| ||||||||
Շողակաթ Դևրիկյանը ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի Կերպարվեստի բաժնի ասպիրանտ է, իրականացնում է հետազոտություն «Գրիգոր Լուսավորչի կերպարը 18-րդ դարի հայկական և եվրոպական արվեստում» թեմայով: Ուսանողական առաջին տարիներից սկսած իր հետաքրքրության կենտրոնում է պահել հայկական հնատիպ գրքերի գեղարվեստական հարդարանքի ուսումնասիրությունը: Կարծում է, որ տպագիր գրքերը համեմատաբար ավելի քիչ են ուսումնասիրված, քան մանրանկարչությունն ու նոր շրջանի գեղանկարչությունը՝ չնայած նրան, որ հենց տպագիր գիրքն է կապող օղակը միջնադարի և նոր շրջանի, Եվրոպայի և Արևելքի միջև: Նաև դա է պատճառը, որ գիտական հոդվածներում անդրադառնում է հատկապես հնատիպ գրքերի փորագրանկարներին՝ փորձելով գտնել դրանց պատկերագրական սկզբնավորումն ու զարգացումը մանրանկարներում, ապա նաև՝ ձևավորված պատկերագրության անցումը փորագրանկարչությունից դեպի սրբանկարչություն և գեղանկարչություն:
- Միտք ունեմ ստեղծել հոդվածաշար՝ նվիրված սրբերի վարքագրական տարբեր դրվագների պատկերմանը փորագրանկարներում: Մի շարք հոդվածներով [1] արդեն ներկայացրել եմ ուսումնասիրություններ՝ նվիրված Գրիգոր Տաթևացուն, Գրիգոր Լուսավորչին, Գրիգոր Նարեկացուն: Գալիք տարում նախատեսում եմ տպագրել հոդվածներ նաև Մեսրոպ Մաշտոցին և Նիկողայոս Սքանչելագործին ներկայացնող պատկերագրական ձևերի մասին: - Իսկ ինչո՞ւ եք ատենախոսության թեման ընտրել առանձնացված՝ «Գրիգոր Լուսավորչի կերպարը 18-րդ դարի հայկական և եվրոպական արվեստում»: -Գրիգոր Լուսավորիչը մեր եկեղեցու միակ համաքրիստոնեական սուրբն է. նրա հիշատակի օրը տոնում են նաև կաթոլիկ և ուղղափառ եկեղեցիները: Դարեր շարունակ Գրիգոր Լուսավորչին ներկայացնող մանրանկարներ, որմնանկարներ, փորագրանկարներ և սրբանկարներ են ստեղծվել. 17-18-րդ դարերում դրանք հասել են կատարողական բարձր վարպետության: Դրանց ուսումնասիրության շուրջ աշխատանք շատ կա։ Սկսած այն փաստից, որ սրբանկարչությունը բնորոշ չէ հայկական եկեղեցական ավանդույթին, բայց հայերը, հայտնվելով եվրոպական հատկապես ուղղափառ երկրներում, յուրացրել են տեղի ավանդույթները: Օրինակ, Իտալիայում Սուրբ Գրիգորի վարքը տարածվել է շնորհիվ Մխիթարյան հայրերի հրատարակած գրքերի: Զուգահեռաբար, Լուսավորչին պատկերող արվեստի բազում գործեր սկսել են ստեղծվել ոչ միայն հայ, այլև՝ եվրոպացի վարպետների կողմից: Եղած նյութը լայն հնարավորություն է տալիս ուսումնասիրելու, թե պատկերագրական ինչ ընդհանրություններ և տարբերություններ կան մեր և եվրոպացի վարպետների ստեղծագործություններում: Աշխատանքի առաջնային նպատակներից է ներկայացնել Գրիգոր Լուսավորչի կերպարի պատկերագրության աստիճանական զարգացումը դարերի ընթացքում՝ ցույց տալով, թե ինչպես է Լուսավորիչը արքայական ընտանիքին մկրտող Հայրապետից դառնում համաքրիստոնեական սուրբ և բարեխոս՝ Տիրամոր առջև: - Հետաքրքիր է նաև թեմայի ներկայացվածությունը "Scopus" [2] և "Web of Science" [3] գիտատեղեկատվական շտեմարանների ամսագրերում: Ի՞նչ կարող եք ասել թեմայի վերաբերյալ այստեղ հրապարակված հոդվածների մասին: - Նշված ամսագրերում մանրամասն ուսումնասիրել եմ Գրիգոր Լուսավորչին առնչվող հոդվածները: Ցավոք, պետք է նշեմ, որ արվեստաբանական հոդվածներ գրեթե չկան: Եղած նյութերն ունեն աստվածաբանական ուղղվածություն: Փորձելու եմ ինքս միջազգային վարկանիշային ամսագրերում [4] հոդվածներ հրապարակել Գրիգոր Լուսավորչի պատկերագրության վերաբերյալ։ Թեման նաև մեր մշակույթի կապվածությունն է ներկայացնում համաշխարհային մշակույթի հետ: - Երբևէ մասնակցե՞լ եք Ձեր գիտական հետաքրքրությունների շրջանակներում հայտարարված մրցույթների: - Այս տարի գիտական խմբով մասնակցել ենք ՀՀ գիտության կոմիտեի հայտարարած «Երիտասարդ գիտաշխատողների հետազոտությունների աջակցության ծրագիր-2022» մրցույթին և շահել [5]: Ուսումնասիրությունը իրականացնում