Երիտասարդ գիտնականի ամբիոն
Լուսինե Մկրտչյան

«Գիտությունը չպետք է ունենա սահմաններ»

   Լուսինե Մկրտչյանը 25 տարեկան է, մասնագիտությամբ՝ կենսաքիմիկոս: Սովորել է Երևանի պետական համալսարանի կենսաբանության ֆակուլտետում: Այժմ ՀՀ ԳԱԱ Բունիաթյանի անվան կենսաքիմիայի ինստիտուտի ասպիրանտ է և կրտսեր գիտաշխատող: Լուսինեն 9 գիտական հոդվածների ու ամփոփումների (abstract) հեղինակ է, համագործակցում է Ռուսաստանի (պրոֆեսոր Վ. Տուչին, Սարատովի պետական համալսարան), Բելառուսի (պրոֆեսոր Բ. Ջագարով, Բելառուսի ԳԱԱ ֆիզիկայի ինստիտուտ), Ֆրանսիայի (պրոֆեսոր Ժ. Գասեր, Կյանքի ու առողջության քիմիայի ինստիտուտ) գիտական խմբերի հետ:

   Ի՞նչ արդյունքների եք հասել ձեր հետազոտություններում:

   ՀՀ ԳԱԱ կենսաքիմիայի ինստիտուտում կենսաինժեներիայի խմբում իրականացնում եմ հետազոտություններ պորֆիրինների ու ֆոլաթթվի կոմպլեքսների ստացման նպատակով։ Հաջողվել է ստանալ կայուն կոմպլեքսներ, որոնք հեռանկարային է կիրառել քաղցկեղի թիրախային ֆոտոդինամիկ թերապիայում՝ հաշվի առնելով այն, որ քաղցկեղային բջիջների ֆոլաթթվային ռեցեպտորներն առողջ բջիջների համեմատությամբ 100-300 անգամ ավելի են։ Այս կոմպլեքսների ստացումը հետազոտության առաջին քայլն է, որից և բխում են հետագա քայլերը, որոնք կօգնեն բարելավել ֆոտոդինամիկ թերապիայի գործընթացը և ապագայում կնպաստեն քաղցկեղով հիվանդների կյանքի որակի բարելավմանը և բուժմանը։ 

   Ձախից՝ Լուսինե Մկրտյանը, գիտական ղեկավար Գրիգոր Գյուլխանդանյանը, գիտաշխատող Աննա Զաքոյանը


   Ի՞նչն է ազդում գիտության վարկանիշի վրա և ինչպե՞ս է պետք բարձրացնել այն:

   Գիտական արդյունքները պետք է պատշաճ ներկայացվեն միջազգային հարթակներում, որը հնարավոր է ազդեցության գործակցով ամսագրերում տպագրությունների միջոցով: Միջազգային հարթակ դուրս գալու համար անհրաժեշտ է գիտական թեմաների արդիականացում: Կա տեսական ու փորձարարական մեծ բազա, նոր և արդի արգասիքների ստացման հեռանկար, ինչի շնորհիվ հայ գիտնականները մեծ հաջողությամբ կարողանում են դժվար պայմաններում ստեղծել միջազգային համագործակցութուն։ Իմ բնագավառում առաջնահերթ եմ համարում կենսատեխնոլոգիայի ու բժշկության ոլորտներում իրականացվող հետազոտությունները։ Առանձնահատուկ խնդիր է ստացված արդյունքների ապրանքայնացումը։

   Ինչպե՞ս պետք է համագործակցեն ԲՈՒՀ-երը և ԳԱԱ համակարգի կազմակերպությունները:

   Միևնույն ուղղությամբ հետազոտություններ իրականացնող տարբեր գիտական խմբերը պետք է համախմբվեն էլ ավելի լավ տվյալներ ստանալու, խնդիրը բազմակողմանի դիտարկելու համար: Գիտությունը չպետք է ունենա սահմաններ։ Այդ ամենի կազմակերպման նպատակով շատ օգտակար կլիներ տեղեկատվական բազայի ստեղծումը, ինչպես նաև հատուկ դրամաշնորհային ծրագրեր՝ ուղղված ԲՈՒՀ-գիտահետազոտական ինստիտուտ համագործակցությանը։ Հետաքրքիր կլիներ նպաստել ոչ միայն Երևանի, այլև մարզերի գիտական ու կրթական հաստատությունների համատեղ համագործակցությանը, որպեսզի գիտությունը Հայաստանում զարգանա համաչափ։

   Իսկ ի՞նչ է անհրաժեշտ երիտասարդ գիտնականին գիտությամբ զբաղվելու համար:

   Անհրաժեշտ աշխատանքային պայմաններ ու գիտության արժևորում պետական մակարդակով։  

   Ըստ ձեզ, ի՞նչն է խոչընդոտում գիտության զարգացմանը Հայաստանում:
 
   Երիտասարդների համար չկա գիտությամբ զբաղվելու բավարար մոտիվացիա: Աշխատավարձը ցածր է, կադրերի թարմացումն ընթանում է դանդաղ: Բավարար ներդրումներ չկան, ինչի արդյունքում հայ գիտնականը փորձում է լուծել 21-րդ դարի արդի խնդիրը հին մեթոդներով, լավագույն դեպքում համագործակցության միջոցով արտասահմանյան գիտական խմբերի հետ։ Անհրաժեշտություն կա ներդնել նոր մեթոդներ և սարքավորումներ, որոնք չկան Հայաստանում, սակայն անհրաժեշտ են աշխատանքների ամբողջականացման համար։

   Ինչպե՞ս եք վերաբերվում Հայաստանում հետթեկնածուական կարգավիճակի (PostDoc) համակարգի ներդրմանը:

   PostDoc համակարգը ստեղծում է հնարավորություն երիտասարդ գիտնականների առաջխաղացման համար:

   Ինչպե՞ս եք գնահատում «Գիտուժ»-ի գործունեությունը:

   Աջակցում եմ և համարում, որ նման նախաձեռնությունը մեծապես նպաստում է գիտնականների համախմբմանը, հանրությանը գիտության ճիշտ անկյամբ ներկայացմանը ու խնդիրների բարձրաձայնմանը։ 

   Ի՞նչ կարգախոսով եք առաջնորդվում:

   Գիտությունը իրականության պոեզիան է (Science is the Poetry of Reality - Richard Dawkins):

   Մոնիկա Երիցյան