| ||||||||
ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Երկրաբանական գիտությունների ինստիտուտի գեոինֆորմատիկայի լաբորատորիան մշակում է Երկրի հեռազննման տվյալների և վեբ-ԱՏՀ (աշխարհագրական տեղեկատվական համակարգեր) գործիքների՝ մի շարք ոլորտներում կիրառության նոր մոդելներ: «Վերջին տարիներին լաբորատորիայի հետազոտական հիմնական ուղղությունն է Երկրի հեռազննման տվյալների և վեբ-ԱՏՀ գործիքների կիրառությունները ջրային ռեսուրսների քանակական ու որակական ցուցանիշների և դրանց փոփոխությունների գնահատման, բնական աղետների վտանգի և ռիսկի գնահատման և քարտեզագրման, կլիմայական փոփոխությունների վերլուծության համար։ Մշակվել են տարբեր հայեցակարգային բազմագործոն մոդելներ, որոնք թույլ են տալիս գնահատել ջրհավաք ավազանում ձյան շերտի բարձրության և ջրային օբյեկտների լցվածության միջև կապերը, հաշվարկել գետի կամայական կտրվածքում առավելագույն, նվազագույն և միջին հոսքի ծավալը, գնահատել և կանխատեսել սողանքների ակտիվացման, քարաթափումների, անտառային հրդեհների բռնկման և հեղեղումների վտանգները։ Բազմագործոն ասելով հասկանում ենք, որ դիտարկվում են բնական երևույթը կամ պրոցեսը ձևավորող և դրա վրա ազդող տարատեսակ պարամետրեր՝ ռելիեֆ, երկրաբանություն, կլիմայական պարամետրեր, մակերևութային և ստորերկրյա ջրեր, հողատեսքեր և հողօգտագործում, մարդածին ազդեցություններ և այլն։ Այսպիսի բազմագործոն վերլուծությունները հնարավոր են դառնում արբանյակային պատկերների, հիդրոօդերևութաբանական վերգետնյա մոնիթորինգի, դաշտային ուսումնասիրությունների տվյալների միջև կապերի հաստատմամբ և ԱՏՀ վերլուծական մոդելների նախագծմամբ ու կիրառմամբ», - բացատրում է ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի գեոինֆորմատիկայի լաբորատորիայի տնօրեն Ալեքսանդր Առաքելյանը։ Գեոինֆորմատիկայի լաբորատորիայում՝ Գերմանիայի Հելմհոլցի բնապահպանական հետազոտությունների կենտրոնի ու Դարմշտադտի տեխնիկական համալսարանի և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության «Գիտական առաջադեմ տեխնոլոգիաների օգտագործում և համագործակցություն հանուն ռեսուրսների համալիր պահպանության» (ԱՄՆ ՄԶԳ ԳԱՏՕ/USAID ASPIRED) ծրագրի հետ համագործակցությամբ, կատարվել է նաև Արարատյան արտեզյան ավազանի ստորերկրյա ջրերի ձևավորման հասակի և ծագման վերլուծություն։ Նոր հետազոտական մեթոդներով ստացված տվյալները վկայում են, որ Արարատյան ավազանի ստորերկրյա ջրերը ունեն խոցելիության բարձր մակարդակ մարդածին ազդեցությունների և կլիմայական փոփոխությունների նկատմամբ։ «Կիսաանապատային պայմաններում արտեզյան ավազանի ջրերի տարիներ շարունակ անխնա գերօգտագործումը, հատկապես ձկնաբուծական նպատակներով, հանգեցրել է ավազանում անշրջելի փոփոխությունների, ինչի արդյունքում բարձրարժեք ստորերկրյա ջրային պաշարների քանակական և որակական ցուցանիշների բարելավման համար կպահանջվեն տասնամյակներ։ Արարատյան ավազանի ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման ուղղությամբ անհետաձգելի միջոցառումների ձեռնարկումն ունի կենսական նշանակություն ամբողջ հանրապետության ջրային անվտանգության տեսակետից», - նշում է Ալեքսանդր Առաքելյանը։ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի գեոինֆորմատիկայի լաբորատորիայի աշխատակիցների՝ ջրային ռեսուրսների կառավարման, աղետների ռիսկի գնահատման և վաղ ազդարարման համակարգերի մշակման ուղղություններով տարբեր տարիներին կատարված աշխատանքների արդյունքները ներդրվել են կիրառության ՀՀ շրջակա միջավայրի և արտակարգ իրավիճակների նախարարություններում։ ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայություն |