| ||||||||
Նարեկ Մարտիրոսյանը ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի հայցորդ է եղել, պատրաստվում է ատենախոսության պաշտպանությանը՝ «Օսմանյան խորհրդարանի հայ պատգամավորների գործունեությունը 1908-1915թթ.» թեմայով: Ուսումնասիրել է ՀՀ-ում և ՌԴ-ում առկա արխիվային նյութերը [1], Օսմանյան խորհրդարանի արձանագրությունները [2], ժամանակի արևմտահայ մամուլը [3]: Հինգ հոդվածի հեղինակ և մեկ գրքի համահեղինակ է: Կարծում է, որ ատենախոսության ընդգրկած ժամանակաշրջանի վերաբերյալ կարելի է նոր խոսք ասել, եթե հնարավորություն լինի ծանոթանալու թուրքական՝ դեռևս չուսումնասիրված արխիվներին: Համարում է, որ թեման ընդգրկող ժամանակաշրջանի և՛ ուսումնասիրությունը, և՛ միջազգային հեղինակավոր ամսագրերի [4] միջոցով գիտական հանրությանը ներկայացնելն անհրաժեշտ է երկու տեսանկյունից: Նախ, 1908-1915թթ. իրադարձությունները նոր մոտեցումներով լուսաբանելը հնարավորություն կստեղծի հաջորդ ուսումնասիրությունները կատարել բոլորովին այլ՝ միջազգային ընդունելի ձևաչափերով։ Երկրորդ՝ պատմագիտական հարցերի անաչառ լուսաբանման արդյունքում հայ-թուրքական դիվանագիտական հարաբերությունները կդրվեն գործնական ուղու վրա: -Հայ դիվանագիտական միտքը պետք է պատրաստ լինի բանակցությունների ցանկացած սցենարի։ Գալիք մարտահրավերներին դիմակայելու համար անհրաժեշտություն է դառնում օր առաջ հասկանալու թուրք դիվանագետների, քաղաքական ու պետական գործիչների կողմից հնչող տրամագծորեն հակադիր հայտարարությունների իրական դրդապատճառներն ու նպատակները։ Ժամանակաշրջանի (1908-1915թթ.) [5] խնդիրների բացահայտումը և վերհանումը հնարավորություն կտա առավել մոտիկից ծանոթանալու ՀՀ-ի հետ հարաբերությունների համատեսքտում թուրքական դիվանագիտության մոտեցմանը հայկական հարցին, մասնավորապես՝ նրա ենթաճյուղերը դարձած սփյուռքի հարցին և Արցախի հարցին։ Հիմնահարցի լուսաբանումն առավել քան արդիական ու հրատապ է մեր օրերում։ -Պարոն Մարտիրոսյան, ի՞նչ խնդիրների եք անդրադարձել հիմնահարցի ուսումնասիրության ընթացքում։ -Որպես անկյունաքար ընդունել եմ ընտրական օրենքի և ընտրախախտումների հիմնախնդիրը, դատաիրավական, վարչատնտեսական խնդիրները, ազգային, հողային [6] և զորակոչի հարցերը, ինչպես նաև՝ կիլիկիահայերի կոտորածի հարցը [7]: -Ո՞ր պատմագետի տեսանկյուն եք հիմնաքարային համարում Ձեր ուսումնասիրության շրջանակում: Ինչո՞ւ: -Ինձ համար հիմնաքարային է Վ. Տատրյանի [8] տեսանկյունը։ Ուսումնասիրելով հնարավորինս շատ բազմալեզու սկզբնաղբյուրներ, հեղինակը կատարել է վիթխարի աշխատանք [9] խնդրի ուսումնասիրման գործում՝ միաժամանակ պահպանելով անաչառությունը։ -Ի՞նչ այլ աղբյուրներից եք օգտվել: -Ուզում եմ առանձնացնել Հայաստանի արխիվներում պահվող նյութերից՝ մեր հիմնահարցին վերաբերող փաստաթղթերը: Այդպիսիք են «Հողային գրավմանց հանձնաժողովի» տեղեկագիրը, արևմտահայության ջարդերի վերաբերյալ Կ. Պոլսի հայոց պատրիարքի նամակը Ամենայն հայոց կաթողիկոսին, «ՀՅԴ-Իթթիհատ հարաբերությունների հաստատումը, սրումը, ընդհատումը» և այլք։ Ի դեպ, ժամանակի հայ գործիչների հուշերն ու աշխատությունները ևս մեծ դերակատարում ունեն Օսմանյան կայսրության ներքաղաքական և արտաքին քաղաքական հիմնախնդիրների բուն էության և դրանց լուծմանն ուղղված հայ պատգամավորների, կուսակցությունների և հասարակական-քաղաքական գործիչների, ջանքերի լուսաբանման, ինչպես նաև թուրք հեղինակների՝ իրադարձությունները գլխիվայր ցույց տալու փորձերը բացահայտելու գործում։ -Ի՞նչ եզրահանգման եք եկել օտարերկրյա աղբյուրներն ուսումնասիրելիս: -Օտարերկրյա արխիվների ուսումնասիրությունը հնարավորություն է տվել ծանոթանալու ժամանակի երկու տերությունների՝ հայ ժողովրդի և Հայկական հարցի նկատմամբ ունեցած դիրքորոշումների վերաբերյալ։ Ռուս և թուրք պաշտոնյաների հուշերի ուսումնասիրման արդյունքում հնարավոր է դառնում պատկերացում կազմել նրանց՝ հայկական բարենորոգումների վերաբերյալ ունեցած կեցվածքի վերաբերյալ։ Երիտթուրք պաշտոնյաների հուշերին ծանոթանալով՝ կարելի է հասկանալ, թե ինչով էին պայմանավորված հայերի նկատմամբ թուրք քաղաքական գործիչների ծրագրերը։ -Իսկ ի՞նչ տարբերություններ կամ հակասություններ եք արձանագրել հայ և թուրք պատմագիտական մոտեցումներում: -Էական հակասություններ են նկատվել երիտթուրք պաշտոնյաների հուշերի և մնացյալ աղբյուրների միջև։ Օրինակ, կա ակնհայտ հակասություն Հակոբ Պապիկյանի զեկուցագրի [10] բովանդակության և Երիտթուրք պաշտոնյաների, մասնավորապես Ջեմալ փաշայի՝ Ադանայի ջարդերի վերաբերյալ մոտեցումների մեջ: Վերջինս փորձում է հերքել իր և կուսակցական ընկերների կապը Ադանայի ջարդերի հետ: Հերքելու փորձ է արվում նաև Թալեաթի հուշերում: Նա նշում է, որ Ադանայի ջարդերին մասնակցել են Կոստանդնուպոլսից վտարված հետադիմական ուժերը, ինչի մասին իրեն հայտնել է անձամբ Հ. Պապիկյանը։ Մինչդեռ Պապիկյանն իր տեղեկագրում նշել է հակառակը, որ կիլիկիահայերի ջարդերի կազմակերպիչները և Կոստանդնուպոլսից ջարդարարներին «գործուղելու» հեղինակները երիտթուրք ղեկավարներն են։ Ինչ վերաբերում է Թուրքիայի հանրապետության՝ Օսմանյան խորհրդարանական արձանագրություններին, ապա դրանք բառացի համապատասխանում են ժամանակի արևմտահայ մամուլում հրապարակված խորհրդարանի նիստերի արձանագրումներին։ -Պարոն Մարտիրոսյան, Դուք “The prevention act of the Armenian deputies of the Ottoman Parliament against the collapse of the Empire. The collapse of empires in the 20th century, new states and new identities” գրքի [11] համահեղինակ եք: Ի՞նչ աշխատանք եք կատարել: -Հեղինակած հատվածը վերաբերում է 1908-1912թթ. Օսմանյան կայսրության ներքին և արտաքին քաղաքական դրությանը, խորհրդարանում հայ պատգամավորների գործունեությանը։ Վերհանվել են ներքաղաքական [12] և արտաքին քաղաքական [13] հիմնախնդիրները, դրանց արդյունքում առաջացած ճգնաժամերը և հայ պատգամավորների՝ իրավիճակի հանգուցալուծմանն ուղղված քայլերը՝ սկսած սահմանադրական բարեփոխումներից և պատերազմական դժվարությունների հաղթահարումից, վերջացրած իթթիհատ-իթիլյաֆ կոնֆլիկտի հարթեցմանն ուղղված գործողություններով։ Ժամանակաշրջանի իրադարձությունների ուսումնասիրման արդյունքում հանգել ենք այն համոզմանը, որ Օսմանյան խորհրդարանի հայ պատգամավորները ջանք ու եռանդ չեն խնայել ներքաղաքական խնդիրների լուծման և կայսրությունը փլուզումից փրկելու համար։ Միաժամանակ հիմնահարցի ուսումնասիրությունը ցույց տվեց, որ երիտթուրքական իշխանությունները ոչ միայն չգնահատեցին հայ պատգամավորների գործունեությունը, այլև ճիշտ հակառակ վերաբերմունքին արժանացրին իրենց հայ գործընկերներին, և շարունակեցին պետականակործան քաղաքականությունը։ -Թեմայի վերաբերյալ հետագա աշխատանքներում ո՞ւմ հետ կցանկանայիք համագործակցել: -Լիբանանահայ պատմաբան Եղիկ Ճերեճյանի հետ, ով աշխատություններ է հեղինակել 1912թ. Օսմանյան երեսփոխանական ընտրությունների, խորհրդարանի պատգամավոր Մեծն Մուրատի [14] և ժամանակի այլ գործիչների մասին։ Ծանոթագրություններ
|