Երիտասարդ գիտնականի ամբիոն
Էլիզա Գյուլգյուլյան

«Այսօր երկիրն ուժեղ է այնքանով, որքանով զարգացած են իր տեխնոլոգիական հնարավորությունները»

    ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի գիտաշխատող Էլիզա Գյուլգյուլյան. «Այսօր երկիրն ուժեղ է այնքանով, որքանով զարգացած են իր տեխնոլոգիական հնարավորությունները: Մասնագիտական ներուժ, իմ կարծիքով, մենք ունենք: Պետք է գտնել «պայծառ ուղեղներին» և համապատասխան միջավայր ստեղծել, որպեսզի նրանք կարողանան իրենց ամբողջ ժամանակը տրամադրել գիտական աշխատանքին»:


    Էլիզա Գյուլգյուլյանը 29 տարեկան է, Երևանից է: Սովորել է ԵՊՀ-ում ակտուարական և ֆինանսական մաթեմատիկա, այնուհետև ՀՀ ԳԱԱ ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտում ինֆորմատիկա և հաշվողական տեխնիկա: Ներկայում նույն ինստիտուտի հայցորդ է: Էլիզան դասավանդում է ֆրանսիական համալսարանում մարդ-համակարգիչ փոխհարաբերություններ առարկան, նաև Հայաստանի միջազգային Բրիտանական դպրոցում, նրան կից ուսումնական կենտրոնում և ԱՄՆ-ի ուսումնական կենտրոններում՝ մաթեմատիկա առարկան:

    Էլիզան իր ատենախոսական աշխատանքի մի մասն իրականացնում է ՀՀ ԳԱԱ ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտում՝ տնօրեն Հրաչյա Ասցատրյանի ղեկավարմամբ, իսկ մյուս մասը՝ ֆրանսիայի Թուլուզ 3 Պոլ Սաբատիե համալսարանում՝ Ֆրանկ Ռավատի և Ժուլիեն Ալիգոնի ղեկավարմամբ:

Սեր՝ դեպի թվեր և թռիչք՝ դեպի մեծ տվյալների «աշխարհ»


   
«Թվերի հանդեպ սերն ու հետաքրքրությունը մանկուց է գալիս, սիրում եմ խնդիր լուծել. հրաշալի զգացողություն է, երբ աշխատում ես մի դժվար խնդրի վրա և, ի վերջո, հասնում դրա լուծմանը», - ասում է Էլիզան: Երիտասարդ գիտնականն աշխատում է մեծ տվյալների որակի չափանիշների ոլորտում։ Ատենախոսական աշխատանքի շրջանակներում մտահաղացում է առաջացել ստեղծել մի համակարգ, որը թույլ կտա կատարել տվյալների վերլուծություն մինիմալ ծախսերով. «Այդպիսի համակարգը ձեռնտու կլինի օգտագործել մանր և միջին ընկերություններին, որոնք գործ ունեն մեծ տվյալների հետ, բայց չունեն բավականաչափ ռեսուրս դրանք համակարգելու, այնուհետև վերլուծություններ կատարելու: Ցավոք, չեմ կարողանում ամբողջ ժամանակս տրամադրել իմ մտահաղացման իրագործմանը, դասավանդումը ևս շատ ժամանակատար է, բայց համագործակցում եմ ատենախոսական աշխատանքիս ղեկավարների հետ, և հույս ունեմ հնարավորին շուտ իրագործել իմ ծրագիրը»:

Գիտնականին մոտիվացիա է պետք

    Ըստ Էլիզա Գյուլգյուլյանի՝ գիտության զարգացման գլխավոր ռեսուրսը մարդն է՝ գիտնականը, իսկ գիտնականին այսօր մոտիվացիա է պետք. «Իմ օրինակով ասեմ. ինձ դուր է գալիս գիտական միջավայրը, անընդհատ հետազոտելը, դասավանդելը, բայց ես պայքարելով եմ մնում այս միջավայրում։ Իհարկե, խոսքը ֆինանսների մասին է: Գուցե գիտնականի աշխատանքը գնահատում են, բայց բավականաչափ չեն վարձատրում, որպեսզի ինքը կարողանա ամբողջությամբ նվիրվել միայն գիտությանը: Երիտասարդները հիմա նպատակ են դնում գնալ արտերկրում սովորել և աշխատել, իսկ ես կնախընտրեի, որ  այլ երկրներից գային մեզ մոտ սովորելու և աշխատելու: Գիտությամբ զբաղվող երիտասարդը պետք է կարողանա իրեն զգալ լիարժեք աշխատող և վարձատրվի ըստ արժանվույն»:  

Տեխնոլոգիաներով ուժեղացնել երկիրը

    «Մեր ոլորտն աշխարհում շատ արագ է զարգանում: Պետք է ավելի շատ ներդրում լինի ոլորտում, որպեսզի աշխարհի հետ հավասար շարժվենք առաջ: Իսկ ներդնել հարկավոր է կրթության զարգացման մեջ։ Այսօր երկիրն ուժեղ է այնքանով, որքանով զարգացած են իր տեխնոլոգիական հնարավորությունները: Մասնագիտական ներուժ, իմ կարծիքով, մենք ունենք: Պետք է գտնել «պայծառ ուղեղներին» և համապատասխան միջավայր ստեղծել, որպեսզի նրանք կարողանան իրենց ամբողջ ժամանակը տրամադրել գիտական աշխատանքին», - ասում է Էլիզա Գյուլգյուլյանը։ 

PostDoc-ի մասին

    Ըստ երիտասարդ գիտնականի՝ եթե Հայաստանում հետթեկնածուական կարգավիճակի (PostDoc) համակարգը ներդրվի ըստ արժանվույն, դրական ազդեցություն կունենա. «PostDoc անողները գիտության մարդիկ են, գլուխներն են, ստեղծողներն են: Եթե մեզ մոտ այն իրականացվի այնպես, ինչպես աշխարհում է, հրաշալի կլինի»:

    Մոնիկա Երիցյան