| ||||||||
ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնում ստացվել է կաթնաթթվային բակտերիաների նոր շտամ, որը թույլ է տալիս բարձրացնել սառնարանային պայմաններում պահպանվող մսամթերքի կենսաանվտանգությունն ու երկարացնել պահպանման ժամկետն առանց զգայունաբանական բնութագրի՝ համի, հոտի, տեսքի որևէ փոփոխության: «Սառնարանային պայմաններում պահպանվող սննդամթերքում սննդածին և նեխում առաջացնող մանրէների առաջացրած ինֆեկցիաների սուր բռնկումները հազարավոր մարդկանց մահվան պատճառ են դառնում: Կաթնաթթվային բակտերիաների որոշ տեսակների կիրառումը, ի տարբերություն քիմիական կոնսերվանտների, անվտանգ է և սառնարանային պայմաններում ջրածնի պերօքսիդի մշտական արտադրության միջոցով բարձրացնում է աղացած մսի ու թռչնամսի անվտանգությունը՝ պաթոգեն և նեխում առաջացնող միկրոօրգանիզմների աճի արգելակման միջոցով: Մեր կողմից անջատվել է կաթնաթթվային բակտերիաների նոր շտամ՝ ներօժտված ջրածնի պերօքսիդի կենսասինթեզի բարձր ակտիվությամբ: Ստացված մանրէները համեմատական ավելի փոքր քանակություններով թույլ են տալիս բարձրացնել սառնարանային պայմաններում պահպանվող մսամթերքի կենսաանվտանգությունն ու երկարացնել պահպանման ժամկետն առանց նրանց զգայունաբանական բնութագրի որևէ փոփոխության»,- ասաց գիտական խմբի ղեկավար, ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնի Կաթնաթթվային բակտերիաների հետազոտման սեկտորի առաջատար գիտաշխատող, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հրաչյա Հովհաննիսյանը: Հետազոտության արդյունքները ներկայացվել են միջազգային հետևյալ գիտաժողովներում՝
Աշխատանքի լայնածավալ տարբերակն ուղարկվել է տպագրության 3,298 IF ազդեցության գործակից ունեցող, SJR ցանկում ընդգրկված հեղինակավոր «AMB Express» ամսագիր: Հետազոտական աշխատանքներին մասնակցել են կենսաբանական գիտությունների թեկնածուներ Լուսինե Դանիելյանը, Անդրանիկ Բարսեղյանը և ասպիրանտ Էլեն Գաբոյանը: Հետազոտությունն իրականացվել է ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնի բազային ֆինանսավորմամբ՝ «Մսամթերքի երկարատև պահպանման մանրէաբանական մեթոդների մշակում» թեմայի շրջանակում, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հրաչյա Հովհաննիսյանի ղեկավարությամբ: |