|
|
|
|
|
Ակադեմիայի մասին
Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիան հանրապետության բարձրագույն գիտական հաստատությունն է, որը ձևավորվել է հայ ժողովրդի բազմադարյան պատմական, բեղմնավոր գիտական, հարուստ մշակութային ու կրթական ավանդույթների վրա և կոչված է համախմբել գիտնականներին` գիտության տարբեր բնագավառներում իրականացնելու հիմնարար հետազոտություններ, երևան հանելու և վերաիմաստավորելու ազգի հոգևոր ժառանգությունը, ապահովելու ազգային անվտանգություն`սոցիալական և տնտեսական հիմնախնդիրների լուծման համար: Հանրապետության անդրանիկ մշակութային, կրթական և գիտական կենտրոնը 1919թ. Ալեքսանդրապոլում (ժամանակավոր) բացված Երևանի պետական համալսարանն էր, որտեղ Հայաստանի առաջին հանրապետության տարիներին իրագործվում էին գիտական հետազոտություններ կրթության, պատմության, տնտեսագիտության բնագավառներում: Երկրորդ հանրապետության հաստատման առաջին իսկ տարիներին`1921թ., Էջմիածնում հինադրվում է պատմամշակութային ինստիտուտը, որը 1925թ. վերանվանվում է Գիտության և արվեստի ինստիտուտի` ակադեմիական բնույթի հաստատություն, որի նպատակն էր զարգացնել բնական, տեխնիկական, հումանիտար և հասարակական գիտությունները: Հետագայում ստեղծվում են բույսերի, կառույցների ու շինանյութերի, երկրաբանության, կուրորտաբանության, ռենտգենաբանության ինստիտուտները, առաջին երկրաշարժագիտական կայանը և այլ գիտական կազմակերպություններ:
1935թ. վերոհիշյալ գիտահետազոտական կազմակերպությունների բազայի վրա ստեղծվում է ՍՍՀՄ ԳԱ հայկական մասնաճյուղը, որի նախագահ է դառնում ակադեմիկոս Ֆրանց Յուլիի Լևինսոն-Լեսսինգը: 1938թ. մասնաճյուղը գլխավորում է ակադեմիկոս Հովսեփ Աբգարի Օրբելին: Այդ տարիներին սկսում են զարգանալ ֆիզիկամաթեմատիկական, բնական, տեխնիկական, հումանիտար և հասարակական գիտությունները, Հայաստանը դառնում է հայագիտության խոշորագույն կենտրոն: 1943թ. նոյեմբերի 10-ին ՀՍՍՀ կառավարության որոշմամբ ստեղծվում է Հայաստանի գիտությունների ակադեմիան, որի 23 հիմնադիր-ակադեմիկոսների թվում էին Մ.Աբեղյանը, Ալիխանյան եղբայրները, Հ.Աճառյանը, Ավ.Իսահակյանը, Վ.Համբարձումյանը, Օրբելի եղբայրները և այլք: Հայաստանի ԳԱ առաջին նախագահ է ընտրվում հանրահայտ պատմաբան, արևելագետ ակադեմիկոս Հովսեփ Օրբելին: 1947թ. Հայաստանի գիտությունների ակադեմիայի նախագահ է ընտրվում աշխարհահռչակ գիտնական, տեսական աստղաֆիզիկայի հիմնադիր ակադեմիկոս Վիկտոր Համազասպի Համբարձումյանը:
Խորհրդային իշխանության տարիներին ակադեմիայում կատարվում են համաշխարհային հնչեղության հայտնագործություններ աստղաֆիզիկայի, հաշվողական տեխնիկայի, կիրառական մաթեմատիկայի և մեխանիկայի, ֆիզիկայի, քիմիայի, կենսաբանության, հայագիտության և գիտական այլ բնագավառներում: 1992 թ. Հայաստանի երրորդ հանրապետության հռչակումից հետո ՀՍՍՀ գիտությունների ակադեմիան վերանվանվում է Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիա: 1993 թ. ԳԱԱ նախագահ է ընտրվում գիտության և արտադրության խոշորագույն կազմակերպիչ, պետական գործիչ ակադեմիկոս Ֆադեյ Տաճատի Սարգսյանը, որի ղեկավարման տարիներին իրականացվում են ակադեմիայի համար նպաստավոր ռեֆորմներ, ընդունվում է «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» ՀՀ օրենքը, ԳԱԱ-ն ստանում է ՀՀ կառավարության խորհրդատուի հատուկ կարգավիճակ: 2006թ. ՀՀ ԳԱԱ նախագահ է ընտրվում գիտության և կրթության ճանաչված կազմակերպիչ, ռադիոֆիզիկոս ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսի Մարտիրոսյանը: 2021թ. ՀՀ ԳԱԱ նախագահ է ընտրվում ակադեմիկոս Աշոտ Սերոբի Սաղյանը: 2008թ. հայ ժողովուրդը մեծ շուքով տոնում է ականավոր գիտնական և հայրենասեր, ակադեմիայի շուրջ կեսդարյա նախագահ ակադեմիկոս Վ.Համբարձումյանի 100-ամյա հոբելյանը, իսկ 2010 թ. սահմանվում է ակադեմիկոս Վ.Համբարձումյանի անվան միջազգային մրցանակ: 2011թ. հանրապետության նախագահի հանձնարարությամբ գիտատեխնիկական ներուժի և հիմնարար գիտությունների արդյունքների կիրառական մշակման նպատակաուղղված օգտագործման համար մշակվում է «Գիտությունների ազգային ակադեմիայի մասին» ՀՀ օրենքը, որը 14.04.2011թ. հաստատվում է ՀՀ Ազգային ժողովի կողմից: Ներկայումս ակադեմիան շարունակում է զարգացնել գիտության տարբեր բնագավառները և գրանցել նվաճումներ, արդյունավետ համագործակցում է հանրապետական բուհերի, պետական կառույցների, միջազգային գիտական կազմակերպությունների հետ, ակտիվորեն մասնակցում միջազգային բազմաթիվ ծրագրերի և մի շարք միջազգային դրամաշնորհային նախագծերի, որոնցից են` EU H2020 BSH, EU H2020 EaP PLUS, EU H2020 EEN Armenia, COSME EEN Armenia: ՀՀ ԳԱԱ-ն, որպես պետական գիտական հաստատություն, գիտահետազոտական ինստիտուտների, նրանց հավասարեցված հաստատությունների, օժանդակ ծառայությունների և կառավարման մարմնի՝ նախագահության միասնությունն է: ՀՀ ԳԱԱ-ն միավորում է 35-ից ավելի գիտական ինստիտուտներ, հաստատություններ, ձեռնարկություններ և այլ կազմակերպություններ: ՀՀ ԳԱԱ նախագահությունն ունի, ըստ բնագավառների, գիտությունների հինգ բաժանմունք՝
- մաթեմատիկական և տեխնիկական գիտությունների բաժանմունք,
- ֆիզիկայի և աստղաֆիզիկայի բաժանմունք,
- բնական գիտությունների բաժանմունք,
- քիմիայի և Երկրի մասին գիտությունների բաժանմունք,
- հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունք:
