Գիտական արդյունքներ
10/07/2024
ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի կենտրոնի գիտաշխատողները մակաբույծի նոր տեսակ են հայտնաբերել Վայոց ձորում աճեցվող կարմրախայտի օրգանիզմում

ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի կենտրոնի գիտաշխատողները ՀՀ Վայոց ձորի մարզի ձկնաբուծարաններում արհեստականորեն աճեցվող կարմրախայտի օրգանիզմում առաջին անգամ հայտնաբերել են մակաբույծի նոր տեսակ։

Bunodera luciopercae Mueller տափակ որդը մակաբույծի նոր տեսակ է Հայաստանի ձկների մակաբույծների ֆաունայում, որը մինչ այդ չի արձանագրվել ոչ մի հետազոտողի կողմից: Հայտնաբերված մակաբույծը կենսաբազմազանության կարևոր բաղկացուցիչ է: Bunodera luciopercae տեղակայվում է գիշատիչ ձկների աղիներում և, որպես կանոն, չի թողնում որևէ արտահայտված ախտածին ազդեցություն, սակայն, ուժեղ վարակվածության կամ միաժամանակ մի քանի մակաբույծներով վարակվածույթան դեպքում, ինչպես նաև երկրորդային վարակներով բարդացած վիճակների դեպքում կարող է զգալիորեն ազդել աճեցվող ձկնարտադրանքի քանակական և որակական ցուցանիշների վրա և պատճառել զգալի տնտեսական վնասներ։

Ըստ ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի Մոլեկուլային մակաբուծաբանության լաբորատորիայի գիտաշխատող Օլեգ Շչերբակովի՝ նոր ապրելավայրերում այս մակաբույծն ավելի հեշտ է ախտահարում նոր տերերին, մասնավորապես, վայրի, ինչպես նաև ակվակուլտուրայում աճեցվող սաղմոնազգի ձկնատեսակների:

Հետազոտությունն իրականացվել է «Հայաստանի հատուկ պահպանվող տարածքների և Սևանա լճի ավազանի ֆաունայի կենսաբազմազանության ուսումնասիրություն» բազային ծրագրի շրջանակներում երիտասարդ հետազոտողների ակտիվ ներգարվվմամբ։

Արդյունքները ներկայացված են տպագրության Իրաքի բնական պատմության թանգարանի հանդեսում (Bulletin of Iraq Museum of Natural History, SCOPUS Q3)՝ «Oleg Valery Shcherbakov, Jon Aspurak Mkrtchyan, Sargis Aghasi Aghayan, Hasmik Shavarsh Gevorgyan, Valeri Volodya Grigoryan, Anush Rafik Hakobyan, and Liana Hayk Grigoryan PRELIMINARY PARASITOLOGICAL INVESTIGATION OF BROWN TROUT UNVEILS PARASITE SPECIES NOVEL FOR ARMENIA»։

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
10.07.2024թ․