| ||||||||
«Իմ առաքելությունը կյանքում ոչ թե պարզապես գոյատևելն է, այլև բարգավաճելը, և դա անելը որոշակի կրքով, որոշակի կարեկցանքով, որոշակի հումորով և որոշակի ոճով» (“My mission in life is not merely to survive, but to thrive; and to do so with some passion, some compassion, some humor, and some style”. Maya Angelou): Ամերիկացի գրող Մայա Անջելոուի այս խոսքերով է առաջնորդվում ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի երիտասարդ գիտնական Մելինե Բեգլարյանը: Մելինե Բեգլարյանը 31 տարեկան է, Սյունիքի մարզի Բռնակոթ գյուղից: Մասնագիտացված է գյուղատնտեսական հումքի և պարենամթերքի փորձաքննության, սերտիֆիկացման և ստանդարտացման բնագավառներում: «Մասնագիտության ընտրությունը բավականին արկածախնդիր կերպով է եղել, իսկ հիմա արդեն հասկացել եմ՝ ճակատագրի նախախնամությամբ է եղել», - ասում է Մելինեն: 2007-2013 թթ-ին նա սովորել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Պարենամթերքի տեխնոլոգիաների ֆակուլտետում: 2017 թ-ին պաշտպանել է թեկնածուական ատենախոսությունը՝ «Պաստերացված կաթի արտադրության ռիսկերի գնահատում և մածունի տեխնոլոգիայի կատարելագործում» թեմայով, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Աղաբաբյանի ղեկավարմամբ: Ստացել է Ե.18.01 - «Բուսական և կենդանական ծագման մթերքների վերամշակման և արտադրության տեխնոլոգիա» մասնագիտությամբ տեխնիկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճանը: Մելինեն ավելի քան 50 գիտական հոդվածի, 9 ուղեցույցի և ձեռնարկի հեղինակ է: Ընդգրկված է Էրազմուս+ ծրագրում՝ որպես ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի և ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի «Բնապահպանություն և բնօգտագործում» ամբիոնի դասախոս: Համագործակցում է Իտալիայի առողջապահության ազգային ինստիտուտի, Իտալիայի Տուշայի համալսարանի և Եվրոպական Միության Սննդամթերքի անվտանգության լիազոր մարմնի հետ։ Մելինեն Հայաստանից առաջին ներկայացուցիչն է, ով Եվրոպական Միության Սննդամթերքի անվտանգության լիազոր մարմնից (EFSA) հրավեր է ստացել մասնակցելու Եվրոպական ռիսկի գնահատման «EU-FOR A» ծրագրին՝ նախատեսված ԵՄ անդամ պետությունների ներկայացուցիչների համար: Ներկայում Մելինեն ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի Սննդի շղթայի ռիսկերի գնահատման տեղեկատվական վերլուծական կենտրոնի փորձագիտական խմբի ղեկավարն է, կենտրոնի երիտասարդ գիտնականների խորհրդի նախագահը: «Գիտությունների ազգային ակադեմիայի Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնում հայտնվել եմ երջանիկ պատահականությամբ, ինչպես ասում են՝ ճիշտ պահին, ճիշտ վայրում: Դեռ սովորում էի բակալավրիատում, երբ մեկ օրով եկա պրակտիկայի ու մնացի այստեղ՝ սկսելով իմ մասնագիտական ճամփորդությունը», - ասում է Մելինեն: Նա 2020-2021թթ-ին ՀՀ Գիտության կոմիտեի կողմից հայտարարված մրցույթների հաղթողներից է՝ որպես ՀՀ պետական բյուջեի հաշվին իրականացվող գիտական և գիտատեխնիկական գործունեության ծրագրերում և թեմաներում ընդգրկված բարձր արդյունավետությամբ գիտաշխատող: 2021թ-ին Գիտության կոմիտեի հայտարարած մրցույթում շահած «Սննդամթերքում միկոտոքսինների ռիսկի գնահատում» թեմայի ղեկավարն է: Ի՞նչ կարևոր ծրագրեր եք ներկայում իրականացնում: - 2020թ-ից իրականացվում է «Պարենային անվտանգության և սննդանյութերի գնահատման գիտամեթոդական կարողությունների հզորացում» թեմայով ծրագիրը, որի նպատակներից է ազգաբնակչության սննդակարգի վերաբերյալ գիտահեն տեղեկատվության ապահովումը և հանրային իրազեկվածության բարձրացմանն ուղղված աշխատանքների իրականացումը: Ծրագրի գիտական խորհրդատուն Իտալիայի Տուշայի համալսարանի պրոֆեսոր Նիկոլո Մերենդինոն է: Մեկ այլ կարևոր միջազգային համագործակցություն ունենք Իտալիայի առողջապահության ազգային ինստիտուտի գիտական պատասխանատու Ալբերտո Մանտովանիի հետ: Համատեղ աշխատանքները վերաբերում են բնակչության կողմից սպառվող սննդամթերքում քիմիական վտանգների՝ ծանր մետաղների, հակամանրէային նյութերի ռիսկերի գնահատմանը: Ըստ Ձեզ, որո՞նք են Հայաստանում գիտության զարգացման համար առաջնահերթ քայլերը: - Գիտության դերի վերաարժևորումը։ Գիտության զարգացմանը նախ և առաջ նպաստում են այն գիտնականները, ովքեր պատվով ընդունում են Հայաստանի գիտության ոլորտում առկա մարտահրավերները և փորձում են նպաստել ոլորտի զարգացմանը։ Որակյալ, գիտահեն և համապարփակ հետազոտությունների իրականացումը գերծախսատար, «թանկ հաճույք է»։ Եվ կարևոր խնդիրներից մեկն այն է, որ շատ հաճախ գիտական արդյունքներն այդպես էլ գործնական կիրառություն չեն գտնում պետական կառավարման բնագավառում։ Ի՞նչ է անհրաժեշտ երիտասարդ գիտնականին գիտությամբ զբաղվելու համար: - Մոտիվացիա, ինքնակրթմամբ զբաղվելու կամք, համառություն, այլոց օրինակելի փորձն ու գիտելիքը «սպունգի նման քաշելու» ջանք ու եռանդ։ Ինչպե՞ս եք վերաբերվում Հայաստանում հետթեկնածուական կարգավիճակի (PostDoc) համակարգի ներդրմանը: - Դրական։ PostDoc-ը կարող է հեռանկարային լինել գիտությամբ հետաքրքրվողների համար՝ ապահովելով նոր փորձ և մասնագիտական առաջընթաց ունենալու հնարավորություն: Ինչպե՞ս եք գնահատում «Գիտուժ»-ի գործունեությունը, մասնակցո՞ւմ եք «Գիտուժ»-ի նախաձեռնություններին: - «Գիտուժ»-ի նախաձեռնություններին անձամբ չեմ մասնակցել, սակայն երախտագիտությամբ եմ վերաբերվում մեր երկրում գիտության զարգացմանը միտված նախաձեռնություններին: Մելինե Բեգլարյանն իր ազատ ժամանակը նվիրում է ճանապարհորդելուն և սպորտին: Երազում է ապրել հզոր, զարգացած և խաղաղ երկրում: |