ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
Գլխավոր էջ Ակադեմիայի մասին Բաժանմունքներ Կազմակերպություններ Անդամներ Կապ մեզ հետ
Գրիգորի Գաբրիելյանց
դոկտոր, պրոֆեսոր
Կառուցվածք
Նախագահության անդամներ
Փաստաթղթեր
Ինովացիոն առաջարկներ
Հրատարակություններ
Հիմնադրամներ
Գիտաժողովներ
Մրցույթներ
Միջազգային համագործակցություն
Երիտասարդական ծրագրեր
Լուսանկարներ
Տեսադարան
Վեբ ռեսուրսներ
Այլ ակադեմիաներ
«Գիտություն» թերթ
«Գիտության աշխարհում» հանդես
Հրապարակումներ մամուլում
Ազդեր
Հոբելյաններ
Համալսարաններ
Նորություններ
Գիտական արդյունքներ
Սփյուռքի բաժինը ներկայացնում է
Երիտասարդ գիտնականի ամբիոն
Մեր երախտավորները
Հայտարարություններ
Կայքի քարտեզ
COVID-19
Սփյուռքի բաժինը ներկայացնում է
Լևոն Պետրոսյան

    ՀՀ ԳԱԱ սփյուռքի բաժինը պարբերաբար ներկայացնում է ԳԱԱ արտասահմանյան անդամներին` հայազգի ակնառու գիտնականներին, որոնք մեծ ավանդ ունեն Հայաստան-սփյուռք գիտական կամրջի ամրապնդման գործում:

    ԳԱԱ արտասահմանյան անդամ, ֆիզմաթ. գիտութունների դոկտոր,  պրոֆեսոր Լ.Հ. Պետրոսյանը ծնվել է 1940 թ. Սանկտ Պետերբուրգում (անցյալում` Լենինգրադ), մտավորականների ընտանիքում: Այդ տարիներին հայրը` Հովհաննես Պետրոսյանը, սովորում էր Լենինգրադի բժշկական ինստիտուտում, մայրը` Գոհար Համբարձումյանը, դասավանդում էր Լենինգրադի պետական համալսարանի մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետում: Հետագայում Լևոն Պետրոսյանի մայրը Երևանի պետական համալսարանում հիմնել է և ղեկավարել Հավանականությունների տեսության և մաթեմատիկական վիճակագրության ամբիոնը:

    1946 թ. Լևոնը ծնողների հետ տեղափոխվում է Երևան: 1947 թ. նա հաճախում է Երևանի Մռավյանի անվան թիվ 25 դպրոցը, որն ավարտում է 1957 թ. արծաթե մեդալով, և սերը դեպի մաթեմատիկան նրան տանում է ԵՊՀ մեխանիկայի և մաթեմատիկայի ֆակուլտետ: 

    Նա ընդամենը 3-րդ կուրսի ուսանող էր, երբ Հայաստանում 1959 թ. անցկացվեց հավանականությունների տեսությանը նվիրված համամիութենական գիտաժողով, որին մասնակցում էին երկրի լավագույն գիտնականները: Այդ տարիներին մաթեմատիկայի նոր բնագավառի` մաթեմատիկական խաղերի տեսությանը նվիրված պլենար նիստում հանդես եկավ ականավոր մաթեմատիկոս Նիկոլայ Նիկոլաևիչ Վորոբյովը: Դա իրական հնարավորություն էր ապագա փայլուն գիտնականի համար, որը լավագույնս դրսևորեց իրեն այդ ոլորտում: Լևոնը Ն.Ն. Վորոբյովին խնդրում է անհատական թեմա հանձնարարել, որով կարող է զբաղվել խորությամբ, և ստանում է այդպիսի հնարավորություն: Նրան հնարավորություն է ընձեռվում՝ ծանոթանալու ամերիկացի մաթեմատիկոս Գ. Կունի` խաղերի տեսության վերաբերյալ անգլերեն հոդվածին: Պետք է նշել, որ Գ. Կունը եղել է Նոբելյան մրցանակակիր Ջ. Նեշի (նրան է նվիրված հանրահայտ “Игры разума” ֆիլմը) գիտական ղեկավարը: Վերջինիս հետ Լ. Պետրոսյանը հանդիպել է հետագայում: Այդուհետ Լ. Հ. Պետրոսյանն իր գիտական գործունեությունը մեծապես նվիրում է խաղերի տեսության ուսումնասիրությանը: Չնայած Հայաստանում, և նույնիսկ  Հայաստանից դուրս, այդ ոլորտի մասնագետ չկար, որը կարող էր ղեկավարել և ուղղություն տալ երիտասարդ գիտնականին: Նա տեղափոխվում է Սանկտ Պետերբուրգի պետհամալսարանի մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի 4-րդ կուրս` ուսումը շարունակելու: 4-րդ կուրսն ավարտելուց հետո նա իր գիտական ղեկավարին` Ն.Ն. Վորոբյովին, ներկայացնում է իր գիտական աշխատանքը՝ “Стратегия поведения в бесконечных позиционных играх”, որը Գ. Կունի հոդվածի ընդհանրացումն էր անվերջ քայլերի դեպքում: 1961 թվականին Լ. Պետրոսյանն արդեն նույն թեմայով Լենինգրադում՝ Մաթեմատիկոսների համամիութենական համագումարում, հանդես է գալիս զեկուցումով: 5-րդ կուրսում Լ. Պետրոսյանն արդեն ստանում է Չեբիշևի անվան կրթաթոշակ:

