| ||||||||
Ամփոփվել են «Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի» (ԵԳԱԾ) շրջանակներում իրականացվող «Երիտասարդ գիտնականների վերապատրաստման ծրագրի» մրցույթի արդյունքները: ԵԳԱԾ մասնագիտական փորձագիտական խորհրդի կողմից ընտրվել և ֆինանսավորման է երաշխավորվել 15 հայտ: ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան ներկայացնում է հարցազրույցների շարք ընտրված հայտերի հեղինակների հետ՝ հանրությանը ներկայացնելու համար մրցույթի հաղթող երիտասարդ գիտնականներին: Մեր զրուցակիցը ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնի Էկոլոգիական անվտանգության լաբորատորիայի ավագ գիտաշխատող Արմեն Սարգսյանն է, ով մրցույթի հաղթողներից արական սեռի միակ ներկայացուցիչն է: «Միշտ եղել եմ գենդերային խտրականության դեմ պայքարող, բայց առաջին դեպքն է, երբ «զոհը» ես եմ, նույնիսկ հաճելի է։ Առանձնակի հպարտ եմ այն շահառուների ընտանիքներով, հատկապես ամուսիններով, ովքեր իրենց կողակցի մասնագիտական աճի համար պատրաստակամորեն իրենց վրա են վերցնում երեխաների խնամքն այդ ժամանակահատվածում։ Նրանցից ոմանց անձամբ եմ ճանաչում։ Հուսով եմ, որ մեր երկրում այլ ոլորտներում նույնպես ընտանիքի և երեխաների առկայությունը չի նշանակում կարիերայի ավարտ, և կանայք ստիպված չեն լինում ընտրություն կատարել», - նշում է Արմեն Սարգսյանը: Ո՞ր գիտական կենտրոնում պետք է անցնեք վերապատրաստում և ի՞նչ թեմայով: - Մեծ Բրիտանիայի Նյուքասլի համալսարանի Կենսաբանական գիտությունների ինստիտուտ եմ մեկնելու: Հրավիրողը դոկտոր Ջոն Մառլզ-Ռայթն է, ում հետ համագործակցում ենք 2016 թվականից, ունենք ընթացիկ հետազոտական նախագիծ: Ընտրել եմ «N-carbamoyl β-alanine amidohydrolase-ի ֆերմենտային-սուբստրատային կոմպլեքսի կառուցվածքային և կենսաքիմիական բնութագրումը (Structural and biochemical characterization of enzyme-substrate complexes of Ncarbamoyl β-alanine amidohydrolase)» թեման: Իրականացնելու եմ ֆերմենտ-սուբստրատ համակարգի բյուրեղացման լավագույն պայմանների ընտրություն, ստացված բյուրեղների ռենտգեն կառուցվածքային տվյալների ստացում և մշակում, սուբստրատային յուրահատկությունը պայմանավորող ամինաթթվային մնացորդների նույնականացում: Ո՞րն է եղել Ձեր մոտիվացիան, որը Դուք ներկայացրել եք մրցույթի հայտում: - Մրցույթի տեղեկատվական հանդիպման ժամանակ նշվել էր, որ հիմնականում գնահատվելու են մոտիվացիոն նամակները և վերապատրաստման ծրագրերը: Մոտիվացիոն նամակում նշել եմ, թե ինչպես են իմ ստացված գիտական արդյունքներն օգտագործվելու, ինչ շահագրգռվածություն ունեն ընդունող և ուղարկող կազմակերպությունները: Նաև նշել եմ՝ ինչու հենց ես, ինչու հենց Նյուքասլ և ինչու հենց դոկտոր Ջոնը: Ակնկալում եմ ստանալ հետաքրքիր արդյունքներ, որոնք կարող են հիմք դառնալ հետագա հետազոտությունների համար: Ի՞նչ նշանակություն ունեն երիտասարդ գիտնականների համար վերապատրաստման ծրագրերը: - Ոգևորիչ է, երբ ունես հնարավորություն այցելելու գերզինված լաբորատորիա և աշխատելու ոլորտի առաջատարների հետ, աշխատելու այնպիսի պայմաններում, որոնք, ցավոք, մեր երկրում դեռևս չկան: Նման ծրագրերի շնորհիվ կարելի է ձեռք բերել համագործակցելու մեծ փորձ, գործընկերներ, ինչը հետագայում կարող է շատ օգտակար լինել: Արմեն Սարգսյանը երկու տասնյակից ավելի գիտական հոդվածների հեղինակ է, ղեկավարում է ՀՀ գիտության կոմիտեի կողմից ֆինանսավորվող 21T‐2I235 ծածկագրով «Հակաﬔտաստազային ակտիվությամբ օժտված ոչ սովորական աﬕնաթթուների և դրանց դի‐, տրիպեպտիդների հայտնաբերում» գիտական թեման: Նրա գիտական ուղղվածությունն է դեղերի թիրախ ֆերմենտների կարգավորիչների, հակաբիոտիկների նկատմամբ կայուն մանրէների աճը ճնշող նյութերի բացահայտումը, արդյունաբերական նշանակության ֆերմենտային համակարգերի, սպիտակուցների հետ հավակնորդ լիգանդների փոխազդեցության համակարգչային մոդելավորումը: Մոնիկա Երիցյան |