|
|
|
|
|
|
|
Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոն
Բնական գիտությունների բաժանմունք
Մասնագիտացում՝ Կենդանաբանություն, մակաբուծաբանություն, ջրակենսաբանություն, էկոլոգիա, բնապահպանություն |
|
Հիմնադրման տարեթիվ՝ |
2006թ. |
Տնօրեն՝ |
կ.գ.թ. Աղայան Սարգիս Աղասու
|
Հասցե՝ |
ք. Երևան 0014, Պ. Սևակի փ. 7 |
Հեռախոսահամար՝ |
(+374 10) 28 59 61, (+374 10) 20 75 92, (+374 10) 28 16 01 |
Էլեկտրոնային փոստ՝ |
zoohec {[ at ]} sci.am |
Ինտերնետային կայք՝ |
http://www.sczhe.sci.am/ |
Ընդհանուր տեղեկություններ
Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնը ստեղծվել է ՀՀ կառավարության 2006 թ. որոշմամբ`ՀՀ ԳԱԱ կենդանաբանության և ՀՀ ԳԱԱ հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտների միաձուլման ձևով վերակազմակերպման արդյունքում և այդ ինստիտուտների իրավահաջորդն է: Համաձայն կառավարության նույն որոշման և ինստիտուտների կանոնադրությունների, ինստիտուտներից յուրաքանչյուրը հանդիսանում է Կենտրոնի հիմնարար գիտահետազոտական գործունեություն իրականացնող հիմնական օղակը։ Կենդանաբանության ինստիտուտը կենդանաբանական գիտության ոլորտում հանրապետության առաջատար կազմակերպությունն է: Հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտը լիմնոհամակարգերի ուսումնասիրության գծով Հայաստանի և Հարավային Կովկասի միակ մասնագիտացված կազմակերպությունն է:
Կենդանաբանության ինստիտուտ Ղեկավար՝ կ.գ.թ. Լևոն Արամի Աղասյան
Լաբորատորիաներ
- Ողնաշարավոր կենդանիների կենդանաբանության (վարիչ՝ կ.գ.թ. Մամիկոն Ղասաբյան)
- Միջատաբանության և բնահողի կենդանաբանության (վարիչ՝ կ.գ.թ. Մարկ Քալաշյան)
- Ընդհանուր հելմինթոլոգիայի և մակաբուծաբանության (վարիչ՝ կ.գ.թ. Մարինե Վարդանյան)
- Փորձարարական կենդանաբանության (վարիչ՝ կ.գ.դ. Կիմ Դիլբարյան)
- Մոլեկուլային մակաբուծաբանության (վարիչ՝ կ.գ.թ. Հասմիկ Գևորգյան)
Գիտական խմբեր
- Արքեոկենդանաբանության (ղեկավար՝ կ.գ.դ. Նինա Մանասերյան)
Այլ ստորաբաժանումներ
- Կենդանաբանական թանգարան (վարիչ՝ կ.գ.թ․ Լևոն Աղասյան)
- Անողնաշար կենդանիների գիտական հավաքածուներ (պատասխանատու՝ Աիդա Ավետիսյան)
- Ոսկրաբանական հավաքածուներ (պատասխանատու՝ կ.գ.դ. Նինա Մանասերյան)
- ՀՀ ԳԱԱ ԿՀԷԳԿ-ի կենդանաբանության ինստիտուտի և ՌԳԱ Ա.Ն. Սևերցովի անվ. էկոլոգիայի և էվոլյուցիայի պրոբլեմների ինստիտուտի Պարազիտոլոգիայի կենտրոնի Համատեղ գիտափորձարարական կենտրոն (ՌՀ ՀԳՓԿ), Արտամետ (գիտական ղեկավար՝ ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Սերգեյ Մովսեսյան, վարիչ՝ Սամվել Սուքիասյան)
Գիտական խմբեր
- Արքեոկենդանաբանության (ղեկավար՝ կ.գ.դ. Նինա Հուսիկի Մանասերյան)
Հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտ Ղեկավար՝ կ.գ.թ. Էվելինա Խեչոյի Ղուկասյան
Լաբորատորիաներ
- Ձկնաբանության (վարիչ՝ կ.գ.դ., պրոֆեսոր Բարդուխ Գաբրիելյան)
- Ջրակենսաբանության (վարիչ՝ կ.գ.թ. Սուսաննա Հակոբյան)
- Հիդրոէկոլոգիայի (վարիչ՝ կ.գ.թ. Լուսինե Համբարյան)
- Կիրառական հիդրոէկոլոգիայի (վարիչ՝ կ.գ.թ. Գոռ Գևորգյան)
Այլ ստորաբաժանումներ
- Գիտական գրադարան (վարիչ՝ Անահիտ Մկրտչյան)
