Երիտասարդ գիտնականի ամբիոն
Արեգ Հունանյան

ԵԳԱԾ-ի «Գիտական հոդվածների տպագրության համար երիտասարդ գիտնականներին խրախուսման» և «Գիտական լիցենզավորված ծրագրային փաթեթների գնման» մրցույթների շահառու

Երևանի պետական համալսարանի Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտի Հաշվարկային նյութագիտության լաբորատորիայի գիտաշխատող, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու Արեգ Հունանյանը ճանաչվել է «Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի» շրջանակներում իրականացվող երկու մրցույթի շահառու։

Առաջին՝ «Գիտական հոդվածների տպագրության համար երիտասարդ գիտնականներին խրախուսման մրցույթում», Արեգ Հունանյանը շահառու է ճանաչվել «Scimago Journal & Country Ranking (SJR)»-ում ամսագրերի դասակարգման ավելի բարձր քառորդում առաջին անգամ տպագրության համար: Նա ներկայացրել է «Computational Search and Stability Analysis of Two-Dimensional Tin Oxides» («Երկչափ անագի օքսիդների հաշվարկային որոնումը և կայունության ուսումնասիրությունը») հոդվածը, որը տպագրվել է «The Journal of Physical Chemistry C» ամսագրում։ Հոդվածի համահեղինակներն են ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու Հայկ Զաքարյանը և ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր Վլադիմիր Հարությունյանը։

Ո՞րն է Ձեր աշխատանքի նորույթը և կարևորությունը:

- Կանխատեսվել է նոր կայուն նյութ՝ երկչափ Sn2O3-ը (անագի օքսիդ)։ Էվոլյուցիոն ալգորիթմի միջոցով կատարվել է հաշվարկային որոնում երկչափ անագի օքսիդների համակարգում, որից հետո կանխատեսված նյութերի համար կատարվել է արտաքին տարբեր պայմանների դեպքում կայունության ուսումնասիրություն։ Արդյունքում նշված համակարգում ստացվել են կայուն՝ SnO, Sn3O4, Sn2O3 և SnO2 նյութերը և մետակայուն Sn3O5-ը։ Այս նյութերից Sn2O3-ը և մետակայուն Sn3O5-ը նախկինում նշված չեն եղել գրականության մեջ։ 

Ուսումնասիրվել է նյութի կիրառական նշանակությունը և ստացվել, որ Sn2O3-ը կարող է կիրառվել որպես ջրածնի պերօքսիդի գազային սենսոր։ Այդպիսի սենսորները մեծ նշանակություն ունեն, քանի որ բարձր կոնցենտրացիաների դեպքում ջրածնի պերօքսիդը վտանգ է ներկայացնում կենդանի օրգանիզմների համար, և միջավայրում այդ գազի քանակի ճշգրիտ գրանցումը կարևոր խնդիր է։ Տեսականորեն ուսումնասիրվել է նաև տարբեր տակդիրների (այն նյութերի, որոնց վրա հնարավոր է աճեցնել նյութը) հետ փոխազդեցությունը, ինչի արդյունքում ստացվել է, որ Sn2O3 աճեցման համար կարող է օգտագործվել հեքսագոնալ բորի նիտրիդը։ 

Այս և նմանատիպ աշխատանքները հնարավորություն են տալիս տեսականորեն կանխագուշակել նոր նյութեր և կատարել ֆիզիկական տարաբնույթ գործընթացների տեսական ուսումնասիրություններ, ինչը փորձարարական հետազոտությունների համար մեծ դժվարություն է ներկայացնում։

Արեգ Հունանյանը ճանաչվել է նաև «Գիտական լիցենզավորված ծրագրային փաթեթների (software package) գնման մրցույթի» շահառու։ Գիտական խումբը մրցույթին դիմել է VASP (Vienna Ab-initio Simulation Package) ծրագրային փաթեթի թարմացման համար։ VASP-ն առաջնային սկզբունքներով (ab-initio) քվանտային մեխանիկայի հաշվարկներ իրականացնելու համար նախատեսված փաթեթ է:

Ի՞նչ աշխատանք եք նախատեսում իրականացնել և ովքե՞ր են մասնակցելու այդ աշխատանքներին։

- VASP-ը նյութերի հատկությունները հաշվարկելու համար օգտագործվող ծրագրային գործիքներից ամենաարագն ու ամենաճշգրիտն է։ Այն հնարավորություն է տալիս առաջնային սկզբունքներով ուսումնասիրել այնպիսի առանցքային հատկություններ, ինչպիսիք են գոտիական կառուցվածքը, իոնային հաղորդականությունը և այլն։ VASP ծրագրային փաթեթից օգտվելու հնարավորություն կունենա 6 մասնագետ, բոլորը՝ նյութագիտության ոլորտից։ Աշխատանքներն իրականացվում են Երևանի պետական համալսարանի Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտի Հաշվարկային նյութագիտության լաբորատորիայում։ 

Ի՞նչ արդյունք եք ակնկալում ստանալ և ո՞րն է լինելու դրա կարևորությունը։

- Այժմ լաբորատորիայում իրականացվում են պինդ մարմնային էլեկտրոլիտների հաշվարկային որոնման և հատկությունների ուսումնասիրման հետազոտություններ։ Պինդ մարմնային էլեկտրոլիտների հետ կապված մեր հետազոտություններում VASP-ի նոր տարբերակների կիրառման արդյունքում կկարողանանք իրականացնել նոր նյութերի արագացված որոնում։ Նաև հնարավոր կլինի ավելի ճշգրիտ և արագ հաշվարկել իոնային հաղորդականությունը և այլ հատկություններ։

Ի՞նչ նշանակություն ունեն նմանատիպ մրցույթները երիտասարդ գիտնականների համար: 

- Դրանք ոգեշնչող են։ Դրամաշնորհներ և մրցանակներ շահելը բարձրացնում է վստահությունը, երիտասարդ գիտնականներին հնարավորություն տալիս իրականացնել իրենց հետազոտական ծրագրերը: 

Ինչպե՞ս ընտրեցիք Ձեր մասնագիտությունը, որքանո՞վ է այն արդիական 21-րդ դարում։

- Հաշվարկային նյութագիտությունն ընտրեցի ոլորտի ուշագրավության պատճառով։ Համակարգչային սիմուլյացիաների միջոցով նյութերի հատկությունները հաշվարկելը և նոր նյութերի հայտնաբերումը հնարավորություն է տալիս նորովի հասկանալ և զարգացնել նյութագիտության ոլորտը: Այս ոլորտը հիանալի կերպով համընկնում է գիտության և տեխնիկայի հանդեպ իմ հետաքրքրվածության հետ: Ներկայում ունեմ «Scopus» միջազգային գիտատեղեկատվական շտեմարանի ամսագրերում ընդգրկված 4 հոդված, որոնցից 3-ը՝ «Journal of Contemporary Physics (Armenian Academy of Sciences)»-ում, 1-ը՝ ամերիկյան «The Journal of Physical Chemistry C»-ում։

Ձեր ստացած ո՞ր գիտական արդյունքն եք համարում ամենակարևորը և ինչո՞ւ:

- Ձեռք բերած կարևոր գիտական արդյունքներից մեկը ջրածնի պերօքսիդի (H2O2) գրանցման համար նոր երկչափ նյութի հայտնաբերումն է: Նյութը H2O2-ի հայտնաբերման համար ունի բարձր զգայունություն ու ընտրողունակություն: Այս բացահայտումը կարող է զգալի նշանակություն ունենալ տարբեր ոլորտներում՝ դրա հնարավոր կիրառության շնորհիվ:

Ի՞նչ դժվարությունների հետ է բախվում երիտասարդ գիտնականը Հայաստանում:

- Երիտասարդ գիտնականները բախվում են մի շարք մարտահրավերների հետ, այդ թվում՝ սահմանափակ ֆինանսավորման, ռեսուրսների և առաջադեմ տեխնոլոգիաների սակավության, միջազգային համագործակցությունների ձևավորման դժվարության, հնացած հետազոտական ենթակառուցվածքի, բյուրոկրատական բարդությունների հետ։ Այս խնդիրների լուծման համար անհրաժեշտ է իրականացնել մի շարք ծրագրեր և միջոցառումներ․ պետական ֆինանսավորման ավելացում, միջազգային համագործակցություն, մրցունակ աշխատավարձ։ Բյուրոկրատական խոչընդոտների վերացումը ևս կարևոր խնդիր եմ համարում։ Այս խնդիրների լուծումը կարող է ստեղծել առողջ գիտական միջավայր, որտեղ երիտասարդ գիտնականները կարող են զարգանալ և էականորեն նպաստել Հայաստանի զարգացմանը:

Ինչպե՞ս եք գնահատում պետության աջակցությունը երիտասարդ գիտնականներին:

