Գիտական արդյունքներ
01/08/2024
«Springer» հրատարակչությունում լույս է տեսել ՀՀ ԳԱԱ Մեխանիկայի ինստիտուտի գիտաշխատողների հեղինակած «Մագնիսապես ակտիվ սալերի և թաղանթների մագնիսաառաձգական տատանումներն ու կայունությունը» մենագրությունը

2024թ․ հունիսին «Springer» հրատարակչությունում լույս է տեսել ՀՀ ԳԱԱ Մեխանիկայի ինստիտուտի գիտաշխատողներ ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Գևորգ Բաղդասարյանի, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Մարինե Միկիլյանի «Մագնիսապես ակտիվ սալերի և թաղանթների մագնիսաառաձգական տատանումներն ու կայունությունը» մենագրությունը։ Այն առաջարկում է մագնիսաառաձգականության ոչ ստացիոնար խնդիրների մաթեմատիկական մոդելավորման նոր մեթոդներ, բացահայտում է էլեկտրամագնիսական և մեխանիկական երևույթների փոխազդեցության ֆիզիկան՝ մագնիսապես ակտիվ առաձգական բարակապատ մարմիններում, ներառում է ֆլատերի երևույթի նոր արդյունքներ։

Ներկայացնելով մենագրությունը՝ Մարինե Միկիլյանը նշեց, որ առաջին գլխում ներկայացված են հոծ միջավայրի մեխանիկայի և քվազաստատիկ էլեկտրադինամիկայի հիմնական ոչ գծային հավասարումների և առնչությունների հիման վրա ստացված մագնիսաառաձգականության հիմնական հավասարումների, մակերևութային պայմանների միացյալ համակարգերը։ Դրանք նկարագրում են գրգռումների վարքն արտաքին մագնիսական դաշտերի հետ փոխազդող մագնիսապես ակտիվ մարմիններում: 

Արտածված հավասարումների համակարգերի հիման վրա 2-րդ և 3-րդ գլուխներում դուրս են բերված մագնիսապես փափուկ, բարակ սալերի ու թաղանթների մագնիսաառաձգական տատանումների և կայունության հավասարումները:  

Կոնկրետ կիրառական խնդիրների լուծմամբ բացահայտվել են մի շարք որակական և քանակական արդյունքներ, որոնք ֆերոմագնիսական բարակ մարմիններում մեխանիկական և մագնիսական երևույթների փոխազդեցության արդյունք են։ Արտածվել է մոտավոր բանաձև՝ մագնիսական դաշտի առկայության դեպքում իդեալական հաղորդիչ գազի գերձայնային հոսանքով շրջհոսվող սալի տատանվող մակերեսների վրա մագնիսահիդրոդինամիկական ճնշումը որոշելու համար։ «Այս բանաձևը, որը ստացվել է մագնիսագազադինամիկական շրջհոսման դեպքում, գիտական գրականության մեջ հայտնի գազային դինամիկայի դասական մխոցային տեսության բանաձևի ընդհանրացումն է։ Դրա հիման վրա հնարավոր է դարձել լուծել աէրոմագնիսական առաձգականության բարդ խնդիրներ»,- ասաց Մարինե Միկիլյանը։

Մենագրության 4-րդ և 5-րդ գլուխներում ուսումնասիրվում են մագնիսաառաձգական պրոցեսները ստացիոնար և ոչ ստացիոնար մագնիսական դաշտերում գտնվող գերհաղորդիչ բարակ թաղանթներում: Արտածվել են տրված մագնիսական դաշտի ազդեցության տակ գտնվող գերհաղորդիչ գլանաձև և գնդաձև թաղանթների տատանումները և կայունությունը բնութագրող երկչափ հավասարումները և համապատասխան պայմանները։ 

«Լուծելով կոնկրետ խնդիրներ՝ բացահայտվել է արտաքին մագնիսական դաշտի ազդեցության տակ բարակ գերհաղորդիչ մարմինների և՛ ստատիկական, և՛ դինամիկական կայունության կորստի հնարավորությունը»,- նշեց Մարինե Միկիլյանը։

6-րդ գլուխը նվիրված է տարբեր կողմնորոշման մագնիսական դաշտերում (ստացիոնար և ոչ ստացիոնար) մագնիսական հատկություններ ունեցող բարակ սալերի դինամիկայի մաթեմատիկական մոդելավորմանը և ուսումնասիրությանը: Դիտարկվող բարդ ֆիզիկամեխանիկական հատկություններով նյութերից պատրաստված սալերում մագնիսաառաձգական փոխազդեցությունների ուսումնասիրման համար օգտագործվել են դասական տեսությունների և մեթոդների հիմնական դրույթները: Ուսումնասիրվել է նաև սալերի համասեռության ազդեցությունը դիտարկվող պրոցեսների վրա: Ուսումնասիրվել են նաև դինամիկական պրոցեսները շերտավոր սալերում։ «Ցույց է տրվել, որ ուսումնասիրված դինամիկական պրոցեսների, հատկապես փոխազդեցության արդյունքում առաջացողների օպտիմալ կառավարման համար անհամասեռությունը բավարար է»,- նշեց Մարինե Միկիլյանը։

Վերջին 7-րդ գլուխը նվիրված է մագնիսական դաշտի առկայությամբ և իդեալական հաղորդիչ գազի գերձայնային հոսքում գտնվող դիէլեկտրիկ բարակ սալերի կայունության ուսումնասիրությանը: Խնդիրներն ուսումնասիրվել են ինչպես գծային, այնպես էլ ոչ գծային ձևակերպումներով։ Հեղինակների կողմից ստացված բանաձևի հիման վրա լուծվել են կայունության կոնկրետ խնդիրներ։ Ուսումնասիրված է մագնիսական դաշտի ազդեցությունը տատանումների բնութագրերի վրա: 

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
01.08.2024թ.