Գիտական արդյունքներ
31/10/2022
Լույս է տեսել «Արվեստի պատմություն. կերպարվեստ» եռամաս դասագրքի առաջին հատորը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Արվեստի ինստիտուտը լույս է ընծայել «Արվեստի պատմություն. Կերպարվեստ» եռամաս դասագրքի առաջին հատորը:

Դասագրքերի հեղինակը ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի 2003-2022թթ. տնօրեն, ներկայում՝ ինստիտուտի գիտական ղեկավար, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Արարատ Աղասյանն է: Դասագիրքը հրատարակվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի  նախարարության  «Երաժշտական և արվեստի դպրոցների համար ուսումնամեթոդական գրականության մշակում և հրատարակում» ծրագրի շրջանակներում և  նախատեսված է արվեստի, գեղարվեստի  դպրոցների աշակերտների և ուսուցիչների համար՝ «Արվեստի պատմություն» առարկային դասավանդմամբ:

«Դասագրքի ստեղծման նախաձեռնությունը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանն էր: Հայկական իրականության մեջ առաջին անգամ նախատեսվեց ստեղծել կերպարվեստի ընդհանուր պատմությանը նվիրված հայերեն ոչ թարգմանական ուսումնական ձեռնարկը: Այս նախաձեռնության կարևորությունն ակնհայտ է, քանի որ կերպարվեստի հետ ծանոթությունն անհրաժեշտ է սկսել դպրոցում և շարունակել միջնակարգ և բարձրագույն ուսումնական հաստատություններում: Կրթված, գեղարվեստական բարձր ճաշակ ունեցող սերունդ ունենալու համար անհրաժեշտ են մայրենի լեզվով համապատասխան դասագրքեր և ուսումնական ձեռնարկներ»,- ասաց դասագրքի հեղինակ Արարատ Աղասյանը:

Դասագրքի առաջին հատորն ընդգրկում է նախնադարյան ժամանակներից մինչև եվրոպական Վերածննդի դարաշրջանի կերպարվեստի պատմությունը: Ժամանակագրական հաջորդականությամբ ներկայացված է կերպարվեստը՝ սկսած նախնադարից մինչև գոթական շրջան՝ համաշխարհային կերպարվեստի համատեքստում անդրադառնալով նաև հայկական կերպարվեստին: 

«Քանի որ այսօր մեզանում բացակայում է արվեստաբանական տերմինների հայալեզու բառարանը, ապա այստեղ փորձել ենք մասամբ լուծել նաև այդ խնդիրը: Դասագրքի բառարանը պարզաբանում է կերպարվեստին, դեկորատիվ-կիրառական արվեստին, ճարտարապետությանը վերաբերող տերմինները, կրոնական և դիցաբանական կերպարների և խորհրդանիշերի իմաստն ու նշանակությունը, դիցաբանությունից սերող այլաբանական արտահայտությունները»,- ասաց Արարատ Աղասյանը: 

Դասագրքում առկա է շուրջ 280 գունավոր վերատպություն, որոնք առավել հասկանալի են դարձնում շարադրանքը և նպաստում երեխաների գեղագիտական ճաշակի ձևավորմանը: Լուսանցքներում նշված շտրիխկոդի միջոցով կարելի է youtube-ով դիտել շուրջ 80 ուսուցողական ֆիլմ, անիմացիաներ, մասնագետների դասախոսություններ հայերեն և ռուսերեն լեզուներով: Ֆիլմերը տեղեկություններ են տալիս հայկական և համաշխարհային արվեստի, մշակույթի, առանձին հուշարձանների, ականավոր վարպետների, պատմական դարաշրջանների, տարբեր երկրների ու ժողովուրդների, դիցաբանական աստվածների և հերոսների, պատմական նշանավոր դեմքերի և թագավորական տոհմերի մասին: 

Դասագրքի երկրորդ հատորը ներկայացնում է եվրոպական Վերածննդի դարաշրջանի կերպարվեստից մինչև 20-րդ դարասկզբի կերպարվեստի համառոտ պատմությունը: Այդ համատեքստում դիտարկվել է նաև հայկական կերպարվեստը: Երկրորդ հատորը կհրատարակվի մինչև 2022թ. տարեվերջ:

Ներկայում Արարատ Աղասյանն աշխատում է դասագրքի վերջին՝ երրորդ հատորի վրա:

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
31.10.2022թ.