- Գ․00․08՝ «Կենդանաբանություն․ մակաբուծաբանություն․ էկոլոգիա» մասնագիտությամբ ՀՀ ԲՈԿ–ի 036 մասնագիտական խորհուրդ
Գործունեության հիմնական ոլորտներ
- Հայաստանի ցամաքային և ջրային էկոհամակարգերի ուսումնասիրություն
- անողնաշար, ողնաշարավոր կենդանիների և հիդրոբիոնտների կենսաբազմազանության, կարգաբանության, ձևաբանության, էկոլոգիայի, էթոլոգիայի, էվոլյուցիայի, գենետիկայի, կենդանաշխարհագրության ուսումնասիրություն
- կենդանիների և բույսերի հելմինթոֆաունայի ուսումնասիրություն
- կենսառեսուրսների գնահատում, դրանց պահպանման, վերականգման և արդյունավետ օգտագործման առաջարկների մշակում
- էկոհամակարգային ծառայությունների ուսումնասիրույթյուն և գնահատում
- գիտակրթական աշխատանքների, մարքեթինգային, ինովացիոն և առևտրայնացման գործունեության կազմակերպում և իրականացում:
Հաստիքային կազմը
Աշխատողների ընդհանուր թիվը` 109, որից գիտաշխատողներ` 73, այդ թվում՝ 42 գիտության թեկնածու, 4 գիտության դոկտոր, 1 ակադեմիկոս:
Հիմնական արդյունքներ
Կենսաբանական հետազոտությունների ավանդական և նորագույն մեթոդների կիրառմամբ կատարվում է Հայաստանի կենդանական աշխարհի և հիդրոբիոնտների որակական և քանակական կազմի ուսումնասիրություն, արդի վիճակի, առկա և հնարավոր սպառնալիքների գնահատում։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվում վտանգված, ինվազիվ և կենսաբանական պայքարում հեռանկարային տեսակներին, կենդանիների և բույսերի մակաբույծներին, գյուղատնտեսության վնասատուներին.
- Իրականացվել է հյուսիս-արևմտյան Հայաստանի մ.թ.ա. III-I հազարամյակների հնագիտական հուշարձաններից ստացված ոսկրաբանական նյութերի տվյալների համեմատական գնահատում և ընդհանրացում: Նշվել են կաթնասունների ֆաունայի որակական և քանակական փոփոխություններ, որոնք վկայում են նշված տարածաշրջանի էկոհամակարգային և կլիմայական փոփոխությունների մասին:
- Վերջին 10 տարիներին հայտնաբերվել է Հայաստանի հոդվածոտանիների ֆաունայի շուրջ 150 նոր տեսակ և նկարագրվել է գիտության համար նոր 4 տեսակ։ Համաձայն վերջին տվյալների ողնաշարավորների ֆաունան ընդգրկում է 572 տեսակ։ ՀՀ–ում նկարագրվել է մոխրագույն կռունկի նոր ենթատեսակ՝ Grus grus archibaldi: Հավաքագրվել են բազմաթիվ նյութեր ՀՀ կենդանիների Կարմիր գրքի վերանայման համար։ Նախապատրաստվել են և ԲՊՄՄ (IUCN) Տեսակների պահպանության միջազգային հանձնաժողով են հանձնվել Հայաստանի միջատների 29 տեսակ ներառող ցուցակ և դրանց վերաբերյալ բնութագրական ակնարկներ: Կովկասյան կենսաբազմազանության բարկոդ հարթակը համալրվել է Հայաստանի ցամաքային և ջրային կենդանիների շուրջ 2000 նմուշների ԴՆԹ սեքվենավորման արդյունքներով:
- Ուսումնասիրվել են ծանր մետաղներով աղտոտված բիոտոպերում ձկների և երկկենցաղների պոպուլյացիաներում ֆենոտիպային և գենոտիպային փոփոխությունները։
- Վերջին 50 տարիների ընթացքում առաջին անգամ որոշվել է Արաքս գետի մերձսահմանային փակ գոտու ջրլող թռչունների տեսակային կազմը, կարգավիճակը, կենսամիջավայրի պիտանելիությունը, մարդածին ճնշման աստիճանը։
- Հետազոտվել են մարդու և կենդանիների համար առավել վտանգավոր հելմինթների և մակաբուծային հիվանդություններ փոխանցող տզերի ֆաունան, էկոլոգիական և կենսաբանական առանձնահատկությունները.
