Գիտական արդյունքներ
09/09/2022
ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնի ստեղծած «Նարարգին» սննդային հավելումը կանխարգելում է 2-րդ տիպի շաքարախտը

ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնում մշակվել և պաշտոնապես գրանցվել է սննդի «Նարարգին» կենսաբանորեն ակտիվ հավելումը։ Այն օգտագործվում է դիսբակտերիոզի, 2-րդ տիպի շաքարախտի կանխարգելման համար, աղիքային միկրոֆլորայի հավասարակշռությունը պահպանելու և վերականգնելու նպատակով հակաբիոտիկներով բուժման ընթացքում, նպաստում է արյան մեջ խոլեստերինի մակարդակի նվազեցմանը:

«Նարարգին» կենսաբանորեն ակտիվ սննդային հավելումն ունի կիրառական նշանակություն բժշկության մեջ որոշակի հիվանդությունների կանխարգելման և բուժման համար: Նպաստում է ինսուլին արտադրող β-բջիջների վերականգնմանը և ենթաստամոքսային գեղձի արտազատիչ ֆունկցիայի խթանմանը, ինչը 2-րդ տիպի շաքարախտի բուժման հիմնական նպատակներից մեկն է: Կարգավորում և վերականգնում է աղիքային միկրոֆլորայի հավասարակշռությունը հակաբիոտիկներով թերապիայի կիրառման, ինչպես նաև դիսբակտերիոզի դեպքում։ Բերում է արյան մեջ խոլեստերինի մակարդակի նվազեցմանը»,- ասաց «Նարարգին» սննդային հավելման մշակման հեղինակ, ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնի Պրոբիոտիկների կենսատեխնոլոգիայի լաբորատորիայի վարիչ, կենսաբանական գիտությունների թեկնածու Ֆլորա Տխրունին:

«Նարարգին»-ը մշակվել է թիրախային բազմաֆունկցիոնալ հատկություններով օժտված Lactobacillus acidophilus MDC 9602 (Ep. 317/402) և Lactobacillus rhamnosus БТК 20-12 MDC 9631 պրոբիոտիկ կաթնաթթվային բակտերիաների կոնսորցիումի հիման վրա: Այդ կաթնաթթվային բակտերիաները սինթեզում են նյութափոխանակության կենսաբանորեն ակտիվ արգասիքներ՝ արգինին ամինաթթուն, արտաբջջային բազմաշաքարներ և հակամանրէային միացություններ՝ բակտերիոցիններ, որոնք ճնշում են սննդի փչացմանը հանգեցնող միկրոօրգանիզմների, հակաբիոտիկների հանդեպ բազմակի կայուն մանրէների աճը։

«Կոնսորցիումի կազմի մեջ մտնող կաթնաթթվային բակտերիաների կողմից արգինինի սինթեզման եզակի հատկությունը նպաստում է ինսուլին արտադրող β-բջիջների վերականգնմանը և ենթաստամոքսային գեղձի արտազատիչ ֆունկցիայի խթանմանը, քանի որ L- արգինինը խթանում է ինսուլինի արտանետումը և մեծացնում β-բջիջների զգայունությունը գլյուկոզի նկատմամբ, ինչը շաքարախտի բուժման հիմնական նպատակներից մեկն է»,- ասաց Ֆլորա Տխրունին:

«Նարարգին»-ը ստեղծվել է «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնի կողմից բազային ֆինանսավորմամբ իրականացվող «Որոշակի հիվանդությունների կանխարգելման համար նոր պրոբիոտիկ շտամների հատկությունների ուսումնասիրություն» ծրագրի շրջանակներում։ 

«Նարարգին»-ն արտադրված է համաձայն ՀՀ ՏՊ 39377614.8805-2021։

2022թ-ին «Նարարգին» կենսաբանորեն ակտիվ հավելումը պաշտոնապես գրանցվել է և ստացել պետական գրանցման վկայական՝ թիվ ԱՄ.01.01.01.003.R000016.01.22։ 

«Ներկայում տարվում են աշխատանքներ մարքեթինգի՝ «Նարարգին»-ի ներքին, ինչպես նաև արտաքին շուկայում իրացման ուղղությամբ։ Ձեռք են բերվել համագործակցության նախնական պայմանավորվածություններ Ռուսաստանի Դաշնությունում, Չեխիայի Հանրապետությունում «Նարարգին»-ի ներդրման ուղղությամբ»,- ասաց Ֆլորա Տխրունին։

Իրականացված հետազոտության վերաբերյալ գիտական հոդվածներ են տպագրվել բարձր հղման գործակից ունեցող գիտական հանդեսներում ՝

  1. Flora N. Tkhruni, Armen E. Aghajanyan, Tsovinar R. Balabekyan, Tatyana V. Khachatryan, Kristina J. Karapetyan. Characteristic of bacteriocins of Lactobacillus rhamnosus BTK 20-12 potential probiotic strain. Probiotics and Antimicrobial Proteins (PAAP, Probiotics & Antimicro. Prot. 2020, 12 (2) :716-724․ DOI: 10.1007/s12602-019-09569-y PMID: 31338788
  2. Kristina K., Avetis T., Ela M., Flora T., Tsovinar B. L-ARGININE SYNTHESIS BY LACTIC ACID BACTERIA. European Journal of Technical and Natural Sciences. 2022. №1-2. С. 3-11. URL: https://ppublishing.org/archive/publication/56-l-arginine-synthesis-by-lactic-acid-bacteria։

Ստացվել են հետևյալ արտոնագրերը՝

  1. Lactobacillus rhamnosus БТК 20-12 bacteria strain, producing Rhamn 20-12 BCN1 and Rhamn 20-12 BCN2 bacteriocins. Tkhruni F.N., A.S. Saghyan, Ts.R. Balabekyan, K.J. Karapetyan, T.V. Khachatryan, A.E. Aghajanyan. № 2924 А. 2015.
  2. The strain of Lactobacillus rhamnosus BTK 20-12 bacteria - arginine producer. Flora Tkhruni, Kristina Karapetyan, Ashot Saghyan, Tsovinar Balabekyan,Tatyana Khachatryan. № 3273. 2019.

Հետազոտությունն արժանացել է դրական գնահատականի գիտական հանրության շրջանում, այդ թվում՝ միջազգային: 

Գիտահետազոտական աշխատանքներում ներգրավված է եղել Պրոբիոտիկների կենսատեխնոլոգիայի լաբորատորիայի երիտասարդ գիտաշխատող, ԵՊՀ Ֆարմացիայի ինստիտուտի ուսանողուհի Աննա Գասպարյանը։

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
09.09.2022թ.