Երիտասարդ գիտնականի ամբիոն
Սյուզաննա Եսոյան

«Գիտական հոդվածների տպագրության համար երիտասարդ գիտնականներին խրախուսման» մրցույթի շահառու

ԵՊՀ կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտի գիտաշխատող Սյուզաննա Եսոյանի և գործընկերների համատեղ հետազոտության արդյունքները կարող են նպաստել գինու հնեցման գործընթացի լավարկմանը։ Սյուզաննա Եսոյանի և Ֆրանսիայի, Գերմանիայի ու Հայաստանի 10 գիտնականների հետ համահեղինակությամբ ստացված գիտական արդյունքներն ամփոփվել են «Interaction between Armenian clay-based ceramics and model wine during storage» (Հայկական կավից պատրաստված կերամիկայի և մոդելային գինու փոխազդեցությունը հնեցման ընթացքում) հոդվածում, որը տպագրվել է «Oeno One» ամսագրում։ Ամսագիրը հրատարակվում է Խաղողագործության և գինեգործության միջազգային ընկերության (IVES) կողմից:

Այս աշխատանքով Սյուզաննա Եսոյանը ճանաչվել է «Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի» շրջանակներում իրականացվող «Գիտական հոդվածների տպագրության համար երիտասարդ գիտնականներին խրախուսման» մրցույթի շահառու՝ «Scimago Journal & Country Ranking (SJR)»-ում ամսագրերի դասակարգման ավելի բարձր քառորդում առաջին անգամ հոդվածի տպագրության համար։

 

«Կարասներում գինու արտադրության օրեցօր աճող միտումը վկայում է այն մասին, որ շատ արդիական է ուսումնասիրել, թե ինչ է տեղի ունենում կարասում գինու հնեցման ընթացքում և հատկապես դրա տարբեր փուլերում», - ասաց Սյուզաննա Եսոյանը։

«Առաջին անգամ միջուկային մագնիսական ռելաքսոմետրիայի (NMR relaxometry) մեթոդով ուսումնասիրվել է մետաղների միգրացիան կերամիկայից դեպի մոդելային գինի: Մեթոդը հնարավորություն է տալիս in-situ (տեղում) պայմաններում տեսնել, թե ժամանակի ընթացքում ինչպիսի էվոլյուցիա է ապրում այս կամ այն տարրի բաղադրությունը։ Մոդելային գինին ազդում է կերամիկայի վրա՝ տարրալուծելով այն, նպաստելով տարրերի միգրացիային դեպի մոդելային գինի, ինչն էլ իր հերթին հանգեցնում է վերջինիս թթվահիմնային ցուցիչի (pH) բարձրացմանը», - ներկայացրեց Սյուզաննա Եսոյանը։ 

Մոդելային գինին կազմված է գինեթթվից, էթանոլից և գերմաքուր ջրից։ Գինու օրգանական բաղադրիչներ չի պարունակում։

«Աշխատանքը կարևոր է ավանդական գինեգործությամբ զբաղվողների համար, քանի որ այդ ոլորտում առկա խնդիրներից գոնե երկուսը մշտապես հուզում են գինեգործներին։ Դրանցից մեկը գինեքարի առաջացումն է, որն իրենից ներկայացնում է գինեթթվի և երկաթի համալիր միացություն, իսկ երկրորդը՝ պղտորությունը՝ կալցիումի բաղադրությամբ պայմանավորված, որն առավել նկատելի է սպիտակ գինիների դեպքում։ Կարողանալով հետևել բաղադրության փոփոխությանը՝ ժամանակի ընթացքում նրանք կկարողանան կարասների մեջ հնեցման ժամկետների հետ կապված համապատասխան մոտեցում ցուցաբերել, ինչպես նաև ուշադրություն դարձնել սկզբնանյութին՝ կավի հանքաբանական կազմությանը, որից պատրաստվում է կերամիկան», - ասաց երիտասարդ գիտնականը։

