Երիտասարդ գիտնականի ամբիոն
Մուշեղ Ղահրիյան

ԵԳԱԾ-ի մրցույթների շահառու

ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող, ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի խմբի ղեկավար, պատմական գիտությունների թեկնածու Մուշեղ Ղահրիյանը ճանաչվել է «Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի» երկու մրցույթի շահառու։ 

Մուշեղ Ղահրիյանն արաբագետ է,  20 գիտական հոդվածի հեղինակ, որոնցից 3-ը հրապարակվել են «Scopus» գիտատեղեկատվական շտեմարանի ամսագրերում։ 

Երիտասարդ գիտնականների աջակցմանն ուղղված ծրագրերը, ըստ նրա, կարևոր խթան են թիմային աշխատանքի խրախուսման և օտարերկրյա գիտնականների հետ համագործակցության համար։ 

Որպես «Հասարակական, հայագիտական և հումանիտար ոլորտներում հետազոտությունների մրցույթ»-ի շահառու՝ Մուշեղ Ղահրիյանը պարզելու է Հայաստանի վերաբերյալ ընկալումներն արաբական աշխարհում՝ արաբական մեդիայի ուսումնասիրության միջոցով: 

«Մեդիան ոչ միայն տեղեկության փոխանցման ու տարածման կարևորագույն գործիք է, այլ նաև հանրային կարծիքի, ընկալումների ձևավորման։ Կարևոր ենք համարում հասկանալ և ներկայացնել, թե Հայաստանն ու հայերը սովորաբար ինչ համատեքստում են հայտնվում արաբական մեդիայի լրահոսում, որ թեմաներն են առավել հետաքրքիր նրանց համար, ինչ լույսի ներքո են ներկայացնում։ Հետազոտությունը թույլ կտա պարզել, թե Հայաստանի վերաբերյալ ինչ ընկալումներ են փոխանցվում, ինչ կարծրատիպեր ու կերպարներ են ձևավորվում, որքանով է լուսաբանումն անկողմնակալ», - ասում է Մուշեղ Ղահրիյանը։

Ուսումնասիրությանը մասնակցելու են նաև ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի կրտսեր գիտաշխատող Ռուզաննա Գասպարյանը և ԵՊՀ Պատմության ֆակուլտետի ասպիրանտ Տարոն Առաքելյանը։ Իսկ թեմայի արտասահմանյան խորհրդատուն Քեմբրիջի համալսարանի Ասիական և Մերձավորարևելյան ուսումնասիրությունների ֆակուլտետի դասախոս Էլիզաբեթ Մոնիերն է, ով մասնագիտացած է Մերձավոր Արևելքի ժամանակակից պատմության և քաղաքականության ուսումնասիրության մեջ։ 

Մուշեղ Ղահրիյանը ճանաչվել է  նաև ԵԳԱԾ-ի «Գիտական հոդվածների տպագրության համար երիտասարդ գիտնականներին խրախուսման մրցույթի» շահառու՝ «The independence referendum in Iraqi Kurdistan: the position of Egypt and the coverage in Egyptian online media» հոդվածով։ Այն հրապարակվել է «British Journal of Middle Eastern Studies»-ում, որը հրատարակվում է բրիտանական խոշոր «Routledge» հրատարակչության կողմից։

«Հոդվածը նվիրված է 2017 թվականին Իրաքյան Քուրդիստանում տեղի ունեցած անկախության հանրաքվեի վերաբերյալ Եգիպտոսի պաշտոնական դիրքորոշման և եգիպտական մեդիայի արձագանքների ուսումնասիրմանը։ Հանրաքվեի «թեժ շրջանում» գիտական, փորձագիտական շրջանակների, մեդիայի ուշադրությունն հիմնականում կենտրոնացած էր Թուրքիայի, Իրանի, ԱՄՆ-ի դիրքորոշման վրա, մինչդեռ արաբական երկրները, կարծես, ստվերում էին մնացել։ Ինձ հետաքրքիր էր արաբական աշխարհում, մասնավորապես, Եգիպտոսում ինչպիսի վերաբերմունք կա քրդական հանրաքվեի նկատմամբ, ինչ հարցեր ու խնդիրներ են բարձրացվում, խնդիրն ինչ համատեքստում է ներկայացվում։ Հոդվածում ներկայացվել և վերլուծվել են Եգիպտոսի պաշտոնական դիրքորոշման դրդապատճառները։ Հետաքրքիր էր նաև, թե հարցն ինչպես է լուսաբանվում եգիպտական ոչ կառավարական մամուլում։ Գերակշռող տեսակետն այն էր, որ Իրաքի քրդերի՝ անկախության հասնելու դեպքում ծանր հետևանքներ կլինեն արաբական երկրների համար, ընդհուպ՝ մինչև բազմաթիվ արաբական երկրների մասնատում։ Եգիպտական մամուլում հաճախ էր հանդիպում նաև տեսակետը, որ քրդերին աջակցում կամ հովանավորում են Իսրայելն ու ԱՄՆ-ն», - պատմում է հեղինակը։ 

Մուշեղ Ղահրիյանը կարևորում է արաբական երկրների ուսումնասիրությունը Հայաստանի և հայ ժողովրդի հետ ունեցած հարաբերությունների տեսանկյունից․ «Կան հայ-արաբական բազմադարյա առնչություններ, հարուստ նյութ, որն ուսումնասիրվել է և շարունակվում է ուսումնասիրվել։ Արաբական երկրները Հայաստանին աշխարհագրորեն մոտ են, և այդ հանգամանքը ևս կարևոր է դարձնում դրանց ուսումնասիրությունը։ Կարևորելով բազմակողմանի հետազոտությունները՝ կարծում եմ՝ արտաքին հարաբերություններից, կոնֆլիկտներից բացի արդիական է ուսումնասիրել արաբական երկրների ներքաղաքական, հասարակական կյանքում առկա խնդիրները, տեղի ունեցող փոփոխությունները և միտումները»։

Լուսանկարը՝ orient.sci.am 

Մոնիկա Երիցյան