| ||||||||
«Կա միֆ, որ «Scopus» գիտական շտեմարանի բոլոր ամսագրերում տպագրվելը վճարովի է, բայց դա այդպես չէ: Ամսագրերի մեծ մասում տպագրվելն անվճար է: Ինքս անվճար եմ տպագրվել՝ բաց հասանելիությամբ (open access)», - ասում է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Պատմության ինստիտուտի գիտաշխատող Հենրիկ Խաչատրյանը: Նրա «Սասանյան Իրանի հյուսիսային քուստակի վարչական միավորները 6-րդ դարում» (The Northern kʻustak administrative units of the Sasanian Iran in 6th century CE) հոդվածը տպագրվել է «Scopus» գիտական շտեմարանի լեհական «Historia i Świat» (History and the World) ամսագրում: Հոդվածը վերաբերում է Սասանյան Իրանի 6-րդ դարի հյուսիսային քուստակի վարչական բաժանմանը: Որպես առանցքային աղբյուրներ ընտրվել են հայ պատմաաշխարհագրական մտքի կոթող «Աշխարհացոյց»-ը և արաբ մատենագիրներ Յակուբիյի ու Իբն Խորդադբեհի համապատասխան հաղորդումները։ Աղբյուրների՝ հյուսիսային քուստակի վերաբերյալ տեղեկությունների քննությամբ ճշտվել են դրանում գտնվող երկրների իրական քանակը։ Հայաստանի վարչական բաժանման վերաբերյալ կարևոր նորություններ են հայտնաբերվել, տարածաշրջանի վարչաքաղաքական պատկերի համար հետաքրքիր դրվագներ բացվել: Սասանյան Իրանի հյուսիսային քուստակի 6-րդ դարի վարչական բաժանման մասին միասնական կարծիք չկա: Հայկական աղբյուրներում մի պատկեր է, արաբականում՝ այլ: «Օրինակ, Աղվանքի պարագայում, եթե հետևենք Մովսես Դասխուրանցու պատմությանը, ապա կտեսնենք, որ այն 6-7 դարերում երեք վարչական միավորներից էր բաղկացած: «Աշխարհացոյց»-ում Աղվանք վարչամիավորը կազմված է բուն Աղվանքից ու հայկական Ուտիք և Արցախ նահանգներից։ Իսկ արաբական աղբյուրներում այլ վարչական միավորներ էլ ենք տեսնում, ինչը շատ դեպքերում կապված էր ուշ շրջանի դեպքերն ավելի վաղ շրջանի վրա տարածելով։ Այս առումով առավել արժևորել եմ հայկական աղբյուրը, որը թե՛ ժամանակագրորեն, թե՛ հաղորդած տեղեկությունների հավաստիության տեսակետից որոշ դեպքերում ավելի արժանահավատ է», - նշում է հեղինակը։ Նախատեսվել էր, որ հոդվածին կից պետք է լինի անգլերեն լեզվով քարտեզ, սակայն ժամանակին պատրաստել չի հաջողվել: «Միշտ կարևորել եմ քարտեզի առկայությունը և, իմ կարծիքով, հումանիտար բոլոր հաստատություններում պետք է լինի առանձին քարտեզագրության բաժին», - ասում է Հենրիկ Խաչատրյանը: Որպես հոդվածի շարունակություն երիտասարդ պատմաբանը պատրաստում է ևս մեկ հոդված, որը նախատեսում է տպագրել «Journal of the Historical Geography»-ում: Ըստ նրա՝ Հայաստանում կատարված պատմական ուսումնասիրությունները բարդ չէ դարձնել միջազգային գիտության մաս. «Ես դա արել եմ մեկ ամսում: Խմբագրական գործընթացը տևել է երկու շաբաթ, թեև պետք է նշեմ, որ տարբեր ամսագրեր տարբեր չափանիշներ ունեն: Հայաստանում հոդվածը խմբագրել է Պատմության ինստիտուտի ավագ գիտաշխատող Արգիշտի Վարդանյանը: Այնուհետև հոդվածը երկու անկախ գրախոսների կողմից դրական եզրակացություն է ստացել «Scopus»-յան ամսագրում»: Ըստ նրա՝ պատմությունը ոչ միայն պետք է քաղաքականացնել, այլ պատմությունն ավելի քան քաղաքական է: «Պետք է լինի պետական պատվեր: Պատմաբանը զինվորի նման է, ինքը պետք է հստակ իմանա՝ ինչ պետք է անի», - ասում է Հենրիկ Խաչատրյանը: Մոնիկա Երիցյան |