| ||||||||
«Երիտասարդ գիտնականն իրեն վստահ է զգում և հավատում է իր գաղափարների իրագործմանը, եթե ձեռքի տակ ունի ժամանակակից սարքավորումներ, որոնք գաղափարը կդարձնեն իրականություն», - ասում է «Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի» շրջանակներում իրականացվող «Գիտական սարքերի և նյութերի ձեռքբերման մրցույթ»-ի շահառու Լիլիթ Արշակյանը: Լիլիթն աշխատում է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնում: Ի՞նչ գիտահետազոտական աշխատանք կատարելու նպատակով եք դիմել սարքավորումներ և նյութեր ձեռք բերելու համար: - Այս դրամաշնորհի շրջանակներում նախատեսվում է ձեռք բերել Ջերմային ցիկլեր Պոլիմերազային շղթայական ռեակցիայի (ՊՇՌ) մեթոդի գործարկման համար, Հորիզոնական էլեկտրոֆորեզի սարքավորում, Վորտեքս խառնիչ և անհրաժեշտ որոշ ռեագենտներ: Իմ գիտական թեման վերաբերվում է լյարդի ցիռոզի նախնական ախտորոշմանը, հիվանդության զարգացմանը և բուժման տեմպի ուսումնասիրմանը: Սարքավորումների ձեռք բերումը հնարավորություն կտա նոր մոտեցումներ մշակել այդ ուսումնասիրությունների համար՝ ընդհուպ մինչև գենային մակարդակով: Ովքե՞ր են ներգրավված ձեր գիտական թեմայում, կա՞ համագործակցություն այլ գիտական կառույցների հետ: - Հետազոտությունների ընթացքում օգտվում ենք տարբեր մասնագետների օգնությունից, փորձում ենք ստեղծել կապեր, որոնք ծնում են նոր գաղափարներ: Այս թեմայում ընդգրկված են մեր լաբորատորիայի ևս երկու աշխատակից՝ Լուսինե Հարությունյանը և Սրբուհի Բաղդասարյանը, իսկ թեմայի ղեկավարը ես եմ: Իմ ատենախոսական աշխատանքի ղեկավարը ՀՀ ԳԱԱ Մնջոյանի անվան նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտի «Դեղաբանության և պաթոհիստոլոգիայի» լաբորատորիայի վարիչ, կենսաբանական գիտությունների թեկնածու Հրաչիկ Գասպարյանն է: Ո՞րն է եղել Ձեր մոտիվացիան, որը դրվել է մրցույթին ներկայացրած հայտի հիմքում: - Երբ սկսեցի իմ գիտահետազոտական աշխատանքները, խնդիր էր դրված ուսումնասիրել Ֆլամին-Սիլիմարին բուսական խառնուրդի հոպատոպրոտեկտոր հատկությունները լյարդի տոքսիկ ցիռոզի պայմաններում: Լյարդի ցիռոզը, որպես լյարդի հիվանդությունների վերջնական փուլ, տարեկան գրանցում է 1.3 միլիոն մահվան դեպք ամբողջ աշխարհում: Հանդիպում ունեցա բժիշկ Օնիկ Սարգսյանի հետ, և նրա կողմից հնչեցրած հարցադրումները ստիպեցին ինձ վերանայել գիտական հետաքրքրություններս՝ կապված իմ թեմայի հետ: Առաջացավ նոր գիտական գաղափար՝ լյարդի ցիռոզի պատճառահետևանքային կապերի գնահատումը ցիռոզի նախնական ախտորոշման, ցիռոզի զարգացման դինամիկայի և նոր հեպատոպրոտեկտորների բուժական արդյունավետության գնահատման համար: Դա դարձավ մոտիվացիա նորը հայտնաբերելու և իրագործելու համար: Իսկ ներկայիս դարաշրջանում ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցվածությունը գիտական գաղափարների առավել արդյունավետ վերծանման հիմքն է: Քանի՞ հրապարակումներ ունեք, կա՞ն դրանց թվում «Scopus»-յան հոդվածներ: - Ընդհանուր 17 գիտական հրապարակում՝ ներառյալ թեզիսները: Վերջին թեզիսը, որը տպագրվել է մոտ մեկ ամիս առաջ, «Scopus»-յան Q1 քառորդում ընդգրկված պարբերականում է: Հայաստանում գիտության զարգացման համար ի՞նչ դերակատարում ունեն գիտական նախաձեռնությունները, օրինակ՝ «Գիտուժ»-ը: - «Գիտուժ»-ն ակտիվորեն բարձրաձայնում է գիտությանն առնչվող խնդիրները, առաջարկում է լուծումներ, ինչը շատ կարևոր է գիտության զարգացման գործում: Ինչի՞ մասին եք մտածում, երբ զբաղված չեք աշխատանքով: - Գիտությունն ինձ համար աշխատանք չէ, իսկ այս շրջանում միայն զբաղվում եմ գիտությամբ: Կբնութագրեք Ձեզ մեկ նախադասությամբ: - Նպատակին հասնել ցանկացած փորձություններով, իսկ փորձությունները դարձնել իմացություն: Ի՞նչ գրքեր եք կարդում: Ո՞վ է Ձեր սիրելի հեղինակը: - Վերջին շրջանում միայն գիտական և մասնագիտական գրականություն եմ ընթերցում: Իհարկե, ունեմ սիրելի հեղինակներ, սակայն ինձ համար կարևոր է այն ասելիքը, որը զետեղված է ստեղծագործության մեջ: Իրականացվե՞լ է Ձեր գիտական երազանքը, թե այն դեռ առջևում է: - Յուրաքանչյուր գիտական հաջողություն նոր երազանքի սկիզբ է: |