| ||||||||
ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնում գնահատվել են ՀՀ Արմավիրի մարզի գյուղատնտեսական նշանակության հողերում բնական (Ra-226, Th-232, K-40) և տեխնածին (Cs-137) ռադիոնուկլիդների ակտիվության մակարդակները։ Շրջակա միջավայրում բնական ռադիոնուկլիդներից առավել տարածված են ռադիում-226 (Ra-226), թորիում-232 (Th-232) ու կալիում-40 (K-40): Մարդն ու այլ կենդանի օրգանիզմները մշտապես ենթարկվում են բնական ճառագայթման՝ հիմնականում հողերում առկա այս ռադիոնուկլիդների տրոհման պատճառով: Տեխնածին ռադիոնուկլիդներն օտար են բնությանը, շրջակա միջավայրում են հայտնվում մարդու գործունեության արդյունքում՝ հիմնականում ատոմային էներգետիկայի օբյեկտներում խոշոր վթարների, ինչպիսիք են Ֆուկուսիմայի ԱԷԿ-ի (2011 թ.) ու Չեռնոբիլի ԱԷԿ-ի (1986 թ.) վթարները, ինչպես նաև ներկայում արգելված միջուկային զենքի փորձարկումների հետևանքով: Տեխնածին ռադիոնուկլիդներից առավել տարածված է ցեզիում-137-ը (Cs-137): Հողերից բնական և տեխնածին ռադիոնուկլիդները կարող են անցնել մշակաբույսերի մեջ, ահա թե ինչու գյուղատնտեսական հողերի ռադիոնուկլիդային կազմն ուսումնասիրելը խիստ կարևոր խնդիր է։ ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի կողմից իրականացվել է Արմավիրի մարզի հողերում թե՛ բնական (Ra-226, Th-232, K-40), թե՛ տեխնածին (Cs-137) ռադիոնուկլիդների ակտիվության գնահատում։ Նա նշեց, որ առողջական ռիսկի մասին առավել մանրամասն անդրադարձ են կատարելու հետազոտության գիտական հրապարակումներում։ Ապագայում ռադիոնուկլիդների ուսումնասիրության արդյունքում ստացված տվյալները պլանավորվում է զետեղել ՀՀ ռադիոէկոլոգիական ատլասում: «Այս հետազոտությունն ունի կիրառական նշանակություն, քանի որ մշակվելու են գյուղատնտեսական հողերում բնական ու տեխնածին ռադիոնուկլիդների ակտիվության մակարդակների տարածաբաշխման փորձագիտական քարտեզներ, ինչը ՀՀ կառավարության գերակա ուղղություններից մեկի՝ սննդամթերքի անվտանգության ռիսկերի գնահատման պարտադիր մասն է կազմում։ Հետազոտության կարևորությունն այն է, որ Արմավիրի մարզում է տեղակայված Հայաստանի միակ ատոմակայանը, հետևաբար, տվյալ տարածքում ռադիոակտիվությունն ուսումնասիրելը բխում է ինչպես բնապահպանական, այնպես էլ ազգային անվտանգության հիմնախնդիրներից»,- ասաց Օլգա Բելյաևան: Հետազոտությունն իրականացվել է ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի Ռադիոէկոլոգիայի և այլ բաժինների երիտասարդ գիտաշխատողների մասնակցությամբ, բազային ծրագրի շրջանակներում: Հետազոտության համար օգտագործվել են ՀՀ Կրթության գիտության, մշակույթի և սպորտ նախարարության գիտության կոմիտեի կողմից ֆինանսավորվող «Փորձագիտական երկրաքիմիական քարտեզների մշակում` կայուն գյուղատնտեսության զարգացման և սննդի անվտանգության ապահովման համար» նպատակային ծրագրի (ղեկ. Լիլիթ Սահակյան) (2019-2023 թթ.) շրջանակներում 2019 թ. Արմավիրի մարզի տարածքից նմուշառված գյուղատնտեսական հողերը: |