| ||||||||
ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի Թուրքիայի բաժնի ասպիրանտ, կրտսեր գիտաշխատող Վերոնիկա Թորոսյանը «Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի» շրջանակներում իրականացվող «Գիտական հոդվածների տպագրության համար երիտասարդ գիտնականներին խրախուսման մրցույթի» շահառու է։
Վերոնիկա Թորոսյանը մրցույթին մասնակցել է «Հայագիտության և հումանիտար գիտությունների, հասարակական գիտությունների բնագավառներում (Գիտության կոմիտեի ցանկի 5-րդ և 6-րդ բաժիններում ընդգրկված մասնագիտություններով) ՀՀ Բարձրագույն որակավորման կոմիտեի ցանկերում ընդգրկված ամսագրերում տպագրված անգլալեզու գիտական հոդվածների համար դրամաշնորհի տրամադրում» ենթածրագրով։ Ներկայացրել է «Unpacking the concept of nationalism within Russian Eurasianism»/«Ազգայնականությունը եվրասիականության ռուսական հայեցակարգում» հոդվածը, որը տպագրվել է «Ժամանակակից Եվրասիա» պարբերականում։ Ո՞րն է Ձեր աշխատանքի նորույթը, կարևորությունն ու արդիականությունը: - ԽՍՀՄ փլուզումից հետո Ռուսաստանում և Թուրքիայում մեծ հետաքրքրություն ձեռք բերեց եվրասիականության ուսումնասիրումը։ Հայաստանն անդամակցում է տարածաշրջանային ինտեգրացիոն տարբեր կառույցների։ Հաշվի առնելով, որ եվրասիականությունը ռուս-թուրքական հարաբերություններին լրացուցիչ խթան է հաղորդում, այս հայեցակարգի ուսումնասիրումն առավել քան արդիական է: Աշխատանքի նպատակն է վերլուծել ազգայնականության ըմբռնումը ռուս եվրասիականների աշխատություններում՝ հիմնվելով տեսաբան Էնթոնի Սմիթի սահմանման վրա՝ ազգայնականության ուսումնասիրումը կոնստրուկտիվիզմի համատեքստում, ցույց տալ ազգայնականության բովանդակային փոփոխությունները տեսաբան եվրասիականների աշխատություններում և պատասխանել այն հարցին, թե ինչպես է ազգայնականությունը բնորոշվում եվրասիականության մեջ։ Հոդվածում ցույց է տրված, որ եվրասիականության համատեքստում առաջադրվող ազգայնականությունն ունի բազմազգ և բազմամշակութային հասարակությունում որպես միավորող գործիք օգտագործվելու ներուժ, քանի որ ընդգծում է ազգայնականության և՛ էթնիկ, և՛ քաղաքացիական բաղադրիչների կարևորությունը։ Եվրասիականության մեջ քաղաքական և էթնիկ ազգայնականության սինթեզը նոր գաղափարի սկիզբ դրեց՝ եվրասիական ընդհանուր քաղաքակրթության գաղափարը, որն էլ օգտագործվում է Ռուսաստանի կողմից նախաձեռնած ինտեգրացիոն ծրագրերում։ Ի՞նչ քայլեր է պետք անել Ձեր ոլորտում հետազոտությունների միջազգայնացման ուղղությամբ: - Երիտասարդ հետազոտողներին միջազգային գիտական կենտրոններում վերապատրաստվելու հնարավորություն տալը մեծապես կնպաստի նրանց գիտահետազոտական փորձի հարստացմանը և կխթանի այդ փորձի հիման վրա կատարած ուսումնասիրությունների միջազգայնացմանը։ Օրինակ, ԵԳԱԾ-ի ծրագրերը երիտասարդ գիտնականների համար ոգևորիչ են և խթանում են նրանց գիտական հետագա գործունեությանը։ Ինչպե՞ս ընտրեցիք Ձեր մասնագիտությունը։ - Արմատներով Կոտայքի մարզի Ալափարս գյուղից եմ։ Մայրս հաշվապահ է, հայրս` պատմաբան։ Դպրոցական տարիներից շատ սիրել եմ պատմություն առարկան և աներկբա