    Լենինգրադի պետական համալսարանն ավարտելուց հետո տակավին երիտասարդ Լևոնն ընդունվում է նույն ֆակուլտետի հավանականությունների տեսության և մաթեմատիկական վիճակագրության ամբիոնի ասպիրանտուրա՝ Ն.Ն. Վորոբյովի ղեկավարությամբ: Իր գիտական ղեկավարի խորհրդով Պետրոսյանն զբաղվում է հետապնդման դիֆերենցիալ խաղերի տեսությամբ:

    1965 թ. Պետրոսյանը պաշտպանում է թեկնածուական իր ատենախոսությունը` ''Об одном классе дифференциальных игр преследования” թեմայով. դա ԽՍՀՄ-ի տարածքում առաջին թեկնածուական ատենախոսությունն էր այդ ոլորտում: Ընդ որում՝ պետք է նշել, որ այդ շրջանում կառուցած հետապնդման օպտիմալ ստրատեգիաները օպտիմալ են նաև հետապնդման այլ խնդիրներում, որը հետագայում ցույց է տրվել հեղինակի կողմից: Միաժամանակ Լ. Պետրոսյանն զբաղվում է անկախ դինամիկայով խաղացողների հետապնդման դիֆերենցիալ խաղային խնդիրների լուծումների կառուցմամբ: Նրա կողմից մշակվում է հետապնդման ինվարիանտ կենտրոնի եղանակը, որը թույլ է տալիս ռեգուլյար դեպքում լուծել փախչողի օպտիմալ ծրագրային ստրատեգիայի գոյության խնդիրը: Այդ շրջանի տպագրված աշխատանքներից ոչ լրիվ ինֆորմացիայով հետապնդման դիֆերենցիալ խաղային խնդրի լուծմանը նվիրված հոդվածն առաջինն է համաշխարհային գրականության մեջ: Իսկ 1969 թ. Դրեզդենի տեխնիկական համալսարանում ներկայացրած նրա զեկուցումը դիֆերենցիալ խաղերին նվիրված, գերմանալեզու, տպագրված առաջին աշխատանքն է: Գերմանացիների այդ ուղղությամբ աշխատանքները հրատարակվել են միայն 10-15 տարի անց: 1968 թ. Պետրոսյանը Հայաստանի Գիտությունների ակադեմիայի բազայի հիման վրա կազմակերպում է խաղերի տեսության առաջին համամիութենական գիտաժողովը: 1969 թ. Լենինգրադի պետական համալսարանում ստեղծվում է Կիրառական մաթեմատիկայի և պրոցեսների ղեկավարման ֆակուլտետ, որտեղ նաև աշխատանքի է հրավիրվում Պետրոսյանը, և մինչև օրս էլ նա կապված է այդ ֆակուլտետի հետ:

    1972 թ. Լ․ Պետրոսյանը պաշտպանում է դոկտորական ատենախոսություն` “Дифференциальные игры преследования” թեմայով: 1977 թ. նա հրատարակում է նույնանուն մենագրությունը, որ 1993 թ. թարգմանվում է անգլերեն:

