Գիտական արդյունքներ
29/11/2022
Ցիանոբակտերիաներից ջուրը մաքրող մոդելային սարքի փորձարկումը Սևանա լճում դրական արդյունք է տվել

Ջրի «ծաղկումը» ջրային էկոհամակարգերում կենսածին տարրերի առատության և նպաստավոր ջերմաստիճանային պայմաններում պլանկտոնային ջրիմուռների բուռն աճն է, որի արդյունքում վատանում է ջրի որակը: Խնդիրն առավել բարդանում է, երբ «ծաղկումն» առաջացնում են կապտականաչ ջրիմուռները՝ ցիանոբակտերիաները, որոնք ջրային միջավայր են արտանետում թունավոր նյութեր՝ սպառնալով մարդու և կենդանիների առողջությանը: Ջրիմուռների հսկայական կենսազանգվածը, որը ձևավորվում է կենսածին տարրերի առատության և նպաստավոր ջերմաստիճանի պայմաններում, դառնում է օրգանական նյութով լճերի և ջրամբարների աղտոտվածության լրացուցիչ աղբյուր, որի քայքայման պրոցեսում գրանցվում է թթվածնային պայմանների վատացում, և խախտվում է էկոհամակարգի բնականոն վիճակը:  2018թ–ից Սևանա լճում արձանագրվեց  ջրիմուռների բուռն աճ. լիճը «ծաղկեց» Anabaena ցեղի կապտականաչ ջրիմուռներով: «Ծաղկման» երևույթները շարունակվեցին նաև հաջորդ տարիներին։ 

«Ծաղկման» երևույթների դեմ պայքարելու նպատակով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գիտության պետական կոմիտեի աջակցությամբ 2020թ-ից սկսվել են «Սևանա լճի էվտրոֆացման մեխանիզմների հետազոտում, «ծաղկման»  երևույթների բացահայտում և վերջինիս դեմ պայքարի մեթոդների մշակում» նպատակային ծրագրի աշխատանքները, որին մասնակցում են ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի, ՀՀ ԳԱԱ Երկրաբանության ինստիտուտի, Երևանի պետական համալսարանի կենսաբանության ֆակուլտետի  գենետիկայի և բջջաբանության ամբիոնի, ինչպես նաև  «Բիոմիներալ» ՍՊԸ-ի աշխատակիցները։ Ծրագրի գիտական ղեկավարն է կենսաբանական գիտությունների դոկտոր Բարդուխ Գաբրիելյանը:

«Ֆիտոպլանկոնային համակեցության մեր հետազոտությունները ցույց տվեցին, որ Սևանա լճում «ծաղկում» առաջացնում է հիմնականում Dolichospermum/Anabaena flos-aquae տեսակի ցիանոբակտերիան։ Լիճքի դիտակետի նմուշներում հայտնաբերվել են նաև Anabaena flos-aquae տեսակի հետերոցիստներ, որոնց քանակը մեկ լիտրում հավասարվել է մոտ 500000 բջջի։ Ակտիվացված ցեոլիտներով ջրի մաքրում իրականացնելուց հետո լճի ջրում Anabaena flos-aquae  տեսակի ջրիմուռների բջիջներ կամ հետերոցիստներ  չեն հայտնաբերվել»,- ասաց ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի կենտրոնի գիտական ղեկավար, կենսաբանական գիտությունների դոկտոր Բարդուխ Գաբրիելյանը։

Լճի ջրի գենաթունային և կանցերոգեն հատկությունների ուսումնասիրությունը ցույց է տվել, որ «ծաղկման» շրջանում լճի ջրում նկատվում է գենետիկական ազդեցության մակարդակի զգալի աճ, գրանցվում է ամենաբարձր ռեցեսիվ մուտացիաների հաճախականություն, իսկ «ծաղկման» շրջանից հետո գենետիկական ազդեցության մակարդակը զգալիորեն նվազում է: Գիտնականներն օգտագործել են գենետիկական տեստ մարկերներ ցեոլիտի մաքրման արդյունավետությունը գնահատելու համար։ Ցեոլիտով մշակված ջրի նմուշներում նկատվել է ուսումնասիրվող գենետիկական թեստ-մարկերների մակարդակի նվազում՝ չմշակված տարբերակների համեմատ։ 

ԵՊՀ-ի կենսաբանության ֆակուլտետի գենետիկայի և բջջաբանության ամբիոնի հետ համատեղ կիրառվել են Tradescanrtia (clon 02) բույսի երկու թեստ համակարգեր, ինչի արդյունքում  ստացված տվյալները վկայում են, որ Սևանա լճի «ծաղկման» ժամանակ ցեոլիտի օգտագործումը որպես բնական սորբենտ նպատակահարմար է լճի ջրի թունավորման մակարդակի նվազեցման համար: 