- Պետության աջակցությունը երիտասարդ գիտնականներին Հայաստանում առաջընթաց է արձանագրել, սակայն շարունակում է առերեսվել մարտահրավերների: Թեև ջանքեր են գործադրվել հետազոտական ծրագրերի ֆինանսավորման մեխանիզմների ստեղծման ուղղությամբ, դեռ կա բարելավման անհրաժեշտություն: Պետության կողմից խնդիրների լուծումը կարող է ստեղծել այնպիսի միջավայր, որը խրախուսում է նորարարությունը և տաղանդների պահպանումը: 

Բացի մասնագիտականից, ի՞նչ հմտություններ կարող են մրցակցային առավելություն տալ Ձեր ոլորտում

- Ոլորտը բազմաշերտ է։ Այստեղ հաջողության հասնելու համար անհրաժեշտ են գիտելիքներ ծրագրավորումից, ֆիզիկայից և քիմիայից։ Ամեն օր նոր գիտելիքներ ձեռք բերելու պատրաստակամությունը շատ կարևոր է, քանի որ ոլորտն արագ զարգանում է և անհրաժեշտ է նոր տեխնոլոգիաներին և գիտական նորություններին զուգահեռ քայլել: Անհրաժեշտ են ստեղծագործական ունակություններ, թիմային աշխատանքի կարողություններ և նախագծերի կառավարման հմտություններ՝ հետազոտության առաջընթացն ապահովելու համար:

Ո՞րն է Ձեր գիտական գործունեության ընթացքում ամենատպավորիչ իրադարձությունը։

- Տպավորիչ էր անցյալ տարի Լոզանում տեղի ունեցած «Psi-K» գիտաժողովը, որին մասնակցեցի պաստառով։ Ինչ վերաբերում է բուն հետազոտական գործընթացին, ամենատպավորիչ իրադարձությունն այն էր, երբ հաջողությամբ բացահայտվեց երկչափ անագի օքսիդի նոր կառուցվածքը։ 

 

Ըստ Ձեզ՝ ինչպիսի՞ն պետք է լինի ժամանակակից գիտնականը։

- Ժամանակակից գիտնականը պետք է մարմնավորի հետաքրքրասիրությունը, ունենա իր կարծիքը, լինի անկախ և սեփական համոզմունքներին հավատարիմ։

Ըստ Ձեզ՝ ի՞նչ նշանակություն ունի Հայաստանում հետթեկնածուական կարգավիճակի (PostDoc) համակարգի ներդրումը։ 

- Հայաստանում PostDoc համակարգի ներդրումը պահանջում է մանրակրկիտ ուսումնասիրություն դրա հաջողությունն ապահովելու համար: PostDoc-ի համար հստակ ուղեցույցներ են անհրաժեշտ՝ ներառյալ տևողությունը և պարտականությունները: Խնդրին պետք է մոտենալ լրջորեն և հաշվի առնել բոլոր բաղադրիչները, որպեսզի PostDoc համակարգը նպաստի գիտական առաջընթացին և նորարարությանը։

Հայաստանում գիտության զարգացման համար ի՞նչ դերակատարում ունեն «Գիտուժը» և այլ գիտական նախաձեռնությունները: 

- «Գիտուժը» և նմանատիպ գիտական նախաձեռնություններն առանցքային դեր են խաղում Հայաստանում գիտության զարգացման և հանրայնացման գործում, նպաստում գիտության վարկանիշի բարձրացմանը։

Ինչո՞վ եք զբաղվում աշխատանքից դուրս, ի՞նչ նախասիրություններ ունեք։ 

- Ունեմ նաև երաժշտական կրթություն, սիրում եմ ֆլեյտա նվագել, զբաղվում եմ սպորտով։ Նախընտրում եմ փիլիսոփայական թեմաներով և հակաուտոպիա ժանրի գրականությունը, ինչպիսիք են Օրուելի, Մարկեսի, Բրեդբերի, Հաքսլիի, Բուլգակովի, Կաֆկայի գործերը։

Կբնութագրե՞ք Ձեզ մեկ նախադասությամբ:

- Ինձ համարում եմ հետաքրքրասեր մարդ, ով ցանկացած հարց փորձում է ամբողջությամբ և տարբեր տեսանկյուններից դիտարկել և գտնել օպտիմալ լուծումները։

Ի՞նչ կարգախոսով եք առաջնորդվում:

- Հավատարիմ փոքր քայլերով՝ դեպի նպատակի իրականացում։

Մոնիկա Երիցյան