| ||||||||
ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի գիտաշխատող Լիլիթ Արշակյան. «Գիտությունը սիրում է համագործակցություն ու համակարգված աշխատանք, և այդ շղթայի մեջ գիտնականը իր դերը պետք է ունենա, պետությունը՝ իր: Գիտնականը իրեն պետք է պաշտպանված զգա: Այսօր Հայաստանում գիտական աշխատողները պարզապես էնտուզիաստներ են»: Լիլիթ Արշակյանը ծնվել է Երևանում, մասնագիտությամբ կենսաքիմիկոս է: Ավարտել է Երևանի պետական համալսարանի Կենսաբանության ֆակուլտետի կենսաքիմիայի բաժինը, ներկայում ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի գիտաշխատող է, Մնջոյանի անվան նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտի ասպիրանտ: Նաև դասավանդում է կենսաքիմիա և դեղագործական քիմիա արտասահմանցի ուսանողներին Երևանի «Հայբուսակ» համալսարանում և «Մխիթար Գոշ» հայ-ռուսական միջազգային համալսարանում: Պետությունը՝ գիտության կողքին Գիտություն, գաղափարներ, համագործակցություն՝ սրանք են ըստ Լիլիթի դեպի զարգացում, նորարարություններ և պետականաշինություն տանող ուղիները: «Գաղափարը զարգացնելու համար պետք է համագործակցություն, նորագույն տեխնոլոգիաների ներդրում, մասնագետների վերապատրաստում: Պետք են այնպիսի մարդիկ, ովքեր հավատում են իրենց մտքերին ու ուժերին, շահագրգռված են պետության կայացման գործում: Գիտության մեջ գիտնականը իր դերը պետք է ունենա, պետությունը՝ իր: Գիտնականը պետք է իրեն պաշտպանված զգա, ֆինանսապես ապահովված լինի, գնահատվի, որպեսզի իր ասելիքը ունենա պետությանը: Հիասթափությունները գիտնականին շեղում են ճանապարհից», - կարծում է Լիլիթը: Համագործակցությունը՝ ռազմավարություն Ըստ երիտասարդ գիտնականի՝ պետության ռազմավարական ոլորտներում անհրաժեշտ է համագործակցություն, որպեսզի կարողանանք առաջ գնալ ու զարգանալ: «Դա պետք է արվի պետական ծրագրերի իրականացմամբ՝ շղթայական զարգացմամբ: Շատ կարևոր է նաև միջազգային համագործակցությունը, սակայն առավել կարևորում եմ ներսում ամուր հիմք ստեղծելը», - ասում է Լիլիթը: Մոնիկա Երիցյան |