենտի ստացման, անջատման ու բնութագրման մեթոդաբանության մշակում», - ասաց հետազոտության համահեղինակ, ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնի Սպիտակուցային տեխնոլոգիաների լաբորատորիայի առաջատար գիտաշխատող, կենսաբանական գիտությունների թեկնածու Արթուր Համբարձումյանը:  

Նա նշեց, որ Rhizobium radiobacter MDC 8606 շտամի N-կարբամոիլ-β-ալանին ամիդոհիդրոլազի գենը մոդուլային կլոնավորմամբ ինտեգրվել է pET28GG-LacZ պլազմիդի կազմում։ Կլոնավորման համար հիմք է ընդունվել հայտնի ամբողջական գենոմ ունեցող Agrobacterium fabrum str. C58 շտամի նույնական գենի կառուցվածքը: Ստացված պլազմիդային կոնստրուկցիայով E. coli-ի ռեցիպիենտ բջիջների տրանսֆորմացմամբ ստացվել է ռեկոմբինանտ N-կարբամոիլ-β-ալանին ամիդոհիդրո-լազային ակտիվություն ունեցող շտամը, որի ֆերմենտմամբ ստացվել, անջատվել ու մաքրվել է ռեկոմբինանտ ֆերմենտը: Հետազոտվել է Rhizobium radiobacter MDC 8606 շտամի ռեկոմբինանտ N-կարբամոիլ-β-ալանին ամիդոհիդրոլազի ակտիվության կախումը ջերմաստիճանից և ջերմակայունությունը: 

Հետազոտությունը կատարվել է ՀՀ Գիտության կոմիտեի և Գերմանիայի կրթության և հետազոտությունների դաշնային նախարարության աջակցությամբ՝ «Հիպերթերմոֆիլ բնույթի կարբամոիլազի կիրառումը N-կարբամոիլ D-ամինաթթուների էնզիմատիկ հիդրոլիզում» (ղեկավարներ Անիչկա Հովսեփյան և Անտրանիկիան Գարաբեդ) թեմային և բազային «Agrobacterium tumefaciens-ի N-կարբամոիլ-β-ալանին ամիդոհիդրոլազի գենի կլոնավորում, կոդավորվող ֆերմենտի անջատում և բնութագրում» (ղեկավար Արթուր Համբարձումյան) թեմայի շրջանակներում։

Հետազոտական աշխատանքին մասնակցել են գիտաշխատողներ Անի Պալոյանը և Հովսեփ Ագանյանցը, երիտասարդ գիտաշխատողներ Աննա Մխիթարյանը, Լև Խոյեցյանը և Մարիամ Կարապետյանը։

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
31․07․2023թ․