| ||||||||
Վարդուհի Բալոյանը ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի Հայ գրականության բաժնի հայցորդ է։ Իրականացնում է հետազոտություն «Անգլիական մանկագրությունը մինչխորհրդային շրջանի հայերեն թարգմանություններում» թեմայով։ Ուսումնասիրության արդյունքները [1] հրապարակում է հայերեն և անգլերեն լեզուներով։ Գտնում է, որ ցանկացած թարգմանության պետք է նայել ժամանակաշրջանի և աշխարհագրական տարածքի համատեքստում։
- Ժամանակն ունի իր թարգմանական ռազմավարությունը՝ և՛ լեզվական, և՛ աշխարհագրական։ Օրինակ՝ 18-19-րդ դարերում հնդկահայ գաղութում անգլալեզու գործերը թարգմանվել են գերազանցապես բնօրինակից, Մխիթարյանների կողմից (Եվրոպայում)՝ հիմնականում ֆրանսերենով միջնորդավորված, իսկ Ռուսական կայսրության տարածքում՝ ռուսերենով և այլ միջնորդ լեզուներով։ Անգլալեզու նյութի [2] ընտրությունը պայմանավորված է նրանով, որ մի կողմից կա մեծածավալ թարգմանական գրականություն հայկական տարբեր գաղթօջախներում, և մյուս կողմից, անգլերենի միջոցով թարգմանված համաշխարհային մանկագրական գործերը հնարավորություն են տալիս ավելի համապարփակ ուսումնասիրել ժամանակաշրջանի մանկապատանեկան գրականության զարգացումները և դրանց ազդեցությունը նոր մանկագրության ստեղծման, լեզվի զարգացման և լեզվամտածողության ձևավորման վրա։ - Ուսումնասիրության ընթացքում ի՞նչ աղբյուրներից եք օգտվել։ - Օգտվել եմ 19-20-րդ դարերի հայկական և եվրոպական պարբերականներից, հրատարակիչների հոդվածներից, ճանապարհորդների և լրագրողների անգլերեն, ֆրանսերեն կամ ռուսերեն աղբյուրներից։ - Որքանո՞վ է կարևոր գիտնականի համար օտար լեզուների իմացությունը ուսումնասիրության ընթացքում բնօրինակ գիտական տեքստերի մշակման ընթացքում: - Առաջին մասնագիտությամբ անգլերենի մասնագետ եմ, տիրապետում եմ նաև ռուսերենին, ինչպես նաև ունեմ բավարար գիտելիքներ ֆրանսերենից՝ այդ լեզվով ևս մասնագիտական աղբյուրներից օգտվելու համար։ Գիտնականի համար օտար լեզուների իմացությունը խիստ կարևոր է. բնօրինակ աղբյուրից սեփական փորձով և առաջին ձեռքից օգտվելու հնարավորությունը մեծացնում է արժեքավոր վերլուծություններ և անկախ բացահայտումներ անելու հավանականությունը։ Զուգահեռ, ինձ օգնում է դասական հայերենի և արևմտահայերենի [4] որոշ իմացությունը․ իմ ուսումնասիրության թեման ընդգրկող ժամանակաշրջանում թարգմանական նյութերը գրվել են հայերենի տարբեր լեզվավիճակներով և ոչ միօրինակ ուղղագրությամբ։ - Վերջերս հրապարակվել է Ձեր "Translations of English Children’s Literature in the Armenian Periodicals in India" [5] հոդվածը․ ո՞րն է նորույթը։
- Որոշակի տեղեկությամբ ամփոփել եմ անգլիական մանկական գրականության հայտնի գործերի վաղ շրջանի հայերեն թարգմանություններին վերաբերող նյութը։ Ուսումնասիրել եմ, թե աշխարհաքաղաքական զարգացումները և գրական ուղղություններն ինչպես են ազդել թարգմանական գործերի, հեղինակների և փոխադրական նյութի ընտրության վրա։ Դիտարկել եմ անգլիական թարգմանական գրականությունը որպես հայ մանկական գրականության զարգացման բաղկացուցիչ մաս տվյալ ժամանակաշրջանի համար։ Ընդհանրապես, թարգմանական մանկագրությունը զգալի նպաստ է ունեցել իր ժամանակի մանկագրության զարգացման գործում։ Թեև պարբերականները բավականաչափ ուսումնասիրվել էին, սակայն երեխաների ընթերցանության նպատակով արված թարգմանություններին, դրանց լեզվական խնդիրներին և քաղաքականությանը հիմնավոր անդրադարձ չէր արվել, բացառությամբ առանձին հոդվածների։ Ընդ որում, կատարված փորձերը լայն հանրայնացում չէին ստացել։ - Ի՞նչ կարծիք կարող եք հայտնել "Scopus" [6], "Web of science" [7] գիտատեղեկատվական շտեմարաններում ընդգրկված պարբերականների հոդվածների ուսումնասիրության վերաբերյալ: - Եթե դիտարկենք որպես համաշխարհային շտեմարան [8], որտեղ ընդգրկված աշխատանքները որոշակի որակի և հավաստիության երաշխիք ունեն, ապա հատկապես հայագիտական հարցերի ուսումնասիրության առումով կարևոր եմ համարում։ Իսկ հրապարակումներ ունենալու տեսանկյունից նշեմ՝ անհրաժեշտ է, որ որակյալ, բովանդակային, գիտահեն, փաստարկված հայագիտական հոդվածներ նման շտեմարաններում շատ լինեն։ - Ուսանել եք արտերկրում․ ի՞նչ փորձ եք ձեռք բերել։ - Կարճ ժամանակ ուսանել եմ ԱՄՆ Վալդոստայի պետական համալսարանում [9]։ Կրթական հետաքրքիր և բովանդակալից միջավայրում եմ եղել։ Արժեքավոր փորձառություն եմ համարում այն փաստը, որ մշակութային և քաղաքակրթական բազմազանության մեջ մեծացել է ինքնաճանաչման ձգտումը, որպեսզի հնարավոր լինի աշխարհի հետ որպես հայ մարդ առավել գրագետ և արդյունավետ հաղորդակցվել։ - Եթե չեմ սխալվում, նաև ժամանակակից տեխնոլոգիաների միջոցով լեզվաբանական ուսումնասիրություն իրականացնող հետազոտական խմբում եք ընդգրկված եղել։ - Համագործակցել եմ նախաձեռնող խմբի հետ, որը թվայնացման ժամանակակից գործիքների միջոցով մշակում էր հայերեն որակյալ թարգմանությունների շտեմարան [10], տեխնիկական բառարան, ձայնային դիվան/կորպուս/։ Բացի այն, որ այս գործում ներդրել եմ մասնագիտական գիտելիքներ, այդ աշխատանքներն օգնել են ընթացիկ հետազոտություններս դիտարկել նաև իրենց ժամանակի տեխնոլոգիական հնարավորությունների և մարտահրավերների տեսանկյունից։ Դա նպաստել է իմ հետազոտության նորույթն առավել հստակ ձևակերպելուն։ Վստահ եմ, որ այս աշխատանքների ընթացքում կուտակած փորձը և առկա թվային շտեմարանների զարգացումն ու համալրումն անպայման իրենց արտացոլումը կգտնեն հետազոտությանս արդյունքներն առավել արդյունավետ կիրառելու առումով։ Հղումներ
Հերմինե Օհանյան |