| ||||||||
«Սիրում եմ գիտությունն ու բնությունը: Երկուսն էլ կարելի է անվերջ ուսումնասիրել: Գիտությունը միշտ ժամանակակից է, հետաքրքիր, բնությունը՝ սիրուն, ոգեշնչող». ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտի գիտաշխատող Գոհար Սևոյան: Գոհարը Գեղարքունիքի մարզից է, Վարդենիկից, 28 տարեկան, մասնագիտությամբ՝ կենսաքիմիկոս, հյուսվածքային ինժեներ: Սովորել է Երևանի պետական համալսարանի կենսաբանության ֆակուլտետում, այնուհետև Երևանի պետական բժշկական համալսարանում՝ կլինիկական լաբորատոր ախտորոշում մասնագիտացմամբ: Ներկայում ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտի գիտաշխատող է: Ո՞վ կամ ի՞նչը Ձեզ ոգեշնչեց զբաղվել գիտությամբ: - Գիտակցելով եմ ընտրել այդ ուղին: Հիվանդությունների առաջացման մոլեկուլային մեխանիզմները հասկանալու և բուժման մոդելներ ստեղծելու մեջ մեծ դեր ունի կենսաբանությունն իր ուղղություններով, որոնցից մեկն իմ մասնագիտությունն է: Աշխատանքի ընթացքում ինձ ոգեշնչել է ազնվությունը ոլորտում, որտեղ շահը գիտելիքն է։ Իսկ երբ հանդիպում ես գիտության նվիրյալների, որոշման մեջ ավելի հաստատակամ ես դառնում։ Ձեր սպասելիքներն արդարացվա՞ծ են: - Անհավանական սպասելիքներ չեմ ունեցել, փորձել եմ իրականությունից չկտրվելով երազել: Հիմա, ավելի քան այն ժամանակ, ուրախ եմ, որ գիտության ոլորտն եմ ընտրել: Հույս ունեմ, որ խնդիրներն ու թերությունները կշտկվեն ապագայում: Եղե՞լ են հիասթափություններ: Ինչպե՞ս եք հաղթահարել դրանք: - Իհարկե, լինում են, առանց դրանց վերելքները հնարավոր չեն։ Հիասթափությունները շատ կարճ ժամանակով են ինձ այցելում: Սովորաբար բարդ իրավիճակում փորձում եմ լուծում գտնել, որին հաջորդում է առաջ գնալու մեծ ձգտումը։ Ի՞նչ դերակատարում ունեն գիտական նախաձեռնությունները, օրինակ՝ «Գիտուժ»-ը: - Գիտական նախաձեռնություններն իրենց գործունեությամբ փաստում են գիտության կարևորությունն ու առաջնահերթությունը։ Գիտության մեջ կարևորում եմ հաղորդակցությունը և համագործակցությունը, ինչի արդյունքում ծնվում են նոր գաղափարներ: Այստեղ կարևոր դերակատարում ունեն գիտական նախաձեռնությունները: Կբնութագրեք Ձեզ մեկ նախադասությամբ: - Մարդ արժեքը խեղաթյուրող բոլոր օրենքների հետ անհաշտ անձ։ Ի՞նչ գրքեր եք կարդում: - Նախընտրում եմ պատմական և կենսագրական գրքեր։ Կառանձնացնեմ երկու հեղինակի, ովքեր ինձ համար արժեք են՝ Նժդեհը և Նարեկացին: Ի՞նչ կարգախոսով եք առաջնորդվում: - Կանգ չառնել սովորել և սովորածը ծառայեցնել հայրենիքի շահերին, ապրել հանուն արժեքների, սկզբունքների։ Մոնիկա Երիցյան |