Երիտասարդ գիտնականի ամբիոն
Բաղիշ Հարությունյան

«Ապագան կախված է գիտությունից»

    ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնի գիտաշխատող Բաղիշ Հարությունյան. «Ապագան կախված է գիտությունից: Ինչքան զարգացած է այսօր գիտությունը, այդքան լավ ապագա կունենա այդ երկիրը: Հայաստանում գիտությունը մեծ հեռանկարներ ունի»:

    Բաղիշ Հարությունյանը  30 տարեկան է, ծնվել է Տավուշի մարզի Կողբ գյուղում։  Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Անասնաբուժական բժշկագիտության և անասնաբուծության ֆակուլտետն ավարտելուց հետո ընդունվել է ասպիրանտուրա ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնում (գիտական ղեկավար՝ ան․գ․թ․ Վիգեն Գոգինյան): 2018թ-ին ստացել է կենսաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան, հեղինակ է 10 հոդվածների և միջազգային գիտաժողովների 5 թեզիսների: Երիտասարդ գիտնականը կարևորում է միջազգային հարթակներում փորձի փոխանակումը՝ նշելով, որ այն մեծ հնարավորություններ է բացում:


Մանկական հետաքրքրությունից դեպի լուրջ գիտություն

    Բաղիշ Հարությունյանը դեռ դպրոցական տարիներից հետաքրքրված էր կենսաբանություն առարկայով: Այսօր արդեն մասնագիտությամբ մանրէաբան է, զբաղվում է ֆոտոսինթեզող միկրոօրգանիզմներով. «Կա այնպիսի միկրոօրգանիզմ, որի միջոցով այդ նյութի սինթեզն առաջին անգամ հայտնաբերել է մեր լաբորատորիան, և փորձել ենք մուտացիաների, կլոնավորման միջոցով բարձրացնել տվյալ նյութի արտադրողականությունը»: 

    2015 թ-ից մինչև այսօր Բաղիշը զբաղվում է ծիրանագույն ծծմբային և ոչ ծծմբային ֆոտոսինթեզող բակտերիաների և ցիանոբակտերիաների մեկուսացման, կենսաբանական հատկությունների ուսումնասիրման և 5-ամինալևուլինաթթվի կենսասինթեզի ուսումնասիրման  հարցերով: «5-ամինալևուլինաթթուն ունի կիրառման լայն հեռանկարներ, օժտված է ուռուցքային բջիջներում կուտակվելու ընդունակությամբ, այդ պատճառով կիրառվում է տարբեր տեղակայման չարորակ նորագոյացությունների, ինչպես նաև ոչ ուռուցքային բնույթի մաշկային հիվանդությունների ֆոտոախտորոշման և ֆոտոդինամիկ թերապիայի համար», - ասում է նա։

Միջազգային փորձը և նոր հնարավորությունները

    Բաղիշ Հարությունյանը վերապատրաստվել է Բուլղարիայի Դոբրիչ քաղաքի Միջազգային Համալսարանական Քոլեջում,  Խորվաթիայի Զագրեբի համալսարանի սննդի տեխնոլոգիայի և կենսատեխնոլոգիայի ֆակուլտետում (գիտական ղեկավար՝ պրոֆեսոր Բոժիդար Շանտեկ), այնուհետև Իտալիայի Պադովայի Համալսարանի Կենսաբանության ֆակուլտետում: Այստեղ պրոֆեսոր Էլիզաբետտա Բերգանտինոյի ղեկավարությամբ իրականացրել է «5-ամինալևուլինաթթվի ռեկոմբինանտ շտամ-արտադրիչների կառուցումը՝ Synechocystis ցիանոբակտերիայի  կիրառմամբ» համատեղ գիտահետազոտական աշխատանքը։ 


    Բաղիշը նշում է, որ կան նախադրյալներ տվյալ աշխատանքի հետագա առաջխաղացման համար, ինչպես նաև Պադովայի Համալսարանի Կեսաբանության ֆակուլտետի հետ համագործակցության:

Պադովայի Համալսարան, պրոֆեսոր Էլիզաբետտա Բերգանտինոյի հետ

Ինչպես ունենալ մրցունակ գիտություն

    Բաղիշ Հարությունյանի կարծիքով՝ գիտությունը զարգացնելու համար անհրաժեշտ է բարձրացնել գիտական կազմակերպությունների, ԲՈՒՀ-երի և արտասահմանյան գործընկերների համագործակցության մակարդակը: «Նաև անհրաժեշտ է զարգացնել  գիտական ենթակառուցվածքների և նյութատեխնիկական բազան, պարզեցնել գիտական կազմակերպությունների և  ԲՈՒՀ-երի համար գնումների գործընթացը և զգալիորեն ավելացել ֆինանսավորումը:

    Զարգացնելով ենթակառուցվածքները և նյութատեխնիկական ռեսուրսները՝ հնարավոր կլինի իրականացնել միջազգային ստանդարտներին համապատասխան բարձր որակի գիտական հետազոտություններ, և ստանալ աշխարհում մրցունակ և արժեքավոր գիտական արդյունքներ: Ինչքան բարձր է գիտության մակարդակը և որքան տեսանելի են կիրառական արդյունքները, այդքան բարձր է գիտության վարկանիշը», - ասում է գիտնականը։

    Բաղիշը շեշտում է, որ իր ապագան տեսնում է Հայաստանում՝ ակտիվ համագործակցելով արտասահմանյան գիտնականների հետ և ստեղծելով նոր կապեր: «Լինեմ լավ գիտնական, իմ աշխատանքը լավ կատարեմ», - վստահ է Բաղիշ Հարությունյանը:

   Մոնիկա Երիցյան