Այս աշխատանքը Սյուզաննա Եսոյանը համարում է իր ամենակարևոր գիտական արդյունքը․ «Մի կողմից այն ինձ հնարավորություն տվեց աշխատել Ֆրանսիայի առաջատար լաբորատորիաներից մեկում՝ Ագրո Դիժոնի ինստիտուտում, ձեռք բերել նոր գիտելիքներ ու հմտություններ, մյուս կողմից հետազոտության արդյունքները կարող են կիրառվել Հայաստանում ավանդական գինեգործության զարգացման մեջ, ինչը նույնքան արժեքավոր է ինձ համար»։

Սյուզաննան ծնունդով Ջավախքից է։ 2005 թվականին դպրոցն ավարտելուց հետո տեղափոխվել է Երևան, սովորել, հետագայում նաև աշխատել ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետում։ 2019 թվականին մեկնել է Ֆրանսիա, աշխատել Դիժոնի Ագորինստիտուտում, իսկ 2022 թվականին Բուրգոնի Ֆրանշ-Կոմտե համալսարանում պաշտպանել է թեկնածուական թեզ (PhD) ագրոպարենային կենսատեխնոլոգիաների ոլորտում և ստացել կենսաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։

Նա 10 հոդվածի և 4 թեզիսի հեղինակ է։ Հոդվածներից 3-ն ընդգրկված են «Scopus» գիտատեղեկատվական շտեմարանի ամսագրերում: Գիտական հետաքրքրություններն են գինու կենսաքիմիան, սննդի և գինու կենսատեխնոլոգիան, կենսաբազմազանության ուսումնասիրությունը և պահպանությունը, հյուսվածքայի կուլտուրաները և միկրոկլոնալ բազմացումը, սպեկտրասկոպիան և միկրոսկոպիան։ Սյուզաննան նաև դասավանդում է ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի Էկոլոգիայի և բնության պահպանության ամբիոնում և Մխիթարյան ճեմարանում։

Մասնագիտությունն ընտրելու մասին ասում է․ «Միշտ հետաքրքիր է այն ամենը, ինչ տեղի է ունենում մեզ հետ և մեր շուրջը։ Մենք ամեն օր, անկախ մեր կամքից, առնչվում են հարցերի, որոնք անմիջապես կապված են կենսաբանության հետ։ Ահա այդ հարցերի պատասխանները գտնելու ցանկությունն էլ նպաստեց կողմնորոշվելու մասնագիտության հարցում»։ Ամենաշատն իր աշխատանքում Սյուզաննան սիրում է ամեն օր նոր բան սովորելու, նորը բացահայտելու հնարավորությունը։ 

Գիտության ոլորտում ամենամեծ խնդիրը, ըստ նրա, տարբեր ինստիտուտների և արտադրությունների միջև ոչ բավարար համագործակցությունն է։ «Այսօր անհնար է առանց միջոլորտային համագործակցության ապահովել բարձր որակի աշխատանք։ Մոտիվացիայի պակաս նույնպես կա, ինչը հետևանք է գիտության թերարժևորման։ Ֆինանսական խնդիրներ էլ կան, չնայած, որ անհամեմատ ավելացել են պետության կողմից հայտարարվող մրցույթները։ Բայց նշեմ, որ գիտությամբ արդյունավետ զբաղվելու համար առաջնահերթ պետք է ցանկություն և հնարամտություն՝ հաղթահարելու խոչընդոտները»։

Գիտության զարգացման համար կարևոր են գիտական նախաձեռնությունները: «Հայաստանում գիտությունն ու դրա դերն անհրաժեշտ խորությամբ ընկալված չեն։ Գիտնականի դերը պետության կայացման գործում հասկանալի չէ բոլորին։ Ուստի ցանկացած հարթակ, որը կնպաստի գիտության զարգացմանը, պետք է օգտագործել, հնարավորինս շատ խոսել գիտության դերակատարությունից։ «Գիտուժը» այդ քիչ հարթակներից է», - ասաց Սյուզաննա Եսոյանը և նշեց, որ գիտության զարգացման ևս մեկ խթան կարող է լինել հետթեկնածուական կարգավիճակի (PostDoc) համակարգը։ 

Մոնիկա Երիցյան