Գիտական արդյունքներ
20/09/2024
ՀՀ ԳԱԱ Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտում ցույց է տրվել, որ ատոմային ռեզոնանսների հաճախության «կարմիր» շեղում է առաջացնում նաև ատոմ-ատոմ դիպոլ-դիպոլային փոխազդեցությունը

ՀՀ ԳԱԱ Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտում (ՖՀԻ) բարձր ջերմաստիճանային նանոբջիջների կիրառմամբ ցույց է տրվել, որ ատոմ-մակերևույթ վանդերվալսյան (ՎԴՎ) փոխազդեցությունից բացի ատոմային ռեզոնանսների հաճախության «կարմիր» շեղում է առաջացնում նաև ատոմ-ատոմ դիպոլ-դիպոլային (ԴԴ) փոխազդեցությունը։

«Այսպիսի հետազոտություններ կատարելու համար գրականության մեջ չկան այլ մեթոդների նկարագրություններ: Մեր կատարած աշխատանքը հնարավորություն է տալիս չափել ատոմ-դիէլեկտրիկ մակերևույթ փոխազդեցության վանդերվալսյան գործակցի արժեքը, ինչը լավ համընկնում է տեսական հաշվարկների հետ: Այս ինֆորմացիան կարևոր է ատոմական գոլորշիներ պարունակող սարքերի մինիատյուրիզացիայի համար: Այդ պատճառով աշխատանքն ունի ֆունդամենտալ մեծ  նշանակություն», - ասաց ինստիտուտի «Օպտիկայի և ատոմային սպեկտրասկոպիայի» լաբորատորիայի վարիչ Արմեն Սարգսյանը: 

Ըստ նրա՝ բարձր ջերմաստիճանային նանոմետրական հաստության բջջի օգտագործումը, որի հաստությունը փոփոխվում է 30-1000 նմ միջակայքում և որը պարունակում է ալկալի մետաղի (Rb, Cs) գոլորշիներ, թույլ է տալիս կատարել ատոմ-մակերևույթ վանդերվաալսյան փոխազդեցության երևույթի ուսումնասիրություններ: Ցույց է տրվել, որ ատոմական գոլորշիների խտության ավելացումն առաջացնում է լրացուցիչ մեծ հաճախային «կարմիր» շեղում: Այս շեղումն առաջանում է դիպոլ-դիպոլային փոխազդեցության շնորհիվ։ 

«Competing van der Waals and dipole-dipole interactions in optical nanocells at thicknesses below 100 nm» գիտական աշխատանքի արդյունքները տպագրվել են  «Physics Letters A»  գիտական ամսագրում։ «Այս աշխատանքն արդեն ունի հղումներ արտասահմանյան գիտնականների խմբի կողմից»,- ասաց Արմեն Սարգսյանը:

Աշխատանքն իրականացվել է բազային N1-6/23-I/IPR ծրագրի շրջանակում` Բուրգունդիայի համալսարանի (Դիժոն, Ֆրանսիա) գիտնականներ Ռոդոլֆ Մոմյեյի և Կլոդ Լեռուայի հետ համատեղ:

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
20․09․2024թ․