| ||||||||
ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնի գիտաշխատողների հետազոտությունների արդյունքները ցույց են տվել, որ Սևանա լճի ցիանոբակտերիաները, ինչպես նաև միկրոջրիմուռները կարող են համարվել ճարպաթթուների հարուստ աղբյուր և էներգիայի ստացման այլընտրանքային աղբյուր։ «Ցիանոբակտերիաները կամ կապտականաչ ջրիմուռները պրոկարիոտ գրամ-բացասական բակտերիաների մեծ բաժին են, որոնք կատարում են ֆոտոսինթեզ՝ արդյունքում արտազատելով մոլեկուլային թթվածին։ Այս միկրոօրգանիզմները, ինչպես և կանաչ միաբջիջ միկրոջրիմուռները, համարվում են լիպիդների ստացման հեռանկարային աղբյուրներից մեկը և ունեն օգտագործման մեծ հնարավորություն կենսաէներգետիկայում։ Ցիանոբակտերիաների վրա հիմնված կենսավառելիքը, ի տարբերություն էներգիայի այլ աղբյուրների, էկոլոգիապես ամենամաքուր և վերականգնվող ռեսուրսներից մեկն է»,- ասաց հետազոտության գիտական ղեկավար, ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնի Այլընտրանքային Էներգիայի աղբյուրների լաբորատորիայի վարիչ, անասնաբուժական գիտությունների թեկնածու Վիգեն Գոգինյանը: Նա նշեց, որ Սևանա լճի քաղցրահամ ջրի նմուշների ընդհանուր մանրէաբանական վերլուծության արդյունքում հայտնաբերել են ալգոլոգիապես մաքուր ցիանոբակտերիալ կուլտուրաների գերիշխող տեսակներ՝ Microcystis sp. Pc-001 և Pc-002, Anabaena sp. Pc-004 և Pc-007, Synechococcus sp. Pc-003, Phormidium sp. Pc-005 և Oscillatoria sp. Pc-006: Գազահեղուկային քրոմատոգրաֆիկ մեթոդներով բացահայտվել է սինթեզվող լիպիդների ճարպաթթվային բաղադրությունը:
ա բ
գ դ
ե Ոսումնասիրության արդյունքում մեկուսացված ցիանոբակտերիաների տեսակներ․ ա - Anabaena sp., բ - Microcystis sp., գ - Oscillatoria sp., դ - Synechococcus sp., ե - Phormidium sp. «Հետազոտությունների արդյունքների համաձայն՝ ցիանոբակտերիաների ուսումնասիրված բոլոր շտամների մոտ գերակշռում է պալմիտինաթթվի և մոնոենային պալմիտօլեաթթվի սինթեզը, ընդ որում, դրանց ավելի բարձր կոնցենտրացիան հայտնաբերվել է Microcystis sp. Pc-001 կուլտուրայի մոտ համապատասխանաբար 16,89% և 22,28%: Բացի դրանից, այդ շտամի մոտ հայտնաբերված է մեծ քանակությամբ հեպտադեցենոաթթու (17,99%), ստեարինաթթու (7,01%) և մոնոենային դոկոզադիենաթթու (6,25%) գործնականում հագեցած և չհագեցած ճարպաթթուների գրեթե հավասար հարաբերակցությամբ (46,55%/46,52%): Մեր կողմից ցույց է տրվել, որ ուսումնասիրված ցիանոբակտերիաների լիպիդները սովորաբար պարունակում են ճարպաթթուներ, որոնց շղթայի երկարությունը չի գերազանցում 18 ածխածնի ատոմը, բացառությամբ Microcystis sp Pc-001 շտամի, որը սինթեզում է բավական մեծ քանակությամբ դոկոզադիենաթթու C22:2n6 (6,25%)։ Կարելի է եզրակացնել, որ ցիանոբակտերիաները, ինչպես նաև միկրոջրիմուռները կարող են համարվել ճարպաթթուների հարուստ աղբյուր և էներգիայի ստացման այլընտրանքային աղբյուր»,- ասաց Վիգեն Գոգինյանը: Ցիանոբակտերիաներն ունակ են արտադրել այլ արժեքավոր կենսաբանական ակտիվ միացություններ շատ ավելի արագ և մեծ քանակությամբ։ «Այս միկրոօրգանիզմների վրա հիմնված պատրաստուկները, որպես կանոն, ունեն բազմակողմանի ազդեցություն և արտադրական ցածր ինքնարժեք։ Բնության մեջ ցիանոբակտերիաները միշտ հանդիպում են այլ բակտերիաների հետ համակեցության ձևով, և դա հնարավորություն է տալիս ստեղծելու արհեստական ասոցիացիաներ, որոնք օժտված կլինեն օգտակար և ցանկալի կենսաբանական հատկություններով»,- նշեց Վիգեն Գոգինյանը: Հետազոտությունն իրականացվել է «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնի բազային ֆինանսավորման շրջանակներում: Հետազոտական աշխատանքներին մասնակցել են կենտրոնի գիտաշխատող, կենսաբանական գիտությունների թեկնածու Բաղիշ Հարությունյանը, կրտսեր գիտաշխատող Լուսինե Սաղաթելյանը: |