Գիտական արդյունքներ
24/01/2022
ՀՀ ԳԱԱ Մնջոյանի անվան նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտում սինթեզված քիմիական միացությունները ցուցաբերել են հակաբիոտիկ բարձր ակտիվություն

    ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի Մնջոյանի անվան նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտի թունաբանության և քիմիաթերապիայի լաբորատորիայում իրականացվել են ՕԴՔԳԿ-ում սինթեզված, տարբեր քիմիական խմբերին պատկանող 608 միացության առաջնային հետազոտություններ: Հետազոտվել են հակամանրէային՝ 426, հակաբորբոքային և ցավազրկող՝ 15, հակաօքսիդանտային՝ 40, հակաուռուցքային՝ 85 միացություններ, ինչպես նաև in vitro պայմաններում ուսումնասիրվել է 42 միացության ազդեցությունը ուռուցքային ԴՆԹ-ի մեթիլացման մակարդակի վրա: Հետազոտական աշխատանքները ղեկավարել է թունաբանության և քիմիաթերապիայի լաբորատորիայի ղեկավար, կենսաբանական գիտությունների թեկնածու Ռաֆայել Մուրադյանը:

    Ուսումնասիրված միացություններից ակտիվություն են ցուցաբերել դիազաադամանտանի հինգ ածանցյալներ, որոնք ենթարկվել են մանրէաբանական խորը ուսումնասիրության: Միացությունների in vitro հակամանրէային ազդեցության սպեկտրը ուսումնասիրվել է մի շարք գրամ-դրական և գրամ-բացասական աերոբ և անաէրոբ միկրոօրգանիզմների շտամների ընդլայնված հավաքածուի վրա: «Պարզվել է, որ դիազաադամանտանի ածանցյալները ցուցաբերում են հակաբակտերիալ ակտիվություն օգտագործված բոլոր շտամների նկատմամբ (մանրէների աճի արգելակման գոտին կազմել է 31-45 մմ)՝ գերազանցելով համեմատվող դոքսիցիկլին (27-29 մմ) և ֆուրազոլիդոն (24-25 մմ) դեղերին: Ընտրված 2 նյութերի in vivo թերապևտիկ ազդեցությունն ուսումնասիրվել է սպիտակ մկների գեներալիզացված ստաֆիլոկոկային և դիզենտերիային վարակի մոդելում՝ օգտագործելով Staphylococcus aureus 5 և Shigella Flexneri 6858 շտամներ», - ներկայացրեց Ռաֆայել Մուրադյանը: 

    Արդյունքում բացահայտվել է նկատելի առավելություն համեմատվող գործող դեղամիջոցների՝ դոքսոցիկլինի և ֆուրազոլիդոնի նկատմամբ: Հետազոտված և բացահայտված այդ միացությունները կարող են հետագայում կիրառություն ունենալ որպես նոր հակաբիոտիկ դեղեր: 

    Աշխատանքները, որոնցում  ներգրավված են եղել նաև երիտասարդ գիտնականներ, իրականացվել են բազային ֆինանսավորման շրջանակներում: 

    Հետազոտությունների արդյունքները տպագրվել են տեղական և արտասահմանյան հեղինակավոր պարբերականներում՝ «International Journal of Hygiene and Environmental Health», «Химико-фармацевтический журнал» https://doi.org/10.30906/0023-1134-2021-55-2-29-32, «Журнал органической химии», Russian Journal of Organic Chemistry https://doi.org/10.1007/s11094-018-1830-5, «Հայաստանի քիմիական  հանդես»:

24.01.2022 թ.
ՀՀ ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական ծառայություն