| ||||||||
Պատմաբան Ստյոպա Պետոյանը և արվեստաբան Շողակաթ Դևրիկյանը ճանաչվել են «Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի» շրջանակում իրականացվող «Հասարակական, հայագիտական և հումանիտար ոլորտներում հետազոտությունների մրցույթի» շահառուներ։ Ծրագրի շրջանակում նրանք ներկայացրել են «Եվրոպայում տպված Գրիգոր Լուսավորչին ներկայացնող փորագրանկարները՝ որպես Եվրոպայի և Հայաստանի միջև մշակութային երկխոսության վկաներ» (Engravings of Saint Gregory the Illuminator Printed in Europe: Witnesses to the Cultural Dialogue Between Armenia and the West) թեման։ Ուսումնասիրությունը նախատեսվում է իրականացնել միջգիտակարգային հետազոտության մեթոդաբանությամբ՝ պատմագիտության, արվեստաբանության և բանասիրության սահմաններում։ Աշխատանքը թույլ կտա գտնել, ուսումնասիրել և գիտական շրջանառության մեջ դնել նոր փորագրանկարներ, որոնք կարող են լույս սփռել հայերի՝ միջնադարյան Եվրոպայում ունեցած հեղինակության, Կաթոլիկ և Հայ առաքելական եկեղեցիների դավանաբանական խնդիրների և միմյանց նկատմամբ ունեցած սպասելիքների և հավակնությունների վրա։ «Հայոց առաջին հայրապետին պատկերող փորագրանկարները ներկայացնում են ոչ միայն կրոնական ու աշխարհիկ թեմաներ, այլև արտացոլում են տպագրության կենտրոնների միջև կապերը, եվրոպական և արևելյան գեղարվեստական ազդեցությունները, ինչպես նաև՝ պատվիրատուների պահանջներն ու ճաշակը։ Նպատակ ունենք նաև փորագրանկարների գեղարվեստական վերլուծություն կատարել՝ բացահայտելով, թե ինչպես են եվրոպացի և հայ վարպետները պատմական և քաղաքական տարբեր հարցեր փոխանցել արվեստի լեզվով»,- ասում է Շողակաթ Դևրիկյանը։ «Գրիգոր Լուսավորչին ներկայացնող Եվրոպայում տպված այդ մեկէջյա պատկերները հետաքրքրական դրվագներ են ներկայացնում միջնադարյան Հայաստանի պատմության ուսումնասիրման համար։ Դրանք հայերեն արձանագրություններին զուգահեռ ունեին նաև լատիներեն, գերմաներեն, իտալերեն մակագրություններ։ Պատկերին զուգահեռ օտար դիտողի համար եվրոպական լեզուներով լուսաբանվել են հայ ժողովրդի դարերի խորքից եկող պատմության նշանակալի դրվագները»,- նշում է Ստյոպա Պետոյանը։ Հետազոտության իրականացման նպատակով երիտասարդ գիտնականներն այցելելու են Երուսաղեմի Հայոց պատրիարքություն և աշխատելու են Գալուստ Գյուլբենկյան գրադարան-մատենադարանում։ Պատրիարքության հարուստ հավաքածուներում պահվում են բազում հնատիպ գրքեր, վավերագրեր, մեկէջյա պատկերներ, ձեռագրեր, սրբանկարներ և ծիսական առարկաներ, որոնց ուսումնասիրումը կարող է բացահայտել հետազոտվող հարցի ուսումնասիրման նոր ուղիներ և տալ առկա հարցերի պատասխաններ։ «Մեր նպատակն է պատմահամեմատական մեթոդով և արվեստաբանական վերլուծությամբ վեր հանել Գրիգոր Լուսավորչին պատկերող մեզ հայտնի մեկէջյա առանձին փորագրանկարների պատկերագրական և գեղարվեստական փոփոխությունների դրդապատճառները և ներկայացնել, թե տպագիր այդ պատկերներն ինչպես են ազդել արվեստի այլ գործերի ստեղծման և գեղարվեստական հարդարանքի վրա։ Նմանօրինակ ուսումնասիրություններն օգնում են ավելի խորապես հասկանալ, թե ինչպես են արվեստն ու կրոնը «օգտագործվել» որպես տարբեր ժողովուրդների միջև մշակութային և քաղաքական հաղորդակցման միջոց»,- ասում է Շողակաթ Դևրիկյանը։ «Շատ կարևոր ենք համարում այն հանգամանքը, որ այս թեման կարող է դառնալ հետազոտական նոր ծրագրի սկիզբ, որով հնարավոր կլինի ի մի բերել հայկական տպագրության աշխարհիկ և հոգևոր տարատեսակ թեմաներով մեկէջյա պատկերները»,- նշում է Ստյոպա Պետոյանը։ Ստյոպա Պետոյանը պատմական գիտությունների թեկնածու է, աշխատում է ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի Հայ պարբերական մամուլի և հասարակական մտքի պատմության բաժնում։ Շողակաթ Դևրիկյանը ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի Կերպարվեստի բաժնի ասպիրանտ է և կրտսեր գիտաշխատող։ Նաև աշխատում է Մաշտոցյան Մատենադարանի Միջնադարյան արվեստի ուսումնասիրման բաժնում։ Շողակաթի թեկնածուական աշխատանքը նվիրված է հենց Սուրբ Գրիգոր Լուսավորչի կերպարի՝ հայկական և եվրոպական արվեստում դրսևորումներին։ |