Գիտական արդյունքներ
14/10/2024
Լույս է տեսել ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Լենսեր Աղալովյանի «Обобщенно-Ньютонова теория Всемирного тяготения и Черные Дыры» մենագրությունը

Լույս է տեսել ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Լենսեր Աղալովյանի «Обобщенно-Ньютонова теория Всемирного тяготения и Черные Дыры» («Համաշխարհային ձգողականության ընդհանրացված-նյուտոնյան տեսությունը և Սև Խոռոչները») մենագրությունը:

Գրքում ներկայացված է հեղինակի կողմից հայտնաբերված մարմինների միջև կենտրոնական փոխազդեցության նոր տեսակ, որից որպես մասնավոր դեպք հետևում է նյուտոնյանը: Ցույց է տրված, որ այդ, շատ ավելի ուժեղ դաշտում գտնվող մարմնի շարժման հետագիծը դարձյալ կարող է հանդիսանալ կոնական հատույթ՝ շրջանագիծ, էլիպս, պարաբոլ, հիպերբոլ, սակայն «փախչելու արագությունը» (երկրորդ կոսմիկական արագություն) շատ ավելի մեծ է, քան նյուտոնյանը: Կապ է հաստատված նոր տիպի կենտրոնական փոխազդեցության և «իրադարձությունների հորիզոնի» միջև, կոսմոլոգիայում Շվարցշիլդի հայտնի շառավղի և նյուտոնյան գրավիտացիոն շառավղի միջև:

«Ցույց է տրված, որ «Սև Խոռոչները» ենթարկվում են այդ նոր կենտրոնական փոխազդեցությանը: «Սև Խոռոչի» խտությունն էապես փոքր է նյուտոնյանից, իսկ ծավալը՝ հակառակը»,- ասաց ակադեմիկոս Աղալովյանը:
«Սև Խոռոչներն» այն գերզանգված ունեցող մարմիններն (գոյացություններն) են, որոնց ձգողականության դաշտը հնարավոր է հաղթահարել, եթե մասնիկն ունի լույսի արագություն: «Սև Խոռոչներն» անտեսանելի են և հաճախ նրանց անվանում են «մութ մարմիններ»: Նրանց կարելի է հայտնաբերել շրջապատի գոյացությունների վրա թողած ազդեցության շնորհիվ։ Նրանց շուրջը պտտվում են նաև աստղերը: Ըստ աստղագետների՝ յուրաքանչյուր համաստեղությունում առկա է առնվազն մեկ «Սև Խոռոչ»: 

Ըստ մենագրությունում ներկայացված արդյունքների` բոլոր «Սև Խոռոչները» կարող են դասակարգվել` համաձայն իրենց զանգվածի մեծության, Շվարցշիլդի շառավղի և գրավիտացիոն դաշտի ինտեսիվության ցուցիչի (նոր պարամետր, մտցված հեղինակի կողմից):

Կարևորագույն արդյունքները շարադրված են նաև անգլերեն:

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
14.10.2024թ․