    1975 թ. տեղի ունեցան Կիրառական մաթեմատիկայի և պրոցեսների ղեկավարման ֆակուլտետի դեկանի առաջին ընտրությունները: Արդյունքում Լևոն Պետրոսյանն ընտրվում է դեկանի պաշտոնում և մինչև այժմ այդ ֆակուլտետի դեկանն է: Միաժամանակ նա նույն ֆակուլտետի մաթեմատիկական վիճակագրության, զանգվածային ապահովման և հուսալիության տեսության ամբիոնի վարիչն է, դոկտորական ատենախոսությունների պաշտպանության խորհրդի նախագահը: 

    Լ. Պետրոսյանի և իր աշակերտների կողմից ստացված և զարգացված են մի շարք հիմնարար արդյունքներ, որոնցից են համակարգերի (ոչ անտագոնիստական դիֆերենցիալ խաղերի) բազմահայտանիշային ղեկավարման մաթեմատիկական տեսության կառուցումը՝ հիմնված օպտիմալ սկզբունքների ռեգուլարիզացիայի վրա, ընդհանուր դինամիկական և դիֆերենցիալ հավասարումներով նկարագրող բարդ համակարգում դինամիկ կայունության ապահովումը թույլ են տալիս տարբեր բնագավառներում ձևակերպել մեթոդաբանական մոտեցումներ (տնտեսության, էկոլոգիայի, էներգետիկայի, քաղաքագիտության և այլ) ղեկավարման համակարգերի հետազոտման համար: Ստացված արդյունքները, ունենալով տեսական և կիրառական կարևոր նշանակություն, հիմք են դարձել մշակելու տեսախաղային մեթոդներ, փնտրելու և հետևելու շարժվող օբյեկտներին ջրում, օդում և տիեզերքում, որոնման հնարավորությունների, հակազդեցության համակարգերի և նպատակների բաշխման համար:

    Լ. Պետրոսյանն այս տարիներին ամբողջ աշխարհով մեկ ձեռք է բերել մեծ համբավ: Նա դասավանդում է աշխարհի լավագույն համալսարաններում, այդ թվում` Քեմբրիջի և Լոնդոնի, Հումբոլդտի և Դրեզդենի տեխնիկական համալսարաններում (Գերմանիա), 1988 թ.՝ Զագրեբի, Սարաևոյի և Հարավսլավիայի այլ համալսարաններում: 1990 թ. դասախոսությամբ հանդես է եկել ԱՄՆ-ի Կալիֆորնիայի և Պորդյուի, 1991-2009 թթ.` Եգիպտոսի, Ճապոնիայի, Կորեայի, Կանադայի, Բրազիլիայի, Կուբայի, Իսրայելի, Մեծ Բրիտանիայի, Մեքսիկայի, Չինաստանի, Մոսկվայի, Տաշքենդի, Երևանի պետական համալսարաններում: Նա Ցինդաոյի (Չինաստան) պատվավոր պրոֆեսոր է և Յոենսի (Ֆինլանդիա) պատվավոր դոկտոր:

    Լ. Պետրոսյանն ավելի քան 200 գիտական աշխատությունների հեղինակ է, այդ թվում` 25 մենագրությունների, որից 4-ը՝ անգլերեն և 2-ը՝ համահեղինակությամբ չինարեն:

    Պետրոսյան գիտնականի կերպարն արտահայտվում է նաև իր ստեղծած ուղղությունը զարգացնելու մեծ ձգտմամբ: Նա այս տարիների ընթացքում պատրաստել է 7 գիտությունների դոկտոր, ավելի քան 50 գիտության թեկնածու, այդ թվում` հայազգի: Այս եղանակով նա խաղերի տեսությունը դնում է որակական նոր հենքի վրա: Նա Սանկտ Պետերբուրգում պարբերաբար կազմակերպում է խաղերի տեսությանը նվիրված միջազգային գիտաժողովներ, իսկ ամեն տարի կազմակերպվող «Խաղերի տեսությունը և մենեջմենթը» միջազգային գիտաժողովներին մասնակցում են բարձրակարգ գիտնականներ՝ ամբողջ աշխարհից:

    Նա ռուսական և միջազգային մի շարք գիտական ամսագրերի խմբագրական խորհուրդների անդամ է, “International Game Theory Review” (World Sci. Pbl., London, Singapore) ամսագրի խմբագիրն է, “Математическая теория игр и ее приложения” ամսագրի պատասխանատու խմբագիրը: 