Որոշ ինստիտուտներ ունեն փորձարարական գործարաններ, փորձակայաններ, հատուկ կոնստրուկտորական բյուրոներ, բուսաբանական այգիներ և այլն: Նախագահությանն առընթեր գործում են՝ Հիմնարար գիտական գրադարանը, Միջազգային գիտակրթական կենտրոնը, «Գիտություն» հրատարակչական-արտադրական միավորումը, տպարանը, ինչպես նաև հիմնարկություններ և օժանդակ ծառայություններ: ՀՀ ԳԱԱ նախագահությանն առընթեր գործում են գիտական հանձնաժողովներ և խորհուրդներ /գիտահրատարակչական խորհուրդ, հաշվողական տեխնիկայի հանձնաժողով, Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողով/, իսկ գիտությունների բաժանմունքներում, ըստ գիտական ուղղությունների՝ գիտական խորհուրդներ:
ՀՀ ԳԱԱ կառավարման բարձրագույն մարմինը ակադեմիայի ընդհանուր ժողովն է, որն ընդգրկում է ակադեմիայի իսկական անդամներին, թղթակից անդամներին ինչպես նաև ակադեմիայի համակարգի գիտական կազմակերպությունների լիազոր ներկայացուցիչներին: Ընդհանուր ժողովների միջև ընկած ժամանակահատվածում ՀՀ ԳԱԱ կառավարման կոլեգիալ մարմինը ԳԱԱ նախագահությունն է՝ բաղկացած 15 անդամներից, իսկ նախագահության նիստերի միջև ընկած ժամանակահատվածում՝ նախագահության բյուրոն: ՀՀ ԳԱԱ բաժանմունքների կոլեգիալ ղեկավար մարմիններն են բաժանմունքի ընդհանուր ժողովը և բաժանմունքի բյուրոն: ՀՀ ԳԱԱ նախագահը, փոխնախագահը՝ ակադեմիկոս-քարտուղարները իրականացնում են ԳԱԱ գործունեության ընդհանուր և օպերատիվ ղեկավարումը:
Անձնակազմ
Ակադեմիայի աշխատակիցների ընդհանուր թիվը 3800-ից ավելին է, այդ թվում մոտ 340 գիտության դոկտոր և մոտ 1100 գիտության թեկնածու: Ակադեմիայի կազմում ընդգրկված են 29 ակադեմիկոս, 45 թղթակից անդամ, 5 պատվավոր անդամ, 113 արտասահմանյան անդամ և 43 պատվավոր դոկտոր: ՀՀ ԳԱԱ անդամների ընտրությունն անց է կացվում, որպես կանոն, ոչ ուշ, քան 3 տարին մեկ անգամ, ՀՀ ԳԱԱ ընդհանուր ժողովում:
Համագործակցություն գիտական կազմակերպությունների հետ
- Գիտությունների ակադեմիաների միջազգային ասոցիացիա (МААН) (1993թ.-ից)
- Գիտության միջազգային խորհուրդ (ICS)
- Գիտությունների ակադեմիաների եվրոպական ֆեդերացիա (ALLEA) (2012թ.-ից)
- Ռուսաստանի գիտությունների ակադեմիա (1993թ.-ից)
- Ուկրաինայի գիտությունների ակադեմիա (1993թ.-ից)
- Բելառուսի գիտությունների ազգային ակադեմիա (1995թ.-ից)
- Թուրքմենստանի գիտությունների ակադեմիա (1995թ.-ից)
- Վրաստանի գիտությունների ազգային ակադեմիա (1997թ.-ից)
- Լիտվայի գիտությունների ակադեմիա (2012թ.-ից)
- Ռումինիայի գիտությունների ակադեմիա (2013թ.-ից)
- Ֆրանսիայի գիտական հետազոտությունների ազգային կենտրոն (CNRS)
- (2009թ.-ից)
- Չինաստանի գիտությունների ակադեմիա (1998թ.-ից)
- Մոլդովայի գիտությունների ակադեմիա(2013թ.-ից)
- Ավստրիայի գիտությունների ակադեմիա (2017թ.-ից)
- Չինաստանի հասարակական գիտությունների ակադեմիա (2017թ.-ից)
- Հնդկաստանի գիտությունների ակադեմիա (2002թ.-ից)
- ՌԴ Հարավային գիտական կենտրոն (2004թ.-ից):
Համագործակցություն հիմնադրամների հետ
- Հայկական ընդհանուր բարեգործական միություն
- «Հայաստան» հիմնադրամ
- «Փյունիկ» հիմնադրամ
- Գիտության և կրթության հայկական ազգային հիմնադրամ (ANSEF)