- Հայտնաբերվել է Հայաստանի նեմատոդների և ականտոցեֆալների 220 տեսակ։ Առաջարկվել են ժապավենաձև որդերի նոր կարգաբանական և կենսաբանական դասակարգումներ։ - Առաջին անգամ Հայաստանում իրականցվել է զոոնոզ հիվանդությունների՝ էխինոկոկոզի, տոքսոպլազմոզի, դիրոֆիլարիոզի հարուցիչների գենատիպավորում, բացահայտվել է դրանց ախտածին շտամերի տարածվածությունը մեր երկրում։ - Հայտնաբերվել են պտղատու և փշատերև ծառատեսակների, խաղողի վազի լայն տարածված էկտո և էնդոմակաբույծ նեմատոդներ, այդ թվում վայրի և մշակովի բույսերի պաթոգեն վիրուսակիր ֆիտոնեմատոդներ։
- Կենտրոնի հարուստ գիտական հավաքածուները և կենդանաբանական թանգարանը համալրվել են նոր նյութերով և ցուցադրանմուշներով, ստեղծվել է կենդանի բնության անկյուն։
- Կատարվում է Հայաստանի հիդէկոհամակարգերի ուսումնասիրություն․
- 2010 թվականից ի վեր հետազոտվում է Սևանա լճի էնդեմիկ ձկնատեսակների ձվադրավայրերի վիճակը, գնահատվում է ձկների կերային բազան։ - Բացահայտվել են ձևաչափական փոփոխությունների արդյունքում Սևանա լճի էվտրոֆացման մեխանիզմները: - Առաջին անգամ իրականացվել է Սևանա լճի պլանկտոնային բակտերիաների գենետիկական բազմազանության ուսումնասիրություն։ - Կատարվում է լճի էկոլոգիական մոնիտորինգ: - Իրականացվել է անդրսահմանային գետերի ջրակենսաբանական մշտադիտարկում և գնահատվել է դրանց էկոլոգիական վիճակը:
Կիրառական աշխատանքների արդյունքները
- ՀՀ ՇՄ նախարարություն են ներկայացվել առաջարկներ
- ջրային էկոհամակարգերի և կենսառեսուրսների կառավարման - կիրառվող որսամիջոցների վերանայման գետերի հուների կարգավորման և պատշաճ հսկողություն սահմանելու - հիդրոբիոնտների շահագործման առումով արդյունագործական տարածքներին ներկայացվող պահանջների և կառավարման սկզբունքների - արդյունագործական պաշարների վերականգնման, ձկնային և խեցգետնային պաշարների կառավարման վերաբերյալ։
- Մշակվել է Սևանա լճի ջերմային ռեժիմի գնահատման միաչափ (1D) մոդել:
- Մեծ հաճախականությամբ իրականացված անընդմեջ չափումների արդյունքում հավաքագրվել են Սևանա լճի ջրի որակի մեծածավալ տվյալներ։
- Իրականացվել է Արփա գետի ու նրա Հերհեր և Եղեգիս վտակների վրա կառուցված ՓՀԷԿ-երի ազդեցության ուսումնասիրություն։ Առաջարկվել են գետային ՓՀԷԿ-երի ազդեցության գնահատման առավել արդյունավետ մոտեցումներ:
- ՀՀ մի շարք խոշոր գետերի համար մշակվել են էկոլոգիական վիճակի գնահատման բազմաբաղադրիչ ցուցիչներ։
- ՇՄՆ հանձնարարականով գնահատվել է 2020-2023 թթ. հիմնական որսատեսակների պոպուլյացիաների արդի վիճակը, որոշվել են որսի օբյեկտ հանդիսացող կենդանատեսակների տեսակային կազմը, քանակը, որսատեսակների տարածման վայրերը, սահմանվել են որսի թույլատրելի չափաքանակները և ժամկետները։
- Մշակվել են գյուղատնտեսական կենդանիների և մշակովի բույսերի մի շարք մակաբուծային հիվանդությունների բուժման և կանխարգելման միջոցառումներ, ինչպես նաև գյուղատնտեսական վնասատուների դեմ պայքարի էկոլոգիապես անվտանգ մեթոդներ.