Ծրագրի շրջանակներում  ստեղծվել է լճի ջուրը ցիանոբակտորիաներից մաքրելու մոդելային սարք, որի նախագիծը մշակվել է  Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Հարավային գիտական կենտրոնի աշխատակիցների կողմից։ Գիտնականների խումբը Սևանա լճում փորձարկել է Սևանի ջուրը կապտականաչ ջրիմուռներից՝ ցիանոբակտերիաներից մաքրող մոդելային սարքը: Ցեոլիտների օգնությամբ մոդելային սարքի միջոցով Լիճքի հատվածում Սևանա լճից կլանվել են վնասակար  միկրոօրգանիզմներ, միկրոջրիմուռներ, ցիանոբակտերիաներ: Փորձարկումն իրականացվել է 2022թ․ հուլիսին՝ Սևանա լճի «ծաղկման» երևույթների դրսևորման ընթացքում: 

Սարքի ստեղծման համար հիմք են ծառայել  ծրագրի շրջանակներում իրականացված հետազոտությունները, որոնք կատարվել են Սևանա լճի Լճաշենի,  Նորաշենի, Լիճքի լճախորշերում: Այստեղ գրանցվել էին լճի ջրի «ծաղկման» առավել ինտենսիվ երևույթներ։ Հետազոտվել են Սևանա լճի ջրի «ծաղկման» մեխանիզմները, կատարվել է ֆիտոպլանկտոնի տեսակային կազմի որոշում, քանակական ցուցանիշների գնահատում, զարգացման օրինաչափությունների բացահայտում, ուսումնասիրվել են նաև վերոհիշյալ երևույթները պայմանավորող հիդրոքիմիական և հիդրոֆիզիկական գործոնները։ Իրականացվել է միջավայրից միկրոօրգանիզմների, միկրոջրիմուռների, ցիանոբակտերիաների կլանման և հեռացման նպատակով նպատակային սորբենտի ընտրություն, վերջինիս ակտիվացում, ազդեցության արագության մեծացում, մանրէաբանական ցուցանիշների հիման վրա ջրի մաքրման արդյունավետության գնահատում։ Կատարվել է լճի ջրի գենաթունային և կանցերոգեն հատկությունների գնահատում: 

Գիտական արդյունքները ներկայացվել են հետևյալ հոդվածներում.

  • Hambaryan L.R., Stepanyan L.G., Mikaelyan M.V., Gyurjyan Q.G. «The bloom and toxicity of cyanobacteria in Lake Sevan». Proceedings of the Yerevan State University: Chemistry and Biology, 54(2), 2020, pp. 168-176. (article in peer-reviewed journal).
  • Հարությունյան Ռ. Մ., Ավալյան Ռ. Ե., Աթոյանց Ա. Լ., Աղաջանյան Է. Ա., Գաբրիելյան Բ. Կ., «Սևանա լճից ջրի նմուշների կենսաթեստավորում ջրի ծաղկման ժամանակ և ցեոլիտով մշակումից հետո մոդելային թեստ օբյեկտի կիրառմամբ»,  Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիա, Զեկույցներ։ Էկոլոգիա, 2021, h. 121, № 4, Էջ 294-301։
  • Շահինյան Հ.Վ., Մելիքսեթյան Խ.Բ., Զաքարյան Շ.Ս., Գյուլնազարյան Շ.Ա. «Սևանա լճում կապտականաչ ջրիմուռների ծաղկման որոշ նախադրյալների մասին» ՀՀ ԳԱԱ Տեղեկագիր, Գիտություններ Երկրի մասին, 2021, հ.74, N 3, էջ 32-40: 
  • Асатрян В.Л., Гамбарян Л.Р., Гукасян Э.Х. «Горизонтальное распределение биомассы фитопланктона озера Севан: метод подсчета с использованием ГИС-технологий» // Научные основы сохранения и восстановления природных ресурсов озера Севан / отв. ред. С.В. Бердников, В.В. Селютин. – Ростов-на-Дону: Изд-во ЮНЦ РАН, 2022. – С. 323-332.

Հետազոտության արդյունքները զեկուցվել են «Ջանքերի միավորում՝ հանուն Սևանա լճի էկոհամակարգի պահպանման և կայուն զարգացման» միջազգային համաժողովում։ 


ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
29.11.2022թ.