| ||||||||
Աննա Բաղրյանը ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտի ասպիրանտ է, մասնագիտացումը՝ Տնտեսության, նրա ոլորտների տնտեսագիտություն և կառավարում: Ուսումնասիրում է «Թվային տեխնոլոգիաների [1] ազդեցությունն առևտրային բանկերի կառավարման արդյունավետության բարձրացման վրա» թեման: Գտնում է, որ ֆինանսական աշխարհում տրանսֆորմացիոն ժամանակաշրջան է տիրում, որը միտված է փոփոխելու ավանդական ֆինանսական ծառայությունների մատուցման հայեցակարգը: Սա կանդրադառնա նաև Հայաստանի վրա: Օտար լեզուներից Աննա Բաղրյանը տիրապետում է ռուսերեն, անգլերեն, գերմաներեն, տարրական մակարդակով՝ նաև ֆրանսերեն լեզուներին: Բանկային ոլորտում աշխատանքային գործունեությանը զուգահեռ մասնակցել է մասնագիտական դասընթացների, այդ թվում՝ 2021թ.-ին "Cisco" [2] ընկերության կողմից իրականացվող կիբեռանվտանգության հիմունքների վերապատրաստման դասընթացին: Ֆինանսական ոլորտում տեխնոլոգիաների զարգացման միտումների և անվտանգային ռիսկերի վերաբերյալ ասում է. -Ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ վերջին երեք տարիների իրողությունն ավելի է նպաստել տեխնոլոգիական աճին: Շատ ընկերությունների համար հնարավորությունների ժամանակահատված էր՝ փորձելու գուշակել աշխարհաքաղաքական զարգացումները և կողմնորոշվելու զարգացման ռազմավարության հարցում: Այս տեսանկյունից նկատելի է աշխարհում արագացված անցումն ամպային տեխնոլոգիաների [3], արհեստական բանականության [4] լայն կիրառումը, տվյալագիտության [5] կիրառումը: Նաև առանձնահատուկ կարևորություն են ստանում կիբեռանվտանգության տեսանկյունից տեխնոլոգիական լուծումների կատարելագործումը: Հակառակ դեպքում անվտանգային լուրջ սպառնալիքներ են ստեղծվում տվյալների օգտագործման, պահպանման և փոխանցման համար: -Ո՞ր ուղղությամբ է փոփոխվում ավանդական ֆինանսական ծառայությունների մատուցման հայեցակարգը: -Տեխնոլոգիաների զարգացումը ստիպում է վերանայել այն հայեցակարգերը, որոնք ընկած են ֆինանսական հարաբերությունների հիմքում: Այսօր նույն բլոկչեյն տեխնոլոգիայի [6] կամ կրիպտոարժույթների [7] կիրառումը բազմաթիվ ոլորտներում մարտահրավեր է նետում երրորդ՝ կարգավորիչ կամ միջնորդի դեր ունեցող կառույցի գոյությանն ու անհրաժեշտություն է առաջացնում վերանայել տնտեսության կարգավորման ավանդական հայեցակարգը: Մյուս կողմից համատարած թվայնացումը ստիպում է նոր գործառույթներ ստանձնել և ավելի մեծ ռեսուրսներ հատկացնել կիբեռպաշտպանությանը՝ երաշխավորելու համար ֆինանսական հոսքերի, տվյալների անվտանգությունը: PtoP հարթակները [8] հնարավորություն են տալիս ներդնողին և գաղափարի հեղինակին հանդիպել առանց միջնորդ կառույցների, ինչը փոփոխում է նաև ֆինանսական միջնորդության ընկալումը: Առևտրային բանկերը, որոնք ավանդաբար միջնորդ էին ավելցուկային միջոցներ ունեցողների և նման միջոցների նկատմամբ պահանջ ունեցող տնտեսական հարաբերությունների սուբյեկտների միջև, այսօր գնալով ձգտում են դեպի թվային էկոհամակարգեր: Տիրապետելով հաճախորդի ֆինանսական սովորույթների վերաբերյալ ահռելի տվյալների հենքերի՝ հնարավորություն ունեն վերլուծելու դրանք և օգտագործելու ավելի նպատակային ուղղություններով: -Ի՞նչ ազդեցություն ունեն տեխնոլոգիական զարգացումներն ավանդական ֆինանսական ծառայություններ մատուցող կառույցների վրա: -Տեխնոլոգիական զարգացումները ստիպում են ավանդական ֆինանսական կառույցներին ավելի մեծ ներդրումներ իրականացնել տեխնոլոգիաներում՝ մտնելով մրցավազքի մեջ հատկապես ֆինանսական ծառայությունների ոլորտում սթարթափ [9] ընկերությունների հետ: Սակայն գնահատելու համար, թե որքան են այդ ներդրումները արդյունավետ բաշխվում, անհրաժեշտ է որոշակի ժամանակ: Հայաստանյան իրողության մեջ ֆինանսական ոլորտի սթարթափ ընկերությունները մեծ կենսունակություն չունեն, քանի որ ոլորտի կարգավորումը խիստ է և շուկա մուտք գործելը՝ դժվար: Տեխնոլոգիական լուծումներ մեծամասամբ առաջարկում են ոլորտում փորձառություն ունեցող ընկերությունները, որոնք վերափոխում են իրենց ծառայությունները։ Բանկերն իրենց՝ ռիսկերի կառավարման ավելի մեծ փորձառությամբ և տվյալների լայն բազաներով դեռևս որոշիչ դեր ունեն: Կարծում եմ հետագա զարգացումները ավելի մեծ հնարավորություններ ունեն ընթանալու այս երկու կատեգորիայի սուբյեկտների համագործակցության ճանապարհով: -Ծառայությունների մատուցման ի՞նչ փոփոխություններ եք արձանագրել: -Եթե նախկինում, օրինակ, սպառողական վարկ ստանալու համար անհրաժեշտ էր այցելել բանկի մասնաճյուղ, տվյալներ և փաստաթղթեր ներկայացնել բանկի աշխատակցին, վերջինս պետք է վերլուծություն իրականացներ և արդյունքները ներկայացներ որոշումների կայացման համար, ապա այժմ գործընթացը կարելի է ապահովել անհամեմատ արագ՝ բջջային հավելվածի միջոցով՝ շնորհիվ տվյալների կենտրոնացման, սքորինգային համակարգերի և արհեստական բանականության հիման վրա կառուցված ռիսկային մոդելների կիրառման: Բացի դրանից մասնաճյուղի աշխատակցին սկսում են փոխարինել չաթ բոտերը, հետգործառնական գործառույթները մեծամասսամբ ավտոմատացվում են կամ պատվիրակվում են այս ոլորտում ինովացիաներ առաջարկող կոնտրագենտների: Փոփոխվել են նաև հաճախորդների նույնականացման ավանդական մեթոդները ի հաշիվ կենսաչափական նույնականացման տվյալների կիրառման [10], ճանաչիր քո հաճախորդին KYC գործընթացներում թվային լուծումների կիրառման, ինչն անհամեմատ արագացնում է ֆինանսական գործարքների իրականացումը: -Ինչպե՞ս են անդրադառնում փոփոխությունները ՀՀ բանկային համակարգի վրա: -Հայաստանում ներկայի քաղաքական անորոշությունները ստիպում են շուկայի խաղացողներին զգույշ քաղաքականություն որդեգրել՝ փոփոխություններն իրականացնելով աստիճանաբար: Այս առումով մեծ է նաև ՀՀ Կենտրոնական բանկի կարգավորիչ դերը, որի կողմից իրականացվող միջոցառումները միտված են ֆինանսական կայունության ապահովմանը: Հարկ է նկատել, որ աշխարհաքաղաքական այսպիսի անորոշությունների պարագայում, կախված Ռուսաստանի հանդեպ միջազգային տարբեր հարթակներում ձևավորված դիրքորոշումից, Հայաստանը ևս կարող է մեծ մարտահրավերների առաջ կանգնել, այդ թվում՝ էժան ռեսուրսների ներգրավման, վճարահաշվարկային գործարքների սպասարկման համատեքստում, որոնք կարող են դանդաղեցնել տեխնոլոգիական վերափոխումների գործընթացը: Մյուս կողմից Հայաստանը հնարավորություն ունի նաև բարենպաստ արեալ դառնալու ռեգիոնի տեխնոլոգիական ընկերությունների համար, որը տնտեսական լայն վերափոխումներ է պահանջում և բարենպաստ ու կարգավորված օրենսդրական դաշտ: Այս ամենը կօժանդակի նաև բանկերին՝ անցում կատարելու ֆինանսական ծառայությունների մատուցման կատարելագործված մշակույթի: -Որո՞նք են ֆինանսական ծառայություններ մատուցող կառույցների զարգացման միտումները ՀՀ-ում: -Իմ տեսակետի համաձայն միտումները տանում են դեպի տարածաշրջանային ինտեգրում, և առաջիկա զարգացումները հիմնականում միտված կլինեն վերջինի ապահովմանը: Կարևոր է նկատել վճարահաշվարկային համակարգերի և վարկային տեղեկատվության տարածաշրջանային մակարդակում կենտրոնացմանն ուղղված քայլերը, որոնք միտված են միասնական տնտեսական տարածքի ապահովմանը: Ավելի միկրոմակարդակում նկատելի է հաճախորդամետ լուծումների կիրառումը, հաճախորդի թվային փորձառության բարելավմանն ուղղված քայլերը: Հղումներ
|