- Մշակվել են և ԳՆ են ներկայացվել Հայաստանի նախալեռնային գոտու պայմաններում ոչխարների և այծերի թոքային և աղեստամոքսային հելմինթոզների դեմ պայքարի առաջարկություններ։ - Ստեղծվել և փորձարկվել են տարբեր տեսակի բույսերից ստացված էքստրակտներ, որոշվել է դրանց միջատա– և տզասպան ակտիվությունը և արդյունավետությունը։ - Մշակվել է կենսաբանական պայքարի արդյունավետ ագենտ՝ Phytoseiulus persimilis գիշատիչ տզի լաբորատոր պոպուլյացիայի պահպանման մեթոդիկա ցածր ջերմաստիճանների պայմաններում։
Հրապարակումներ
Հրապարակվել են շուրջ 7000 հոդված և գիտաժողովների նյութեր, այդ թվում 100 մենագրություն, 7 որոշիչ, «Հայաստանի ֆաունա» շարքի 12 հատոր, 23 «Կենդանաբանական ժողովածու», «Սևանի ջրակենսաբանական կայանի աշխատություններ» (20 հատոր), Սևանա լճի հայ–ռուսական համատեղ հետազոտությունների 2 կոլեկտիվ մենագրություն, ՌՀ ՀԳՓԿ համատեղ հետազոտությունների 3 մենագրություն, ինչպես նաև «Հայաստանի գյուղատնտեսական կուլտուրաների, անտառների և պահեստների վնասատուներ» տեղեկագիրը, «Հայկական ՍՍՀ Կարմիր գիրքը» (կենդանիներ, 1987), «Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գիրքը» (2010), «Ֆաունայի կեսնաբազմազանությունը և պահպանության խնդիրները» միջազգային գիտաժողովի 3 ժողովածու (2011, 2014, 2017) և այլն:
Պարգևներ
Աշխատակիցներն արժանացել են պետական պարգևների` ԽՍՀՄ ԺՏՆՑ ոսկե (Ռ. Սարկիսով, 1979 ), արծաթե (Ս. Մովսեսյան, 1959, Ա. Սևումյան, 1979) և բրոնզե (Լ. Մկրտչյան, 1979) մեդալների, ՀԽՍՀ պետական մրցանակի (Մ. Յաբլոկով-Խնձորյան, 1985), ակ. Կ. Սկրյաբինի անվան ՌԳԱ մրցանակի (Ս. Մովսեսյան, 2002), «ՀՀ գիտության վաստակավոր գործիչ» պատվավոր կոչման (Ս. Մովսեսյան, 2013), ՀՀ վարչապետի մեդալի (Գ. Սարգիսով, 2011), ՀՀ բնապահպանության նախարարի մեդալների (Ա. Աղասյան, Մ. Քալաշյան, 2011; Է.Ղուկասյան, 2015; Բ. Գաբրիելյան, 2016), ՌԴ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» II կարգի շքանշանի մեդալի / Медаль Ордена «За заслуги перед отечеством» II степени (Ս. Մովսեսյան, 2020), Պողոսյան (նախկինում` նախագահի) մրցանակի) 2020 թ. բնական գիտությունների զարգացման բնագավառում (Ս.Աղայան, 2020) և այլն:
Միջազգային գործունեություն
- ՀՀ ԳԱԱ ԿՀԷԳԿ-ի կենդանաբանության ինստիտուտի և ՌԳԱ Ա. Ն․ Սևերցովի անվ. էկոլոգիայի և էվոլյուցիայի պրոբլեմների ինստիտուտի Ռուս-Հայկական համատեղ գիտափորձարարական կենտրոնը (ՌՀ ՀԳՓԿ), որը գտնվում է Կոտայքի մարզի Նոր Արտամետ գյուղում, ստեղծվել է 1996 թ.: Այն ԱՊՀ-ի շրջանակներում առաջին համատեղ գիտական կառույցն է, որի շնորհիվ վերականգնվեց մինչ այդ խախտված ՀՀ ԳԱԱ և ՌԳԱ միջակադեմիական համագործակցությունը: Կենտրոնը հենակետ է փորձարարական մակաբուծաբանության և կենդանաբանական այլ հետազոտությունների համար: Այստեղ Ռուսաստանի մասնագետների հետ համատեղ կատարվում են կենսաբազմազանության, կենդանաբանության և մակաբուծաբանության կարևորագույն հարցերին նվիված փորձարարական հետազոտություններ, փորձարկվում են գյուղատնտեսական վնասատուների դեմ պայքարի արդյունավետ և էկոլոգիապես անվտանգ եղանակներ: Համատեղ ուսումնասիրությունների արդյունքներն ունեն կարևոր տեսական և գործնական նշանակություն և արտացոլված են ավելի քան 70 գրախոսվող հրապարակումներում, այդ թվում տպագրված է 3 մենագիր աշխատութուն:
