COVID-19
ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտ

    ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի (ՄԿԻ) կազմում գործում են մի շարք լաբորատորիաներ և գիտական խմբեր, որոնց հետազոտական ուղղությունները, մասնագիտական փորձը և կարողություններն անմիջականորեն առնչվում են վիրուսաբանության ոլորտին և կարող են իրենց կիրառությունը գտնել Cov-2019-ով պայմանավորված՝ հանրապետությունում ստեղծված իրավիճակում։ Հետազոտությունների հիմնական նպատակն է ԴՆԹ և ՌՆԹ վիրուսային վարակների ախտաբանության մոլեկուլային մեխանիզմների ուսումնասիրությունը և արդյունավետ հակավիրուսային դեղամիջոցների ստեղծումը: Իրականանում են կենսաինֆորմատիկական հետազոտություններ՝ ուղղված վիրուսային հիվանդությունների դեմ նոր կենսաակտիվ նյութերի բացահայտմանը, ինչպես նաև հետազոտվում են հիվանդությունների զարգացման գենետիկական ռիսկերը, մշակվում կանխորոշիչ գենետիկական թեստ-համակարգեր։
    Նշված ուղղություններով ինստիտուտի գիտական ստորաբաժանումների կողմից իրականացվել են բազմաթիվ միջազգային և պետական գիտական նախագծեր, իսկ հետազոտությունների արդյունքները հրատարակված են ոլորտի ամենահեղինակավոր միջազգային գիտական ամսագրերում։
    Ինստիտուտի հակավիրուսային պաշտպանության մեխանիզմների հետազոտման խումբն ու կենսաբանական գործընթացների համակարգչային մոդելավորման լաբորատորիան ուսումնասիրում են նոր կորոնավիրուսի սպիտակուցների կառուցվածքային յուրահատկությունները՝ օգտագործելով համակարգչային մոդելավորման և կանխորոշման տարբեր ալգորիթմներ։ Առաջնային արդյունքները թույլ են տալիս ենթադրել, որ SARS-CoV-2 սպիտակուցների մոտ կեսն ունեն խանգարված (intrinsically disordered) կառուցվածք, որը կարող է դժվարացնել նոր դեղերի նախագծման (drug design) աշխատանքները։ Հետազոտությունը պատրաստ կլինի գիտական տպագրման առաջիկա ամսվա ընթացքում։
    Նույն խմբի կողմից ուսումնասիրվում է նաև բոլոր կորոնավիրուսների ֆիլոգենետիկան՝ ծագումնաբանությունը։ Այս հետազոտությունը նույնպես պատրաստ կլինի գիտական տպագրման առաջիկա ամսվա ընթացքում։
    Ինստիտուտի կենսաինֆորմատիկայի խումբը և էվոլյուցիոն գենոմիկայի լաբորատորիան ուսումնասիրում են վիրուսի ռեցեպտոր հանդիսացող մարդու ACE2 գենի ֆունկցիոնալ (կառուցվածքը և էքսպրեսիան պայմանավորող) գենետիկական պոլիմորֆիզմների հաճախությունը հայկական պոպուլյացիայում՝ ինստիտուտում առկա ամբողջական գենոմի և էքզոմի սեքվենավորման տվյալների հիման վրա։ Այս հետազոտությունները կարող են կարևոր տվյալներ տրամադրել վարակի տարածման մոդելավորման համար։

    Ելնելով վերոնշյալից՝ ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտը առաջարկում է մի շարք գործողություններ, որոնք կապահովեն Հայաստանում վիրուսաբանական հետազոտությունների ենթակառուցվածքի զարգացումը, դրա արդյունավետ օգտագործումը նմանատիպ իրավիճակներում։

  1. Ինստիտուտի հենքի վրա ստեղծել կենսաանվտանգության երրորդ կարգի (BSL-3) վիրուսաբանական լաբորատորիա և ադապտացված վիրուսային շտամերի գրադարան, հետագա հետազոտությունների համար։
  2. Հայաստանում հիմնել միջազգային ստանդարտներին համապատասխանող փոքր և միջին լաբորատոր մոդելային կենդանիների (մկներ, առնետներ և ճագարներ) կենդանանոց (վիվարիում), ինչը թույլ կտա իրականացնել նոր հակավիրուսային միացությունների նախակլինիկական փորձարկումներ։
  3. Անջատել, սեքվենավորել և նկարագրել վիրուսների և այլ վարակների գենոմները, ուսումնասիրել հիվանդությունների մոլեկուլային մեխանիզմները, մշակել ախտորոշիչ թեստեր և նոր դեղամիջոցներ։