| ||||||||
Լուսինե Մովսիսյանը ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի [1] հայցորդ է: Սովորում է թուրքագիտության բաժնում: Ազատ տիրապետում է ռուսերեն, անգլերեն, ադրբեջաներեն և թուրքերեն լեզուներին: Ուսումնասիրում է «Ադրբեջանի ազգային փոքրամասնությունների դերը ՀՀ ազգային անվտանգության համատեքստում» թեման։ Գիտական ղեկավարը պ․գ․թ․, դոցենտ Վահրամ Պետրոսյանն է։ Լուսինե Մովսիսյանը ձեռնարկել և մեկ տարվա կենտրոնացած աշխատանքի արդյունքում հրապարակել է հայերեն-ադրբեջաներեն զրուցարան: Այստեղ տեղ են գտել ավելի քան 4000 առօրյա-խոսակցական բառեր, արտահայտություններ և թեմատիկ երկխոսություններ: Ձեռնարկն օգտակար կլինի և՛ ուսանողների, և՛ այն անհատների համար, ովքեր ձգտում են տիրապետել լեզվին: - Ի՞նչ նմանատիպ ձեռնարկներ ենք ունեցել: - Զրուցարանն իր տեսակով առայժմ եզակի է: Մինչ այժմ ադրբեջաներենի դասագրքից [2] բացի այլ ձեռնարկ չի եղել։ Ընդհանրապես, ՀՀ-ում ադրբեջաներենի ուսուցումը նույն մակարդակում չէ, ինչ Ադրբեջանում՝ հայերենինը։ Հայաստանում ադրբեջաներենի խորացված ուսուցումը սկսվել է 2012թ․-ին՝ ԵՊՀ պատմության ֆակուլտետի կովկասագիտության բաժնում։ Մինչ այժմ մեր հասարակության վերաբերմունքը բացասական է ինչպես լեզվի, այնպես էլ լեզուն ուսումնասիրողների հանդեպ, սակայն իմ խորին համոզմամբ լեզվին տիրապետելը բխում է ՀՀ անվտանգային շահերից։ - Ի՞նչն է խթան հանդիսացել, որ ուսումնասիրեք ադրբեջաներենը: - Հակառակորդ պետության ուսումնասիրությամբ զբաղվելը միշտ իմ հետաքրքությունների շրջանակում է եղել: Մեծ էր ցանկությունը նաև պարզելու, թե ինչ մակարդակում է գտնվում Ադրբեջանում հայոց լեզվի ուսուցումը։ Ուսումնասիրության ընթացքում պարզեցի, որ Ադրբեջանում առնվազն 2 համալսարանում ուսումնասիրում են հայոց լեզուն։ Բացի այս 2 համալսարաններից, գործում են նաև հայերենի ուսուցման անհատական խմբակներ՝ մեծամասամբ անվճար։ Հայոց լեզվի ուսուցումը պետության ուշադրության կենտրոնում է: Անգամ Ադրբեջանի Միլլի Մեջլիսի [3] պատգամավորներն են նշում, որ հայոց լեզվի ուսուցումն ամենևին բարեկամական նպատակով չեն իրականացնում, այլ հակառակը՝ լեզուն սովորում են հարկ եղած դեպքում հակառակորդին իր իսկ լեզվով պատասխանելու համար։ - Ի՞նչ ուսումնասիրություն եք նպատակահարմար գտնում իրականացնելու հաջորդիվ: - Նախատեսում եմ տպագրել զրուցարանի ավելի ընդարձակ տարբերակը, որը կներառի ադրբեջանական ասացվածքներ, ինչպես նաև կունենա քերականական փոքր հատվածներ։ Նաև, նպատակ ունեմ տպագրել հայերեն-ադրբեջաներեն բառարան։ - Ձեր գիտական թեմայի շրջանակներում ի՞նչ այլ ուսումնասիրություն եք իրականացրել: - Ուսումնասիրել եմ Ադրբեջանի ազգային փոքրամասնություններին: Դիտարկել եմ վերջիններիս դերը ՀՀ ազգային անվտանգության համատեքստում։ - Ի՞նչ հրապարակումներ ունեք թեմայի շուրջ: - Անգլերեն երկու հոդված եմ հրապարակել՝ "The importance of studying a foreign language, Azerbaijani in particular, as a component of Ensuring the national security of the republic of Armenia" [4] և "Education in the conditions of the new Coronovirus, trainings of foreign languages in the days of pandemia" [5]: - Ի՞նչ կարգախոսով եք առաջնորդվում: - Հզորացման և կայացման միակ երաշխիքը ոչ պաթետիկ և իսկապես կիրթ սերունդն է։ Լուսինե Մովսիսյանի հայերեն-ադրբեջաներեն զրուցարանի գլխավոր խմբագիրն ադրբեջանագետ Աշոտ Մովսիսյանն է: Զրուցարանի մասին դրական կարծիք է հայտնել բ․գ․թ․Արտյոմ Տոնոյանը։ Երաշխավորվել է «Արցախ» գիտահետազոտական ինստիտուտի գիտական խորհրդի կողմից:
|