եմ եղել իմ ցանկության մեջ՝ դառնալ պատմաբան։ Տանը մեծ քանակությամբ մասնագիտական գրականություն ենք ունեցել։ Դպրոցական դասագրքերին զուգահեռ հնարավորություն եմ ունեցել ծանոթանալ նաև մեր պատմավեպերին և պատմիչների գործերին։ Կարծում եմ՝ պատմաբանի մասնագիտությունը երբևէ չի կարող կորցնել իր արդիականությունը։ Մշտապես կարիք կլինի մասնագետների, ովքեր իրենց շուրջը և աշխարհում կատարվող պատմական իրադարձությունները կկարողանան ուսումնասիրել, ենթարկել քննադատական վերլուծության, վեր հանել դրանց հնարավոր ազդեցությունը պետությունների արտաքին և ներքին քաղաքականության վրա ու ներկայացնել դրանք հանրությանը։ Ձեր ստացած ո՞ր գիտական արդյունքն եք համարում ամենակարևորը և ինչո՞ւ: - Ցանկացած հրապարակում և զեկույց, որոնք ներկայացրել եմ գիտական տարբեր հարթակներում, մեծ կարևորություն ունեն իմ մասնագիտական կայացման գործում։ Հուսով եմ, որ իմ թեկնածուական աշխատանքը, որն իրականացնում եմ պատմաբան Վահրամ Տեր-Մաթևոսյանի ղեկավարմամբ, կդառնա իմ կարևոր գիտական արդյունքներից մեկը։ Ուսումնասիրում եմ «Եվրասիականության ռուսական և թուրքական հայեցակարգերը. համեմատական վերլուծություն» թեման։ Ի՞նչ դժվարությունների հետ է բախվում երիտասարդ գիտնականը Հայաստանում և ինչպե՞ս եք գնահատում պետության աջակցությունը երիտասարդ գիտնականներին: - Գիտությամբ զբաղվելու համար երիտասարդ հետազոտողը պետք է օժտված լինի եռանդով և ջանասիրությամբ։ Երիտասարդ գիտնականին պետք է հասանելի լինեն գիտական միջազգային և տեղական փորձն ու արդյունքները։ Դրանց պակասը բավականին դժվարեցնում է հետազոտողի աշխատանքը։ Այո, պետությունն աջակցում է երիտասարդ հետազոտողներին։ Ինքս «Ասպիրանտների և երիտասարդ հայցորդների հետազոտությունների աջակցության ծրագիր-2021»-ի շահառուներից եմ։ Նման ծրագրերը հնարավորություն են տալիս երիտասարդներին իրականացնել մասնագիտական գործուղումներ, ձեռք բերել տեխնոլոգիական միջոցներ ժամանակակից հետազոտություններ կատարելու համար։ Հայաստանում գիտության զարգացման համար ի՞նչ դերակատարում ունեն «Գիտուժ»-ը և այլ գիտական նախաձեռնությունները: - «Գիտուժ»-ը, գիտական նախաձեռնություններն ուսումնասիրում են գիտության ներուժը, վեր հանում խոցելի կողմերը, համագործակցային հարթակ ստեղծում գիտական կազմակերպությունների միջև, նպաստում գիտության հանրայնացմանը։ Ինչո՞վ եք զբաղվում աշխատանքից դուրս, ի՞նչ նախասիրություններ ունեք։ - Գնում եմ երկար զբոսանքների և լսում իմ սիրելի երաժիշտների ստեղծագործությունները։ Իսկ ի՞նչ գրքեր եք կարդում։ - Վերջին շրջանում հիմնականում կարդում եմ տարբեր ժամանակներում ապրած մշակութային ու քաղաքական գործիչների կենսագրական ու ինքնակենսագրական բնույթի ստեղծագործությունները։ Ինձ վրա դեռևս չգերազանցված տպավորություն թողած ստեղծագործությունը Գյոթեի «Ֆաուստ»-ն է։ Կբնութագրեք Ձեզ մեկ նախադասությամբ: - Մշտապես պատասխաններ որոնող, հետաքրքրասեր մարդ։ Ո՞րն է Ձեր գիտական երազանքը և ի՞նչ կարգախոսով եք առաջնորդվում: - Դառնալ գիտության զարգացման մեջ մեծ ներդրում ունեցած գիտնական։ Երբեք, երբեք, երբեք չհանձնվել։ |