ենք հետևյալ թեմայով՝ «Իտալական կլասիցիզմի և ռոմանտիզմի ազդեցությունը Վենետիկի Մխիթարյանների ստեղծագործությունների և գրքարվեստի վրա (18-19-րդ դարեր)»: - Որքանո՞վ կարող է այս թեման աջակցել Ձեզ ատենախոսության կազմության ընթացքում, որքանո՞վ են երկու թեմաները բովանդակային իմաստով կապված: -Գրիգոր Լուսավորչին են նվիրված Մխիթարյանների ավելի քան տաս հրատարակություններ: Գրքարվեստի իտալացի վարպետներին Մխիթարյանները ներկայացրել են տարբեր նկարների համար թեմատիկ ուղեցույցներ, որոնց հիման վրա իտալացի վարպետները փորագրանկարներ են ստեղծել: Դրանց շարքում ամենատարածվածը «Գրիգոր Լուսավորիչը մկրտում է Տրդատ թագավորին» թեման է: Այնպես որ Մխիթարյանների 18-րդ դարի գրականության և արվեստի մեջ սա ամենատարածված թեման է: Ուստի գրել Գրիգոր Լուսավորչի՝ եվրոպական արվեստում պատկերման մասին, նշանակում է գրել Մխիթարյանների հրատարակությունների մասին, և հակառակը՝ Մխիթարյանների՝ Լուսավորչին վերաբերող հրատարակությունների մասին գրելիս անհնար է չանդրադառնալ Գրիգոր Լուսավորչի պատկերմանն իտալական արվեստում: - Ո՞վ է արտերկրի այն գիտնականը, որի հետ իրականացնում եք թեմայի հետազոտությունը: - Հպարտությամբ եմ ասելու, որ մեր խմբի արտասահմանյան խորհրդատուն է Ֆլորենցիայի համալսարանի Բյուզանդագիտության բաժնի պրոֆեսոր, միջնադարագետ, հնագետ Զարուհի Պողոսյանը [6]: Նա նաև Եվրոպական միության հովանավորությամբ գործող «Արմեն» մեծածավալ ծրագրի ղեկավարն է, որի նպատակներից է միջնադարյան եվրասիական մշակութային փոխհարաբերություններում ներկայացնել նաև պատմական Հայաստանի դերը: Աշխատանքը գրելու երկու տարիների ընթացքում տիկին Պողոսյանը մեզ կուղղորդի իր խորհուրդներով, հատկապես որպես հնագետ՝ կօգնի կատարել գրքային պատկերների աղբյուրագիտական քննություն: - Վերջերս հաղթող եք ճանաչվել նաև Զալցբուրգի համալսարանի Քրիստոնյա Արևելքի հետազոտությունների կենտրոնի հայտարարած՝ Արցախի հոգևոր-մշակութային ժառանգությանը նվիրված կարճաժամկետ դրամաշնորհային մրցույթում՝ «Հայկական մանրանկարչության ընդհանուր օրինաչափությունները և տեղային յուրահատկությունները՝ Արցախում նկարազարդված Ավետարանների Տերունական պատկերներում» թեմայով: Ի՞նչ շեշտադրում եք արել մրցույթի հայտում, որը բերել է հաջողության: - Մրցույթում ընտրվել է հինգ թեմա, որոնք վերաբերում են ձեռագրագիտությանը, պատմությանը, բանահյուսությանը, լեզվաբանությանն ու արվեստաբանությանը: Թեմաներից յուրաքանչյուրի պատշաճ ուսումնասիրումը կարևոր քայլ կլինի Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության ներկայացման գործում: Անդրադառնալով իմ ծրագրին՝ նշեմ, որ թեմայի նպատակն է ցույց տալ, թե Արցախում նկարազարդված Ավետարանների Տերունական պատկերները ընդհանուր քրիստոնեական պատկերագրության շրջանակում ինչպես են զուգահեռ ընթանում այդ թեմաներով հայկական մանրանկարչության օրինաչափություններին: Նաև վեր հանել, թե տեղային ինչ յուրահատկություններ ունեն, որոնք արտահայտվում են թե՛ ոճական և գունազարդային արտահայտչամիջոցներով, թե՛ կանոնական պատկերագրության կոմպոզիցիոն կառուցվածքում ունեցած տարբերություններով: Աշխատանքը ևս մեկ անգամ կհաստատի, որ Արցախն ունեցել է մանրանկարչական ձևավորված դպրոց՝ Վասպուրականի, Կիլիկիայի, Ղրիմի, Բարձր Հայքի և մյուս մանրանկարչական դպրոցների կողքին: Այն լրացուցիչ նյութ կներկայացնի նաև տեղային յուրահատկությունների և ընդհանուր օրինաչափությունների հարաբերակցության բնույթի հարցին: - Ի՞նչ նպատակներ ունեք՝ կապված հետագա գիտական գործունեության հետ: - Մեծ պատասխանատվություն եմ զգում վերոնշյալ ծրագրերում ներգրավված լինելու համար․ բոլոր ջանքերս պետք է գործադրեմ նշված թեմաների պատշաճ ուսումնասիրման համար։ Նաև՝ հուսով եմ, որ գալիք տարին մեր երկրին խաղաղություն կբերի․ խաղաղությունն է բերում գիտական և մշակութային վերելքի: Հղումներ
|