- Միջազգային գիտատեխնիկական կենտրոն (ISTC)
- Եվրամիության 7-րդ շրջանակային ծրագիր (EU FP7)
- Նախկին Խորհրդային Միության նորանկախ պետությունների գիտնականների հետ համագործակցության խթանման միջազգային ասոցիացիա (INTAS)
- Շվեյցարիայի ազգային գիտական հիմնադրամ
- Հիմնարար հետազոտությունների բելառուսական հանրապետական հիմնադրամ
Համատեղ լաբորատորիաներ
- ՌԳԱ մակաբուծաբանության ինստիտուտում գործում է վերջինիս և ՀՀ ԳԱԱ կենդանաբանության ինստիտուտի համատեղ փորձարարական Մակաբուծաբանության լաբորատորիան
- ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի և Ֆրանսիայի գիտական հետազոտությունների ազգային կենտրոնը ստեղծել են միացյալ միջազգային 09-ԼԻԱ-002 (SNRS-LIA) լաբորատորիան
- Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտը Բուրգունդիայի (Ֆրանսիա) համալսարանի հետ համատեղ ստեղծել է միջազգային միացյալ լաբորատորիա
- Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտը Լիոն-1 Կլոդ Բեռնար (Վիլուրբան) համալսարանի հետ համատեղ ստեղծել է միջազգային միացյալ լաբորատորիա
- Երկրաբանական գիտությունների ինստիտուտը Լիոնի համալսարանի (Ֆրանսիա) հետ համատեղ ստեղծել է միջազգային միացյալ լաբորատորիա:
Նախագահներ
ԽՍՀՄ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂ (1935-1943 ԹԹ.) ՀԽՍՀ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԿԱԴԵՄԻԱ (1943-1992 ԹԹ.)
|
|
|
ՀՈՎՍԵՓ ԱԲԳԱՐԻ ՕՐԲԵԼԻ (20.03.1887 – 02.02.1961)
ԽՍՀՄ ԳԱ հայկական մասնաճյուղի նախագահ 1938-1943թթ. ՀԽՍՀ ԳԱ առաջին նախագահ 1943-1947թթ.
Մասնագիտություն` արևելագիտություն, կովկասագիտություն, հնագիտություն, բանասիրություն |
|
|
ՎԻԿՏՈՐ ՀԱՄԱԶԱՍՊԻ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ (18.09.1908 – 12.08.1996)
ՀԽՍՀ ԳԱ նախագահ 1947-1993թթ.
Մասնագիտություն` տեսական աստղաֆիզիկա, աստղագիտություն |
ՀՀ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱ (1992 ԹՎԱԿԱՆԻՑ)
|
|
|
ՖԱԴԵՅ ՏԱՃԱՏԻ ՍԱՐԳՍՅԱՆ (18.09.1923 – 10.01.2010)
ՀՀ ԳԱԱ նախագահ 1993-2006թթ.
Մասնագիտություն` էլեկտրոնային հաշվողականտեխնիկա, կառավարման ավտոմատացված համակարգեր |
|
|
ՌԱԴԻԿ ՄԱՐՏԻՐՈՍԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ (01.05.1936)
ՀՀ ԳԱԱ նախագահ 2006-2021թթ.
Մասնագիտություն` քվանտային ռադիոֆիզիկա, գերհաղորդականության կիրառական պրոμլեմներ, ռադիոաստղագիտություն |
|
|
ԱՇՈՏ ՍԵՐՈԲԻ ՍԱՂՅԱՆ (07.04.1957)
ՀՀ ԳԱԱ նախագահ 2021թ.-ից
Մասնագիտություն` Կենսատեխնոլոգիա, կենսաօրգանական քիմիա |
Փոխնախագահներ
Ակադեմիկոս-քարտուղարներ
|
|
|
|
Ազդեր
Հրապարակումներ մամուլում
07/11/2024
1lurer.am |
01/11/2024
hesc.am |
31/10/2024
hesc.am |
30/10/2024
proshloe.com |
Կայքը հաճախել են 7 155 764
անգամ սկսած 01.01.2005թ.
Ճիշտ տառատեսակի արտապատկերման համար ներբեռնեք և տեղադրեք Arian AMU.ttf
|
|