COVID-19
Հաղթահարելով հեռավորությունն ու մեկուսացումը
2020 թվականն իր հետ բերել է համաշխարհային աննախադեպ մարտահրավեր՝ COVID-19 համավարակը, որի արդյունքում գրեթե բոլոր երկրները բախվել են սովորական կենսակերպի առկախման հետ։ Այս ամենից անմասն չի մնացել նաև Հայաստանի Հանրապետությունը։ Արդյունքում, ս.թ. մարտի 16-ից երկրում հայտարարվեց արտակարգ դրություն՝ բերելով բնակչության մեծ մասի ինքնամեկուսացմանը անորոշ ժամանակով։ Որպես հետևանք տասնյակ հազարավոր դպրոցականներ, ուսանողներ և գրասենյակային աշխատողներ ստիպված անցել են հեռավար ուսուցման կամ հեռահար աշխատանքի։ Դա հնարավոր է դարձել արդի տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների շնորհիվ։
Հայաստանի հետազոտական և կրթական համակարգչային ցանցը՝
ASNET-AM-ը, արտակարգ դրությանը ի պատասխան առաջին իսկ օրից առաջարկել է իր ցանցային լուծումները՝ հարկադրական ինքնամեկուսացման մեջ հայտնված դպրոցականների, ուսանողների և աշխատակիցների համար։ Մենք առաջարկում ենք ծառայություններ
barev.asnet.am,
meet.asnet.am և
edu.asnet.am հարթակների միջոցով։ Դրանց շնորհիվ հնարավոր է դառնում միավորել վիրտուալ հարթակում, իրարից բաժանված գործընկերներին, դպրոցականներին և ուսանողներին։
Հաշվի առնելով աշխարհի զարգացման արդի միտումները՝ հետագայում առցանց ուսուցման և աշխատանքի ոլորտները գնալով կընդլայնվեն։ Ներկա համավարակն ընդամենը արագացրել է այդ գործընթացը։
ASNET-AM-ի ծառայություները կարող են ապագայում դառնալ Հայաստանում ներկայումս օգտագործվող տարբեր գլոբալ լուծումների, որոնք, որպես կանոն, սահմանափակ են և խոցելի, այլընտրանք՝ ապահովելով գործնականում անսահմանափակ, արագագործ և անվտանգ լուծում ուսման, հետազոտության և աշխատանքի համար։
Ներկայումս այդ ծառայությունները օգտագործվում են շուրջ 1000 օգտվողների կողմից, որոնց թվում են դասախոսներ, ուսուցիչներ, ուսանողներ և աշակերտներ հետևյալ հաստատություններից`
- Մեսրոպ Մաշտոցի անվան երկարօրյա ուսումնական համալիր,
- № 110 հիմնական դպրոց,
- № 50 հիմնական դպրոց և դպրոցին կից շախմատի ակադեմիա,
- ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոն,
- Երևանի պետական հումանիտար քոլեջ,
- մի շարք գիտահետազոտական ինստիտուտներ և կենտրոններ։
ՀՀ ԳԱԱ ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը, որն ապահովում է
ASNET-AM ցանցի սպասարկումը և զարգացումը, նախատեսում է պետական, մասնավոր և օտարերկրյա ներդրումների և ողջ գիտական ներուժի շնորհիվ շարունակել զարգացնել ցանցի հնարավորությունները և ծառայությունների թիվը (
https://www.asnet.am):