Գիտական արդյունքներ
19/07/2024
ՀՀ ԳԱԱ Գ․ Ս․ Դավթյանի անվան հիդրոպոնիկայի պրոբլեմների ինստիտուտում ուսումնասիրվել է ՀԱԷԿ-ի ազդեցության 30 կմ շառավղով գոտում բուսահումքի գումարային ß-ռադիոակտիվությունը

ՀՀ ԳԱԱ Գ․Ս․Դավթյանի անվան Հիդրոպոնիկայի պրոբլեմների ինստիտուտի (ՀՊԻ) գիտաշխատողները պարզել են, որ Արարատյան դաշտում` ՀՊԻ-ի տարածքում, հիդրոպոնիկայում ու հողում մշակված մի շարք բանջարաբույսերի ու դեղաբույսերի բուսահումքը ռադիոանվտանգ է։ Բուսահումքի գումարային β-ռադիոակտիվությունը համապատասխանում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից սահմանված նորմին: Գիտափորձերը կատարվել են ՀՊԻ-ում, որը գտնվում է ՀԱԷԿ-ի ազդեցության 30 կմ շառավղով գոտում։

Ցանկացած ատոմային էլեկտրակայանի շահագործման ընթացքում էլեկտրաէներգիայի արտադրության գործընթացում ռեակտորներում առաջանում են մոտ 300 տարբեր բնական և արհեստական ռադիոակտիվ տարրեր: Դրանք կարող են թափանցել կենսոլորտ և մի քանի տասնյակ կմ շառավղով տարածվել ԱԷԿ-ների շուրջը: Գյուղատնտեսության մեջ ռադիոտարրերը ոռոգման ջրերի, հողի միջոցով տեղաշարժվում և կուտակվում են մշակաբույսերի մեջ:

Աշվագանդա դեղ.

«Մեր ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ՀՊԻ-ի տարածքում հիդրոպոնիկայում ու հողում մշակված ներմուծված մի շարք բանջարաբույսերի՝ կծու պղպեղի, սիսեռի, ոսպի ու դեղաբույսերի՝ աշվագանդայի, նրբածաղիկ ռեհանի, դեղատու հազրեվարդի բուսահումքը ռադիոանվտանգ է և բուսահումքի ռադիոակտիվության մակարդակը համապատասխանում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության  կողմից սահմանված նորմին»,- ասաց ՀՊԻ-ի առաջատար գիտաշխատող Լաուրա Ղալաչյանը։

Ռեհան նրբածաղիկ

Նա նշեց, որ բազմամյա ուսումնասիրությունների հիման վրա մշակվել են բույսերի համար ռադիոպաշտպանական առաջարկներ: «Դրանց կիրառումը հիդրոպոնիկայում և ագրոհամակեցություններում հնարավորություն կտա ստանալու առավել ռադիոանվտանգ գյուղատնտեսական մթերքներ, դեղահումք և միաժամանակ  կունենա բնապահպանական  նշանակություն»,- ասաց Լաուրա Ղալաչյանը:

Սիսեռ

Հետազոտությունն իրականացվել է «Բուսահումքի գումարային ß-ռադիոակտիվությունն Արարատյան դաշտի բացօթյա հիդրոպոնիկ և հողային մշակության պայմաններում» բազային ծրագրի շրջանակներում: Հետազոտության հիմնական արդյունքների մասին հոդվածը պետք է տպագրվի «Functional Foods in Health and Disease» գիտական հանդեսում:

Կծու տաքդեղ և խավրծիլ

Հոդվածի համահեղինակներն են Լաուրա Ղալաչյանը, Ստեփան Մայրապետյանը, Աննա Թադևոսյանը, Լուսյա Հովհաննիսյանը, Անուշ Վարդանյանը, Խաչատուր Մայրապետյանը, Մահսա Դարյադարը, Ռուբեն Սիսեռյանը, Անահիտ Թովմասյանը, Անժելիկա Ստեփանյանը, Սիլվա Էլոյանը, Աննա Եղիազարյանը, Արմենուհի Ասատրյանը, Անահիտ Հակոբջանյանը։

Լուսանկարներ