Երիտասարդ գիտնականի ամբիոն
Անուշ Հովակիմյան

«Գիտնականները պետք է գրավեն իրենց արժանի տեղը հասարակության սոցիալական սանդղակում»

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի ավագ գիտաշխատող Անուշ Հովակիմյանի կարգախոսն է. «Ճշմարտության չափանիշը՝ փորձն է»:

Անուշ Հովակիմյանը Երևանից է, 35 տարեկան, մասնագիտությամբ՝ քիմիկոս:  Սովորել է Երևանի պետական համալսարանի քիմիայի ֆակուլտետում: 2009 թ-ից աշխատում է ՀՀ ԳԱԱ Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի Մնջոյանի անվան Նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտի «Հոգեմետ միացությունների սինթեզի» թիվ 6 լաբորատորիայում: 2013 թ-ին պաշտպանել է «Կոնդենսված  ֆուրո[2,3-b]պիրիդինների  նոր  կենսաբանորեն ակտիվ  ածանցյալների  սինթեզը  և փոխարկումները» ատենախոսական աշխատանքը, ստացել քիմիական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: Աշխատանքն իրականացրել է քիմիական գիտությունների դոկտոր Սամվել Սիրականյանի գլխավորությամբ:

Անուշն ունի 45 գիտական հոդված, որոնք տպագրվել են արտասահմանյան մի շարք հեղինակավոր ամսագրերում (Tetrahedron; Tetrahedron Lett.; Molecules; RSC Advances; Emerging Microbes and Infections; Curr. Top. Med. Chem.; Arch. der Pharm.; Mendeleev Commun.; J. Pharm. and Pharmacol.; Annals of the Brazilian Academy of Sciences; Curr. Org. Chem.; Chem. Select; Synth. Commun.; Chem. Heterocycl. Compd.; J. Heterocycl. Chem.; Arkivoc; Pharm. Chem. J.; Russ. J. Org. Chem.) և 34 թեզիս տեղական և միջազգային գիտաժողովների թեզիսների ժողովածուներում: 
   Անուշ Հովակիմյանը 2013 թ-ին ճանաչվել է Համաշխարհային հայկական կոնգրեսի, Ռուսաստանի հայերի միության, ՀՀ Սփյուռքի նախարարության և ՀՀ ԳԱԱ կողմից հայտարարված «Լավագույն գիտական աշխատանք» մրցույթի հաղթողը «քիմիայի» բնագավառում: Իսկ 2018 թ-ին նա և Սամվել Սիրականյանը միասին արժանացել են ՀՀ նախագահի մրցանակի: Մրցույթին ներկայացվել է «Հետազոտություններ համակցված ալիցիկլո և հետերոցիկլո[c]պիրիդինների բնագավառում. քիմիական և կենսաբանական հատկությունները» վերնագրով տասներկու գիտական հոդվածների շարք` տպագրված բարձր ազդեցության գործակից ունեցող հեղինակավոր գիտական ամսագրերում:

   Գիտական համագործակցության մասին

   - Ավելի քան մեկ տասնամյակ մեր գիտական խումբը՝ Սամվել Սիրականյանի ղեկավարությամբ, համագործակցում է Սալոնիկի Արիստոտելի անվան համալսարանի պրոֆեսոր Աֆինա Գերոնիկակիի, Բոլոնիայի համալսարանի պրոֆեսոր Դոմենիկո Սպինելլիի, ռուս ակադեմիկոս Վիկտոր Կարցևի, Էրլանգեն-Նյուրնբերգի համալսարանի պրոֆեսոր Սվետլանա Ցոգոևայի, Բելգրադի Կենսաբանական հետազոտությունների ինստիտուտի պրոֆեսոր Մարինա Սոկովիչի գիտական խմբերի հետ: Նրանք Եվրոպայում հայտնի մասնագետներ են քիմիայի և կենսաբանության ոլորտներում: Այս համագործակցությունների շնորհիվ իրականացրել ենք հետազոտություններ, որոնք բարձրացրել են մեր աշխատանքի որակը: Արդյունքում, համատեղ տպագրվել է ավելի քան 30 գիտական հոդված բարձր ազդեցության գործակից ունեցող միջազգային պարբերականներում:
   Հայաստանում համագործակցում ենք ՀՀ ԳԱԱ Նուրբ օրգանական քիմիայի, Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտների հետ, Երևանի պետական համալսարանի և Հայկական պետական մանկավարժական համալսարանի քիմիկոսների ու կենսաբանների հետ, ունենք համատեղ տպագրված աշխատանքներ:
   Վերջերս մեր գիտական խումբը շահել է «Առաջատար հետազոտությունների աջակցության» մրցույթում, որի շրջանակներում սկսել ենք համագործակցել նաև Նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտի հակաբիոտիկների և հակաքաղցկեղային միացությունների սինթեզի լաբորատորիաների երիտասարդ քիմիկոսների հետ:

   Գիտական արդյունքների մասին

   - Մեր բնագավառում գիտնականի ամենամեծ հաջողությունը, արդյունքը նոր, ավելի արդյունավետ դեղամիջոցների ստեղծումն է: Մենք  սինթեզել ենք մի քանի միացություններ, որոնք, համապատասխան ֆինանսավորման դեպքում, ունեն դեղամիջոց դառնալու լավ նախադրյալներ: Օրինակ, սինթեզել ենք բարձր հակաթրոմբոցիտային ակտիվությամբ օժտված միացություն, որն իր ակտիվությամբ գերազանցել է ասպիրինին և պակաս թունավոր է: Սինթեզել ենք բարձր հակավիրուսային ակտիվությամբ միացություններ, որոնք հանդիսանում են արդյունավետ միջոց խոզի աֆրիկյան ժանտախտի դեմ: Սինթեզել ենք նաև միացություններ, որոնք ցուցաբերում են բարձր նեյրոտրոպ հատկություններ և հակացնցումային ակտիվությամբ գերազանցում են զարոնտին դեղամիջոցին և պակաս թունավոր են: Կան նաև հակաբակտերիալ ակտիվությամբ միացություններ: Այս բոլոր արդյունքները տպագրվել են արտասահմանյան հեղինակավոր, բարձր ազդեցության գործակից ունեցող պարբերականներում: 
   
   https://www.scopus.com/authid/detail.uri?authorId=55606936000 
   https://www.researchgate.net/profile/Anush-Hovakimyan 
   https://publons.com/researcher/1708877/anush-hovakimyan/
 
   Գիտնականի վարկանիշի մասին

   - Գիտնականի վարկանիշը բարձրացնելու համար առաջին հերթին պետք է սերմանել հանրության մեջ հարգանք գիտնականի և նրա կատարած աշխատանքի հանդեպ:  Յուրաքանչյուր մարդ պետք է գիտակցի, որ իր երկրի զարգացման հիմքը գիտությունն է, որ գիտնական դառնալը մեծ պատիվ է: Գիտնականն էլ իր հերթին պետք է կատարի միջազգային մակարդակի աշխատանք և ապացուցի, որ արժանի է դրան: Գիտնականները պետք է գրավեն իրենց արժանի տեղը հասարակության սոցիալական սանդղակում: Բարձրացնելով գիտնականի վարկանիշը՝ մենք կլուծենք մարդկային ներուժի խնդիրը, բանիմաց և խոստումնալից երիտասարդ մասնագետները ոչ թե կլքեն երկիրը կամ գիտությունը, այլ կմնան իրենց երկրում և կզարգացնեն այն: Մարդկային միտքն է զարգացման համար գլխավոր ռեսուրսը:
 
   Գիտության զարգացման առաջնահերթությունների մասին

   - Մեզ մոտ պետք է գերակա լինեն գիտարար ուղղությունները, օրինակ, դեղագործական քիմիան, համակարգչային տեխնոլոգիաները, արհեստական բանականությունը և այլն: 
   Մեր բնագավառում կիրառվող տեխնոլոգիաները քիմիա-կենսաբանական համակարգչային ծրագրերն են, որոնք էականորեն ազդում են գիտական հետազոտությունների արագացման և որակի բարձրացման վրա: Մեր հետազոտություններն էլ հարստացնում և ավելի ճշգրիտ են դարձնում նման ծրագրերը:
   Գիտության զարգացման առաջնահերթ քայլերից  է պատշաճ ֆինանսավորումը, ժամանակակից սարքավորումների, նյութերի առկայությունը: Վերջին 2-3 տարիների ընթացքում Գիտության կոմիտեի կողմից կազմակերպվել են բազմաթիվ մրցույթներ, որոնց շնորհիվ հնարավոր է եղել ձեռք բերել անհրաժեշտ ռեակտիվներ և սարքավորումներ, իսկ այս տարի պետությունը բարձրացրեց գիտաշխատողների աշխատավարձերը:
 
   ԲՈՒՀ-երի և ԳԱԱ համագործակցության մասին

   - Ինչպես կրթությունն ու գիտությունը, այնպես էլ հետազոտողն ու դասախոսը, իրար շատ մոտ լինելով հանդերձ, շատ տարբեր են և իրականացնում են տարբեր գործունեություն: Այդ համագործակցությունն ավելի իրատեսական եմ համարում փորձարարական գիտությունների ժամանակ՝ փորձարարական աշխատանքներն իրականացնել ինստիտուտներում, իսկ դասախոսությունները՝ ԲՈՒՀ-երում: Ինչ վերաբերում է PostDoc համակարգին, ապա, իմ կարծիքով, այն, միանշանակ, պետք է լինի:

   «Գիտուժ»-ի մասին

   - Ցանկացած նախաձեռնություն, որի գործունեությունն ուղղված է գիտության ոլորտի ֆինանսավորման բարձրացմանը, զարգացմանն ու հանրայնացմանը, իմ կարծիքով, արժանի է միայն գովեստի և պետք է ունենա անվերապահ աջակցություն:
 
   Գենդերային անհավասարության մասին

   - Իմ կարծիքով, գենդերային անհավասարության խնդիր մեզ մոտ չկա:  Կանայք ունեն իրենց կարևոր տեղը գիտության ոլորտում:

   Մոնիկա Երիցյան