Երիտասարդ գիտնականի ամբիոն
Անուշ Սարգսյան

«Պետության, տնտեսության համար կարևոր է, որ համագործակցեն գիտության և արտադրության ոլորտները»

   Անուշ Սարգսյանը Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն գյուղից է, 30 տարեկան, մասնագիտությամբ՝ քիմիկոս: Սովորել է Երևանի պետական համալսարանի դեղագիտության և քիմիայի ֆակուլտետում: Ներկայում ՀՀ ԳԱԱ օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի հայցորդ է և կրտսեր գիտաշխատող: Անուշը 15 գիտական հոդվածների և 3 թեզիսների հեղինակ է:

   Ձեր ստացած ո՞ր գիտական արդյունքն է ամենակարևորը և ինչո՞ւ:

   «Բազմաֆունկցիոնալ տեղակալված կարբո- և ազացիկլիկ միացությունների սինթեզ ացետոքացախաթթվի N-արիլամիդների և էլեկտրոֆիլ ալկենների փոխազդեցության հիման վրա» թեմայով ատենախոսության ուսումնասիրությունների ընթացքում ստացվել են նախկինում անհայտ բազմաֆունկցիոնալ տեղակալված պիրիդոններ, առաջարկվել է վերջինների ստացման նոր, մատչելի սինթեզի եղանակներ: Ստացված միացությունները ցուցաբերում են կենսաբանական ակտիվություններ, մասնավորապես հակամանրէային և հակաուռուցքային: Հայաստանում, ցավոք, ունենք խնդիր, երբ հակաուռուցքային, հակասնկային, հակամանրէային ակտիվություն ցուցաբերող միացությունները չեն հայտնվում դեղարտադրության, բժշկության մեջ: Դա մեկ մարդու կամ մեկ լաբորատորիայի աշխատանք չէ, դրա համար համակարգված աշխատանք է պետք:

   Ըստ ձեզ, որո՞նք են գիտության զարգացման առաջնահերթություններն ու ռեսուրսները:

   Մեր երկրում նախ պետք է կրթության որակը բարձրացնել: Այնուհետև պետք են ներդրումներ գիտության ոլորտում, պետք է պետական աջակցություն: Պետության, տնտեսության համար կարևոր է, որ համագործակցեն գիտության և արտադրության ոլորտները:
 
   Ինչպե՞ս պետք է բարձրացնել գիտության վարկանիշը:

   Գիտության նկատմամբ մոտեցումը կարող է փոխվել, երբ հասարակությունը գիտակցի գիտության դերը պետության զարգացման գործում: Գիտությունը պետության զարգացման հիմքն է, իսկ գիտության զարգացման համար ներդրումներ են պետք: Առանց ներդրումների անհնար է ունենալ լուրջ արդյունքներ: Մեր լաբորատորիաները պետք է հագեցած լինեն ժամանակակից անհրաժեշտ սարքավորումներով, և այդ դեպքում գիտնականն էլ ավելի նպատակաուղղված կաշխատի:
 
   Ինչպե՞ս եք տեսնում ԲՈՒՀ-երի և ԳԱԱ համակարգի կազմակերպությունների համագործակցությունը:
 
   Որպեսզի ԲՈւՀ-երում ուսանողները ստանան բարձր գիտելիքներ, կարողություններ և հմտություններ, նրանք պետք է ավելի շատ համագործակցեն գիտությունների ազգային ակադեմիայի ինստիտուտների հետ, հաճախակի կազմակերպվեն ուսանող-գիտնական հանդիպումներ:

   Ինչպե՞ս եք վերաբերվում Հայաստանում հետթեկնածուական կարգավիճակի (PostDoc) համակարգի ներդրմանը:

   PostDoc-ի համակարգը լավ հեռանկարներ է բացում գիտությամբ զբաղվող երիտասարդների համար:
Իսկ ինչպե՞ս եք գնահատում «Գիտուժ»-ի գործունեությունը: 
Թեպետ ոչ հաճախ եմ մասնակցում «Գիտուժ»-ի նախաձեռնություններին, բայց մշտապես աջակցում եմ:

   Ի՞նչ կարգախոսով եք առաջնորդվում կյանքում:
 
   Նպաստել, օգնել գիտության զարգացմանը: 


   Մոնիկա Երիցյան