| ||||||||
ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարատադրական կենտրոնի գիտնականներին հաջողվել է քիմիական մուտագենեզի և գենետիկասելեկցիայի մեթոդներով Br. flavum 14067 վայրի տեսակի շտամի հիման վրա ստանալm-ֆտորֆենիլալանինի նկատմամբ կայուն մուտանտներ, որոնք սինթեզում են մինչև 4 գ/լ L-տրիպտոֆան: «Կայուն L-տրիպտոֆան սինթեզող շտամների ստացումը կարևոր է ոչ միայն գիտական, այլ նաև կիրառական տեսանկյունից: Բժշկության, դեղագործության և այլ բնագավառներում այս ամինաթթվի պահանջարկը մշտապես աճում է: Բարձրակտիվ արտադրիչների ստացումը ու դրանց միջոցով L-տրիպտոֆանի արտադրությունը կնպաստի տնտեսական շահութաբերությանը»,- ասաց հետազոտությունն իրականացրած գիտական խմբի ղեկավար, «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարատադրական կենտրոնի շտամ-արտադրիչների և կենսասինթեզի լաբորատորիայի առաջատար գիտաշխատող, կենսաբանական գիտությունների թեկնածու Գայանե Ավետիսովան: «Տրիպտոֆանը լայնորեն կիրառվում է ինչպես գյուղատնտեսության, բժշկության, այնպես էլ դեղագործական արդյունաբերության մեջ հակադեպրեսանտների, հանգստացնող և այնպիսի դեղերի ստացման համար, որոնք նախատեսված են շիզոֆրենիայի, ալկոհոլիզմի և այլ հիվանդությունների բուժման համար: Տրիպտոֆանի արտադրության կարևորագույն եղանակներից մեկը մանրէաբանական սինթեզի եղանակն է: Մանրէաբանական եղանակներից ավելի արդյունավետ է համարվում տրիպտոֆանի սինթեզն այն միկրոօրգանիզմների աճեցմամբ, որոնք ունակ են ուղիղ ֆերմենտացիայի միջոցով ածխածնի, ազոտի աղբյուրներից սինթեզել տրիպտոֆան՝ սննդամիջավայրում առանց տրիպտոֆանի նախանյութերի (ինդոլ, անտրանիլաթթու) ավելացման: Հաշվի առնելով արդյունաբերական տեսանկյունից կորինեֆորմ մանրէների առավելությունները՝ մեր կողմից նպատակ է դրվել ստանալ Brevibacterium flavum տեսակին պատկանող տրիպտոֆանի բարձր ակտիվությամբ օժտված շտամ-արտադրիչներ»,- ասաց Գայանե Ավետիսովան: Նա նշեց, որ հետազոտության արդյունքում քիմիական մուտագենեզի և գենետիկասելեկցիայի մեթոդներով հաջողվել է Br. flavum 14067 վայրի տեսակի շտամի հիման վրա ստանալm-ֆտորֆենիլալանինի նկատմամբ կայուն 17 մուտանտներ: Հետագայում խորքային ֆերմենտացիայի պայմաններում 15% սախարոզ և 5,5% (NH4)2SO4 պարունակող հեղուկ սինթետիկ միջավայրում դրանցից, ըստ ակտիվության, ընտրվել են 4-ը, որոնք սինթեզում են մինչև 4 գ/լ L-տրիպտոֆան: Հետազոտության վերաբերյալ հրապարակվել են հետևյալ գիտական հոդվածները.
«Ամինաթթուների շտամ-արտադրիչների ստացումը գենետիկայի և սելեկցիայի եղանակով երկարատև ու բազմափուլ պրոցես է, ուստի ստացված արդյունքները դեռ հետազոտման առաջին փուլում են: Գիտական խմբի կողմից դրական արդյունքների ստացման դեպքում թե՛ շտամ-արտադրիչը և թե՛ մշակված արդյունավետ կենսասինթեզի տեխնոլոգիան կառաջարկվեն ամինաթթուների արտադրությամբ զբաղվող միջազգային հայտնի ընկերություններին, կամ կկիրառվեն տեղական արտադրություն կազմակերպելու համար»,- ասաց Գայանե Ավետիսովան: Հետազոտական աշխատանքներում ներգրավված են երիտասարդ գիտնականներ: |