Երիտասարդ գիտնականի ամբիոն
Աստղիկ Ղազարյան

«Միայն գիտակից և խելացի սերունդը կարող է օգնել պետությանը հաղթահարել մարտահրավերները»

   ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի գիտաշխատող Աստղիկ Ղազարյան. «Հաջողության հասնելու առաջին քայլը հավատն է ինքդ քո հանդեպ»:

   Աստղիկ Ղազարյանը 23 տարեկան է, Արմավիրից է, մասնագիտությամբ՝ ֆիզիկոս-տեսաբան: Սովորել է Հայկական պետական մանկավարժական համալսարանի մաթեմատիկայի, ֆիզիկայի և ինֆորմատիկայի ֆակուլտետի ֆիզիկա բաժնում: Ներկայում Աստղիկն աշխատում է ՀՀ ԳԱԱ ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի նյութական ալիքների ֆիզիկայի լաբորատորիայում, նաև Արմավիրի պետական բժշկական քոլեջում որպես ֆիզիկայի դասախոս: Մասնակցում է «Ասպիրանտների և երիտասարդ հայցորդների հետազոտությունների աջակցության ծրագիր-2021»-ին, որի շրջանակներում նախատեսվում են գիտական հոդվածների հրապարակումներ: Աստղիկի ատենախոսության թեման է «Բոզե կոնդենսատների երկմակարդակ դինամիկան», որը նա պատրաստում է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս-քարտուղար Արթուր Իշխանյանի ղեկավարմամբ:
 
   Ինչո՞ւ ֆիզիկա

   - Ի սկզբանե ուզում էի դառնալ հաշվապահ կամ տնտեսագետ, բայց մանկավարժական համալսարանում՝ երրորդ կուրսում, հանդիպեցի Արթուր Իշխանյանին, ով այնքան հետաքրքիր ներկայացրեց ֆիզիկան, որ որոշեցում կայացրեցի հենց այս ոլորտում մնալու, այս ուղղությամբ շարունակելու: Եվ, իհարկե, չեմ զղջում:

   Պետություն-գիտություն-հասարակություն շղթան ու խնդիրները

   - Խորն են մեր խնդիրները: Մենք պատերազմող երկիր ենք, ուրիշ տարբերակ չունենք, պետք է զարգացնենք գիտությունը: Ոլորտը գրավիչ դարձնելու համար պետք է աջակցել գիտնականներին, խրախուսել, գնահատել նրանց աշխատանքը, զարգացնել ենթակառուցվածքները: Գիտությամբ զբաղվելը պետք է երիտասարդների համար դառնա անհրաժեշտություն և առաջնահերթություն։ Մեզ պետք են այնպիսի ծրագրեր, որոնք կապահովեն արտասահմանում մասնագետների վերապատրաստումը և նրանց վերադարձը, որպեսզի զարգացնեն գիտությունը հայրենիքում։ 
   Նաև  պետք է փոխել հասարակության վերաբերմունքը գիտության և գիտնականի նկատմամբ, փոխել այս անտարբեր մթնոլորտը: Տարիներ շարունակ հասարակության մեջ ձևավորվել է գիտության հանդեպ թերհավատություն։ Միայն գիտակից և խելացի սերունդը կարող է օգնել պետությանը հաղթահարել մարտահրավերները և դուրս գալ ներկայիս իրավիճակից։

   Գիտական համագործակցության մասին

   - Շատ եմ կարևորում միջազգային և ներքին համագործակցությունը: Գիտությունների ազգային ակադեմիայի համակարգի կազմակերպությունները և բարձրագույն ուսումնական հաստատությունները պետք է սերտ կապեր ստեղծեն։ Ուսանողները պետք է օգտվեն Հայաստանում առկա բոլոր հնարավորություններից, ռեսուրսներից, ինչը կապահովի նրանց բարձրորակ կրթությունը։ Նրանք պետք է տեսնեն այնպիսի օրինակներ, որ ձգտեն դառնալ լավագույնը իրենց ոլորտում։ Ուսանողները պետք է ներգրավված լինեն տարբեր գիտական ծրագրերի և միջոցառումների մեջ, նրանց օրը հագեցած լինի գիտական նորություններով։ Հիմա անտարբերությունը, ցավոք, շատ է ուսանողների մոտ:


   PostDoc-ի մասին

   - Հայաստանում հետթեկնածուական կարգավիճակի (PostDoc) համակարգի ներդրումը կօգնի զարգացնել գիտությունը և երիտասարդացնել այն: Յուրաքանչյուր փոփոխության արդյունքները տեսնելու համար անհրաժեշտ է ժամանակ։

   «Գիտուժ»-ի մասին

   -  Շատ կարևոր և ահռելի աշխատանք են կատարում: Ես ինքս աջակցում եմ «Գիտուժ»-ի նախաձեռնություններին և կարծում եմ, որ կհաջողվի մեծ փոփոխություններ իրականացնել գիտության ոլորտում, փոխել հասարակության և կառավարության վերաբերմունքը գիտության և գիտությամբ զբաղվող մարդկանց հանդեպ։

    Մոնիկա Երիցյան