Երիտասարդ գիտնականի ամբիոն
Ժաննա Հարությունյան

«Պետք է փորձել գլոբալ զարգացումները գիտակից ձևով տեղայնացնել մեր պետությունում»

   Ժաննա Հարությունյանը ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի (ՀՀ ԳԱԱ ՓՍԻԻ) [1] հայցորդ է: Ուսումնասիրում է «Մեծ տվյալների (Big Data) [2] տեխնոլոգիաներն արդի քաղաքական գործընթացներում և դրանց կիրառման հնարավորությունները ՀՀ-ում» թեման: 
   Հրապարակել է «Մեծ տվյալների» կիրառումը որպես պետության ռազմական համակարգի արդիականացման հնարավորություն», «Հայկական Բանակ» ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի ռազմագիտական հանդես, N 4(106), 2020թ., էջ. 80-90 և «Քաղաքական համակարգի փոխակերպման մարտահրավերները մեծ տվյալների (Big Data) տեխնոլոգիական արդի շրջանում» [3], «Տարածաշրջան և աշխարհ» գիտավերլուծական հանդես, հատոր XI, № 5, 2020, էջ. 35-45, աշխատությունները։
   - Այս պահին աշխատում եմ երրորդ հոդվածիս վրա «Համալրված ժողովրդավարությու՞ն, թե՞ տոտալ թվային վերահսկողություն» թեմայով։ Այն գրեթե պատրաստ է հրապարակման, սակայն որակյալ բովանդակության համար ժամանակ է պետք ու շատ ջանքեր։ Այս պահին ուսումնասիրում եմ միջազգային հրապարակումների չափանիշները, որպեսզի համապատասխան տեսքի բերեմ հոդվածս։ Ի դեպ, այդ հարցում ինձ մոտիվացրեց տարեվերջյան ունեցածս մի շատ բովանդակալից ու ոչ պատահական հանդիպում-զրույց, որի մասին կխոսեմ ապագայում, երբ ինքս ինձ ու զրուցակցիս տված խոստումը կատարած կլինեմ։

   - Ո՞ր ուղղությամբ եք մտադիր շարժվել՝ մաքուր գիտության, թե՝ առավելապես կիրառական։
 
   - Առհասարակ «զուտ»՝ մաքուր երևույթներ հազվադեպ են պատահում իրական կյանքում, դրանք սովորաբար միախառնվում են հարակից այլ երևույթների հետ, ստեղծելով այն ամենն ինչ մենք շոշափում ենք, զգում ենք, մտածում ենք, գործում ենք և այլն՝ սկսած գույներից, վերջացրած գերատեսչական գործառույթները կամ գիտակարգերը։ Ես չեմ պատկերացնում գիտությունն առանց էմպիրիկ փորձի, իսկ լուրջ կիրառական գործունեությունն առանց գիտական հիմնավորման։ Աշխատանքի և կրթության բերումով գործ ունեմ ապացուցողական հենքով, զուտ գիտական հիմնավորումներ ու փաստեր պահանջող ոլորտների հետ: 
   Մտադիր եմ շարժվել գիտական հիմնավորմամբ կիրառական ծրագրերի իրագործման ուղղությամբ՝ հանդես գալով մեր երկրի համար ամենատարբեր ոլորտների ռազմավարական հստակ պլանավորման աշխատանքներով։ Ասեմ, որ ինձ ամեն օր այդ նպատակին հասնելու համար նոր հմտություններ ու գիտելիքներ են տալիս թե՛ ՊԱՀՀ-ը, թե՛ ԱՀԿ-ն, թե՛ ԳԱԱ-ն, որոնք և ոչ մի ստանդարտ ֆորմալ կրթական հարթակում չէի կարող ձեռք բերել մեկ մասնագիտության շրջանակներում։ 
   Կտրուկ փոխելով գործունեության ոլորտը՝ 2021թ.-ին Ժաննան անցել է երկու միմյանց լրացնող աշխատանքի. ՀՀ պաշտպանության նախարարության ազգային հետազոտական համալսարանի (ՊԱՀՀ) [4] Ռազմահումանիտար գիտությունների հետազոտությունների կենտրոնի գիտնական-վերլուծաբան և Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) [5] հայաստանյան գրասենյակի Վերականգնողական գծով ազգային խորհրդատու: Գործունեությանը ծանոթանալու ընթացքում գալիս ենք կարծիքի, որ գործ ունենք ոչ միայն նախաձեռնող, այլև՝ սկսած աշխատանքը վերջնարդյունքի հասցնելուն ունակ անձի հետ: Իրավացիորեն պնդում է. «Քրտնաջան աշխատի՛ր լռելյայն, և թող որ աղմկի քո հաջողությունը»:
 
   - Ի՞նչն է դրդել Ձեզ դեպի խաղաղարար առաքելություն:

   - Այս նպատակներն ինձ մոտ առավել ամրապնդվեցին Արցախյան պատերազմից հետո, երբ առավել խորքային ու բազմակողմանի սկսեցի մտածել պատերազմի պատճառների ու հետևանքների մասին։ Ռազմական գործողությունների 44 օրերին ուժերիս ներածի չափով փորձում էի օգտակար լինել հայրենիքիս ու մեր զինվորներին (իմ գործունեությունը բացառիկ չէր, բոլորս էինք այդ օրերին փորձում անել հնարավորն ու անհնարինը)։ Երբ ինձ հնարավորություն տրվեց ավելի գլոբալ բարեփոխումներ կատարելու իմ երկրում գոնե մեկ ոլորտում, ես ընդունեցի այն որպես մարտահրավեր։ Այսօր, աշխատելով զինվորականների հետ ու նրանց վերականգնողական կարիքների համար, առավել լավ եմ հասկանում, թե որքան անելիքներ ունենք բոլոր ոլորտներում՝ սկսած առողջապահությունից, վերջացրած անվտանգային համակարգով, ու չպետք է սպասենք նոր աղետի, որ գիտակցենք այդ ամենը։ Հիմա առավել քան պարտավոր ենք մեր հերոս զինվորների առջև․․․ Եթե ոչ մենք, ապա ո՞վ պիտի շենացնի ու ոտքի կանգնեցնի մեր երկիրը։

   - Աշխարհը գնում է գլոբալացման: Ի՞նչ քայլեր կձեռնարկեիք Հայաստանի զարգացման և աշխարհին համընթաց քայլելու համար: 

   - Այս հարցին լիարժեք պատասխանելու համար, թերևս ժամանակը չի բավականացնի նույնիսկ մեկ գիտաժողովի շրջանակներում։ Ի դեպ, պնդումը, թե «աշխարհը գնում է գլոբալացման», որոշ առումներով վիճելի է (եթե դիտարկենք Չինաստանի ներկայիս քաղաքականությունը, հիշենք «Բրեքզիթը», թեկուզ վերլուծենք աշխարհաքաղաքականությունը վերջին համավարակի ընթացքում)։ Գլոբալ աշխարհի կառուցման մի քանի փորձեր եղել են, սակայն դրանք մեկ անգամ չէ, որ ձախողվել են, ու աշխարհն էլ կրկին պառակտվել է՝ տապալելով գլոբալացման վերջնարդյունքը։ Իսկ Հայաստանի զարգացումն ու աշխարհին համահունչ քայլերը պարտադիր չէ, որ գլոբալացման արդյունք, հետևանք կամ դրա հետ փոխկապակցվածություն ենթադրեն։ Կարևորը ճիշտ պետական ռազմավարություն մշակելն է՝ հաշվի առնելով ու վերլուծելով միջազգային փորձը, կուտակված գիտելիքն ու հսկայածավալ տվյալները։ Իսկ եթե, այնուամենայնիվ, իրական ու ճշմարիտ համարենք հարցում հնչած պնդումը, ապա աշխարհում տարբեր հիմնախնդիրների առնչությամբ կան դրանց հաղթահարման ու բարեփոխման բավականին լավ փորձ, արդյունավետ ու կիրառելի գործիքներ, տվյալ խնդիրների մասով աշխարհի տարբեր պետությունների անցած նույնքան քարքարոտ ուղիներ ու հաղթահարման մեխանիզմներ։ Պարզապես պետք է պատրաստ լինել ինքնաքննադատության, իրատեսականորեն գնահատել մեր ուժեղ և թույլ կողմերը, հնարավորություններն ու սպառնալիքները գլոբալ համատեքստում։ Վերջապես, ելնելով միջազգային փորձից, համադրելով այն մեր իրականության հետ և հաշվի առնելով ազգային առաջնահերթություններն ու պետական շահը, պետք է փորձենք «գլոբալը» տեղայնացնել ու ադապտացնել մեր պետությունում գիտակից ձևով։ 

   - Համադրելով փորձը՝ ի՞նչ գլոբալ քայլեր կձեռնարկեիք մարդկության զարգացման համար: 

   - Մարդության զարգացման համար Միավորված ազգերի կազմակերպությունն արդեն իսկ սահմանել է Կայուն զարգացման գլոբալ նպատակները, դրանք 17-ն են։ Այս պահին անձամբ ԱՀԿ-ի առաքելության շրջանակներում աշխատում եմ դրանցից երրորդի վրա՝ «Ամուր առողջություն և բարեկեցություն բոլորի համար»։ Առաջիկայում շարունակելու ենք այդ ուղղությամբ համակարգային զարգացումն ազգային մակարդակում, որը սկսեցինք 2020 թ․-ի պատերազմի հետևանքով որպես արտակարգ իրավիճակների արձագանք, սակայն ի ուրախություն մեզ, այսօր ռազմավարական զարգացման հնարավորություն ունենք բոլոր կառուցվածքային բլոկերով։ Վերոնշյալից զատ, հետաքրքրվում եմ «Խաղաղության հայեցակարգի» զարգացմամբ ու խաղաղարար առաքելությամբ: Խոսքը ողջ մարդկության գլոբալ անվտանգության մասին է, որտեղ յուրաքանչյուր ոք իրեն պետք է ապահով ու պաշտպանված զգա  թե՛ մարդածին, թե՛ տեխնածին, թե՛ բնածին աղետներից ու արհավիրքներից։ Նաև ժամանակ եմ հատկացնում մասնակցելու այդ թեմայով ոչ ֆորմալ կրթական միջազգային ծրագրերի։ 

   - Ո՞վ է գիտության մեջ Ձեր կուռքը: Ինչո՞վ կցանկանաք նրան գերազանցել: 

   - Կուռքեր առհասարակ չունեմ։ Հատկապես գիտության մեջ փորձում եմ առաջնորդվել առաջին հերթին խորին ուսումնասիրության ու ճանաչողության, հետո հերքման, վերջում, վերադառնալով ուսումնասիրվող երևույթի մասին նախնական կարծիքին, հաստատական կամ ժխտման սկզբունքներով։ Բայց այդ եռափուլ գործընթացում չեմ կարող չնշել այնպիսի գիտնականների, որոնց աշխատություններից մեծապես ազդվել են իմ գիտաճանաչողական հայացքները՝ Սպենսեր, Դյուրկհայմ, Պարսոնս, Մերտոն, Մարքս, Դարենդորֆ, Զիմել, Հաբերմաս, Լուման, Կաստելս... Նկատենք, որ նրանք բոլորն էլ սոցիալական մտածողներ են, քանի որ բազային մասնագիտությունս սոցիոլոգիան [6] է։  Կարծում եմ գիտնականի գերնպատակը պետք է լինի ոչ թե նախորդ մտածողներին գերազանցելը, այլ նրանց ստեղծածի վրա մի նոր քար դնելը և շարունակել կառուցելը։ Իսկ եթե խոսում ենք գիտական մտածողության կառուցման մասին, ապա այստեղ կարևոր է ուսումնասիրության օբյեկտը և առարկան, որից էլ կախված կլինի, թե որ տեսության վրա կհիմնվենք։ Չէ՞ որ կան հակասական կամ իրարամերժ տեսություններ, և եթե անգամ շատ ենք սիրում որևէ հեղինակի մտքերն ու շարադրանքը, սակայն նրա հայացքները էական հակասություն ունեն մեր ուսումնասիրության հետ, կամ որևէ այլ տեսություն շատ ավելի նպատակահարմար է կիրառելը, ապա պետք է առաջնորդվենք գիտության գերակա շահով, ոչ թե զուտ նախասիրությամբ։

   - Ո՞րն է Ձեր կյանքի կարգախոսը:

   - «Մինչև չփակես հին դռները, չես բացի նորերը»․ սովորաբար մարդիկ վախենում են փոփոխություններից, քանի որ յուրաքանչյուր փոփոխություն բերում է իր հետ տուրբուլենտության ու անորոշության մի շրջան, որը դժվար հաղթահարելի է։ Սակայն եթե ցանկանում ենք աճել ու կատարելագործվել, պիտի դուրս գանք «կոմֆորտի զոնայից», պիտի պատրաստ լինենք նոր փորձառության։  


   Հղումներ

  1. ՀՀ ԳԱԱ ՓՍԻԻ՝ https://www.sci.am/orgsview.php?id=32&langid=1
  2. Big data is a field that treats ways to analyze, systematically extract information from, or otherwise deal with data sets that are too large or complex to be dealt with by traditional data-processing application software, https://en.wikipedia.org/wiki/Big_data
  3. Ժաննա Հարությունյան, «Քաղաքական համակարգի փոխակերպման մարտահրավերները մեծ տվյալների (Big Data) տեխնոլոգիական արդի շրջանում», «Տարածաշրջան և աշխարհ» գիտավերլուծական հանդես, հատոր XI, № 5, 2020թ.,  էջ 35-45՝ http://geopolitika.am/dir/wp-content/blogs.dir/1/files/2020_5.pdf
  4. Համալսարանը ստեղծվել է ՀՀ ՊՆ Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի հիմքի վրա՝ https://www.mil.am/hy/structures/63
  5. Միավորված ազգերի կազմակերպությանը պատկանող միջկառավարական կազմակերպություն է, կենտրոնական գրասենյակը Ժնևում է՝ https://www.who.int/
  6. Sociology is a social science that focuses on society, human social behaviour, patterns of social relationships, social interaction, and aspects of culture associated with everyday life, https://en.wikipedia.org/wiki/Sociology

   Հերմինե Օհանյան