    Մեր հայրենակիցը դինամիկական խաղերի միջազգային ընկերության (ISDG) նախագահն է և խաղերի տեսության միջազգային ընկերության հիմնադիր անդամներից: 

    Ռուսաստանի Դաշնության կառավարությունը, բարձր գնահատելով ականավոր գիտնականի գործունեությունը, նրան պարգևատրել է Բարեկամության շքանշանով, Հայրենիքի նկատմամբ մեծ ավանդ ունենալու համար Երկրորդ կարգի շքանշանով և Նախագահի կողմից շնորհակալագրով:

    Հաշվի առնելով Լևոն Պետրասյանի` աշխարհում ճանաչված գիտնական լինելը և իր գործունեությամբ Հայաստանի հետ սերտ կապվածությունը, Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիան, բարձր գնահատելով նրա ավանդը գիտության մեջ, 2008 թ. նրան ընտրել է ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ:

    Այժմ էլ Պետրոսյանն ակտիվորեն համագործակցում է իր Ալմա Մատերի` Երևանի պետական համալսարանի, Գիտությունների ազգային ակադեմիայի համապատասխան ինստիտուտների հետ: Նա ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանին, ազգային և ԵՊՀ գրադարաններին նվիրել է երկու տասնյակից ավելի մասնագիտական արժեքավոր  գրքեր և ուսումնական ձեռնարկներ: Բացի այդ գրքերից՝ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանին է նվիրվել “International Game Theory Review” հանդեսի 3 տարիների ընթացքում լույս տեսած բոլոր համարները: Այն իրական գանձ է արդիական ոլորտներից մեկի` խաղերի տեսությամբ զբաղվողների համար: 

Գոհար Իսկանդարյան, պ.գ.թ. դոցենտ
ՀՀ ԳԱԱ սփյուռքի բաժնի գիտքարտուղար


Ազդեր
Հրապարակումներ մամուլում
07/11/2024

Հիդրոպոնիկ բույսերի արդյունավետությունն ու դրամաշնորհները
1lurer.am
01/11/2024

Կանցկացվի Հայաստանի գիտական համայնքի «Ամենամյա ամփոփիչ գիտաժողով - 2024» գիտական միջոցառումը
hesc.am
31/10/2024

Մեկնարկել է «Հեռավար լաբորատորիաների հիմնադրման ծրագիր - 2025» մրցույթի հայտերի ընդունումը
hesc.am
30/10/2024

Археологи открыли неизвестный храм Урарту. Дневная поверхность
proshloe.com
Կայքը հաճախել են
7 156 019

անգամ սկսած 01.01.2005թ.
National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀՀ ԳԱԱ պատկերանիշ (սև, կապույտ)
Ճիշտ տառատեսակի արտապատկերման համար ներբեռնեք և տեղադրեք Arian AMU.ttf
Դեպի վեր Կայքը վերջին անգամ թարմացվել է՝  13:00, 19/11/2024 Դեպի վեր
Գլխավոր էջ - Ակադեմիայի մասին - Բաժանմունքներ - Կազմակերպություններ - Անդամներ - Կապ մեզ հետ - Կառուցվածք - Նախագահության անդամներ
Փաստաթղթեր - Ինովացիոն առաջարկներ - Հրատարակություններ - Հիմնադրամներ - Գիտաժողովներ - Մրցույթներ - Միջազգային համագործակցություն
Երիտասարդական ծրագրեր - Լուսանկարներ - Տեսադարան - Վեբ ռեսուրսներ - Այլ ակադեմիաներ - «Գիտություն» թերթ - «Գիտության աշխարհում» հանդես
Հրապարակումներ մամուլում - Ազդեր - Հոբելյաններ - Համալսարաններ - Նորություններ - Գիտական արդյունքներ - Սփյուռքի բաժինը ներկայացնում է
Երիտասարդ գիտնականի ամբիոն - Մեր երախտավորները - Հայտարարություններ - Կայքի քարտեզ - COVID-19
© Copyright 1998-2024 Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Կայքը պատրաստված է և սպասարկվում է Հայաստանի ակադեմիական գիտահետազոտական կոմպյուտերային ցանցի կողմից (ASNET-AM):
Հարցերի կամ առաջարկությունների համար կարող եք ուղարկել նամակ webmaster {[ at ]} sci.am էլեկտրոնային փոստին: