Երիտասարդ գիտնականի ամբիոն
Լևոն Աղիկյան

«Հնագիտությունը 21-րդ դարում Հայաստանի պատմության բացահայտումների հիմնաքարն է»

    ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Հնագիտության և ազգագրության ինստիտուտի կրտսեր գիտաշխատող Լևոն Աղիկյան. «Մենք պետք է միշտ հիշենք, թե ինչ տարածաշրջանում ենք ապրում և ինչ նշանակություն ունի մեզ համար Հայկական լեռնաշխարհի, Հայաստանի պատմության վերհանումը: Մենք իրավունք չունենք պատմության և հնագիտության առումով աշխարհից թեկուզ կես քայլ հետ մնալ: Մենք գիտական պայքարի մեջ ենք ապացուցելու համար, որ այս տարածաշրջանը Հարավային Կովկաս չէ, սա Հայկական լեռնաշխարհ է: Հնագիտությունը 21-րդ դարում Հայաստանի պատմության բացահայտումների հիմնաքարն է»:

    Լևոն Աղիկյանը ծնվել է Գյումրիում: Սովորել է ԵՊՀ-ի պատմության ֆակուլտետի մշակութաբանության բաժնում, այնուհետև հնագիտության բաժնում, իսկ ասպիրանտուրան՝ ՀՀ ԳԱԱ-ի հնագիտության ինստիտուտում: Երիտասարդ հնագետն արդեն 14 տարի պեղումներ է իրականացնում Հայաստանի տարբեր հնավայրերում, ուսումնասիրում է Կուր-Արաքսյան մշակույթի մեջ հնագույն մարդկանց թաղման ծեսերը:

Հնագիտությունը՝ անբուժելի «հիվանդություն»

    «Բակալավրի առաջին կուրսում էի, հնագետ պրոֆեսոր Աշոտ Փիլիպոսյանը իմացավ գյումրեցի եմ, ասաց՝ իմ գործընկերները Գյումրիում պեղումներ են սկսել, ինչ ես մնացել այստեղ, գնա պեղումների: Գնացի, խնդրեցի մտնել դամբարան և պեղումներ անել: Թողեցին: Խոնավ, թաց փոս էր, մի քանի անգամ ուզեցի դուրս գամ, ասացին՝ չէ, մնա, մինչև հիվանդանաս: Մտածեցի` ինչ եմ արել այս մարդկանց, որ ուզում են այս խոնավ փոսի մեջ հիվանդանամ: Պատահական թիակը շարժեցի ու մի ամբողջական կճուճ գտա՝ մոտ 3000 տարեկան, բնականաբար, ուրախացա, բղավեցի, ինձ ասացին՝ դուրս արի, մենք կմտնենք: Դուրս չեկա: Ասացին՝ լավ, արդեն հիվանդացար: Ու ես հասկացա, թե ինչ հիվանդության մասին է խոսքը՝ հնագիտություն «հիվանդության», որով հիվանդ էլ մնացի»: 


    Ուսանող տարիներին Լևոնը մասնակցել է Արենիի քարանձավում անցկացվող պեղումներին՝ Արենիում աշխարհի ամենահին կաշվե կոշիկը գտնելուց շուրջ մեկ տարի անց: «Արենիի քարանձավը համաշխարհային նշանակության հնավայր է, իմ ուսանողական տարիների ամենամեծ մոտիվացիան ու ամենաոգևորված պեղումներից մեկը», - ասում է երիտասարդ հնագետը: Իսկ իր ամենամեծ բացահայտումը նա համարում է Գեղարոտի դամբարանադաշտից գտած բրոնզից վայրի վարազի արձանիկը՝ 3600 տարեկան:


    Լևոնն ակտիվ զբաղվում է հնագույն ԴՆԹ ուսումնասիրությամբ. «Հնագիտության մեջ ԴՆԹ ուսումնասիրությունը բավականին վերջերս է տարածում գտել և կարող է պատասխանել վերջին մի քանի տասնամյակների hնագիտական ուսումնասիրությունների ընթացքում առաջացած հարցերին՝ ընտանիքի պատկերացումներ, ծեսեր, միգրացիաներ: Աշխարհաքաղական առումով Հայաստանի տարածքի հնագույն ԴՆԹ ուսումնասիրությունն առավել քան արդիական է հայկական ծագումնաբանության և տեղաբնիկության հարցի շուրջ տարատեսակ շահարկումները փաստարկված հիմնավորելու նպատակով»:  

    Հնագույն ԴՆԹ ուսումնասիրության ծրագրի շրջանակներում նա համագործակցում է Հարվարդի համալսարանի պրոֆեսոր, գենետիկ Դևիդ Ռեյխի և Փենսիլվանիայի համալսարանի դոկտոր Արամ Յարդումյանի հետ: Այս տարի արդեն մոտ 32 վաղ բրոնզեդարյան (3000թ. մ.թ.ա.) նմուշ է ուղարկվել արտասահման ուսումնասիրությունների համար: Լևոն Աղիկյանը նաև հայ-ֆրանսիական «Tavush project» հնագիտական հետազոտական ծրագրի շրջանակներում համագործակցում է Լիոնի համալսարանի դոկտոր Բերանժե Պերելլոի հետ, հայ-ամերիկյան «ArAGATS» ծրագրի շրջանակներում Իլինոյս համալսարանի մարդաբան դոկտոր Մորին Մարշալի հետ, Կառնուտ հնավայրի պեղումների շրջանակներում ռադիոածխածնային թվագրման մասնագետ, Քորնելի համալսարանի ասպիրանտ Աննապաոլա Պասսերինիի հետ, Հայաստանի տարածքից հայտնաբերված հնագույն խեցեղենի ուսումնասիրության նպատակով Օքսվորդի համալսարանի ասպիրանտ, պետրոգրաֆիայի և մնացորդային ուսումնասիրության մասնագետ Նաիրի Մանուկյանի հետ:

Գիտությունը՝ առաջնորդող ուժ, հնագիտությունը՝ բանալի դեպի տուրիզմի 

    «Հնագիտությունն այն մասնագիտությունն է, որն ամենաառաջնային և ուղիղ կապն ունի տուրիզմի հետ: Եթե վերաբերմունքը ոլորտի նկատմամբ ճիշտ լինի, հնագիտությունը կնպաստի տուրիզմի, և, հետևաբար, տնտեսության զարգացմանը: Կարելի է հետազոտություն կատարել, հստակ գնահատել տուրիզմի բացերն ու պոտենցիալը Հայաստանում և կոնկրետ պատվերներ տալ գիտության միջոցով դրա զարգացմանը», - ասում է Լևոն Աղիկյանը:  


    Նրա կարծիքով՝ երիտասարդ գիտնականների համար մեծ խնդիր է Հայաստանում հայթայթել ֆինանսական միջոցներ. «Երիտասարդները ստիպված հեռանում են գիտությունից վաստակելու նպատակով: Պետք է բավարար պայմաններ ստեղծել գիտնականների համար, բարձրացնել աշխատավարձերը»: 

    Ըստ Լևոն Աղիկյանի՝ Հայաստանում գիտությունը նաև հանրայնացման խնդիր ունի. «Մեր հասարակության գերակշիռ մասը տեղյակ չէ, թե ինչով է զբաղված հայ գիտնականը: Եթե տեղյակ չէ, ուստի և չի կարող արժևորել: Անհրաժեշտ է հրատարակել տարեկան 1-2 գիտահանրամատչելի ամսագիր, որոնք կպարունակեն գիտական կարևոր ձեռքբերումները: Միջազգային գիտական շրջանակներում բարձր վարկանիշ ունենալու համար առնվազն անհրաժեշտ է ունենալ մի քանի բարձր impact factor ունեցող պարբերականներ: 

    Հաջորդ կարևոր խնդիրը գիտական հրատարակությունների վերահսկողությունից դուրս լինելն է: Մասնագիտական գրախոսություն չանցած գիտական հրատարակությունները խիստ ազդում են գիտության վարկանիշի վրա»:


    Լևոն Աղիկյանը որպես բարեփոխում գիտության ոլորտում դիտարկում է հետթեկնածուական կարգավիճակի (PostDoc) համակարգի ներդրումը. «Առաջինը՝ Հայաստանում գիտությունների թեկնածուն փաստացի հավասար կոչում ունի, ինչ արևմտյան երկրներում դոկտորը, սակայն մեզ մոտ թեկնածու է կոչվում, ինչը արհեստականորեն մեկ քայլ ներքև է դասում թեկնածուին և խոչընդոտ ստեղծում միջազգային համագործակցության պարագայում: Երկրորդը՝ բազմաթիվ գիտնականներ հետթեկնածուական ծրագրի պատճառով մեկնում են արտերկիր, գերակշիռ մասը չի վերադառնում: Այս դեպքում մենք կունենանք լավագույն գիտական զանգվածի արտահոսքի նվազում կամ գուցե նույնիսկ ներհոսք»: 

    Երիտասարդ գիտնականը նշում է, որ ոգևորված է «Գիտուժ»-ի գործունեությամբ, որը, իր կարծիքով, գիտության առաջընթացով լրջագույն զբաղվող և քայլեր ձեռնարկող նախաձեռնություն է: «Ժամանակն է, որ Հայաստանում գիտությունն առաջնորդող ուժ դառնա», - ասում է Լևոն Աղիկյանը:

    Երիտասարդ գիտնականը նպատակ ունի ընդլայնել ու զարգացնել ամառային դպրոցները հնագիտության ոլորտում միջազգային ուսանողների համար:

   Մոնիկա Երիցյան