- ՌԳԱ Ի. Դ. Պապանինի անվան ներքին ջրերի կենսաբանության և ՀՀ ԳԱԱ ԿՀԷԳԿ Հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտների միջև 1993 թ.-ից ի վեր գործում է գիտական համագործակցության պայմանագիր, որի շրջանակներում իրականացվում է “Սևանա լճի ժամանակակից էկոլոգիական վիճակի համատեղ հետազոտությունների” ծրագիր և Սևանա լճի ավազանում յուրաքանչյուր տարի կազմակերպվում է «Հայ–ռուսական համատեղ գիտարշավ։ Բազմամյա հետազոտությունների արդյունքներն ամփոփվել են 2 կոլեկտիվ մենագիր աշխատություններում։
- Կազմակերպվել են`
- "Կենսաբանական բազմազանությունը և ֆաունայի պահպանության հիմնախնդիրները" միջազգային 3 գիտաժողով (2011, 2014, 2017) (ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի նախաձեռնությամբ, համատեղ Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Ա. Ն. Սևերցովի անվան էկոլոգիայի հիմնախնդիրների և էվոլյուցիայի ինստիտուտի և Հայաստանի Ամերիկյան համալսարանի հետ);
- Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի 70-ամյակին և 75-ամյակին նվիրված «Կենսաբազմազանությունը և վայրի բնության պահպանության էկոլոգիական հիմնախնդիրները" երիտասարդ գիտնականների 2 միջազգային գիտաժողովներ (2013, 2018) (համատեղ ՀՀ ԳԱԱ Ա.Լ. Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի հետ):
Հավելյալ տեղեկություններ
Ֆաունիստական հետազոտությունները հիմք են հանդիսացել բնության հատուկ պահպանվող տարածքների (ԲՀՊՏ) ստեղծման համար: Մշակվել և մշակվում են առաջարկություններ ԲՀՊՏ-ների սահմանների փոփոխության, ինչպես նաև նոր պահպանվող տարածքների ստեղծման համար:Կենտրոնի աշխատակիցները մասնակցել և մասնակցում են ՀՀ օրենքների, ենթաօրենսդրական ակտերի և կառավարական որոշումների, ինչպես նաև Հայաստանը միջազգային ասպարեզում ներկայացնող մի շարք փաստաթղթերի, մասնավորապես՝ միջազգային կոնվենցիաների (UN CBC, UN FCCC, UN CBD, Bern, CITES և այլն) կատարման վերաբերյալ ազգային զեկույցների մշակմանը:
Կենտրոնը պարբերաբար կազմակերպում է հանրապետական, տարածաշրջանային և միջազգային գիտաժողովներ:
Կենտրոնի գիտնականները հետազոտությունների ընթացքում շարունակաբար տեղեկություններ են հավաքագրում պահպանության կարիք ունեցող տեսակների վերաբերյալ և մասնակցում ՀՀ կենդանիների կարմիր գրքի վերանայման և լրամշակման աշխատանքներին։
|
|
|
|
|
Ազդեր
Հրապարակումներ մամուլում
07/11/2024
1lurer.am |
01/11/2024
hesc.am |
31/10/2024
hesc.am |
30/10/2024
proshloe.com |
Կայքը հաճախել են 7 155 856
անգամ սկսած 01.01.2005թ.
Ճիշտ տառատեսակի արտապատկերման համար ներբեռնեք և տեղադրեք Arian AMU.ttf
|
|