|
|
|
|
|
|
|
«Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոն
Բնական գիտությունների բաժանմունք
Մասնագիտացում՝ կենսատեխնոլոգիա, մանրէաբանություն, մոլեկուլային կենսաբանություն, գենետիկա, գենային ինժեներիա, օրգանական քիմիա, կենսաքիմիա, Էկոլոգիական, պարենային և գյուղատնտեսական անվտանգություն |
|
Ընդհանուր տեղեկություններ
«Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնը պետական ոչ առևտրային կազմակերպություն է (ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» ԳԱԿ ՊՈԱԿ), որը ստեղծվել է ՀՀ կառավարության որոշմամբ 2010թ.` «Կենսատեխնոլոգիայի գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ և ՀՀ ԳԱԱ «Միկրոբիոլոգիայի և մանրէների ավանդադրման կենտրոն» կազմակերպությունների միաձուլման արդյունքում և հանդիսանում է միաձուլվող կազմակերպությունների իրավահաջորդը: ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» ԳԱԿ ՊՈԱԿ-ի կազմի մեջ են մտնում «Կենսատեխնոլոգիայի ինստիտուտ», «Միկրոբիոլոգիայի ինստիտուտ» և «Մանրէների ավանդադրման կենտրոն» հիմնարկները:
Կենտրոնում գործում են 2007թ. հիմնադրված Կենսատեխնոլոգիական հայկական ասոցիացիան (ԿՀԱ) և 2009թ.` Հայկական միկրոբիոլոգիական ասոցիացիան (ՀՄԱ): Վերջինս լիարժեք անդամության իրավունքով ներգրավված է Միկրոբիոլոգիական Եվրոպական կազմակերպության Ֆեդերացիայի մեջ (Federation of European Microbiological Societies (FEMS)):
Կենտրոնն ունի 127 գիտաշխատող, ներառյալ 1 ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, 1 թղթակից անդամ, 8 գիտության դոկտոր և 54 գիտության թեկնածու:
Գործունեության հիմնական ոլորտներ
- Կենսատեխնոլոգիայի, մանրէաբանության, մոլեկուլային կենսաբանություն, գենետիկայի, գենային ինժեներիայի և օրգանական քիմիայի հիմնարար հետազոտություններ:
- Սպիտակուցային և ոչ սպիտակուցային ամինաթթուների, պեպտիդների, ֆերմենտների և այլ կենսապատրաստուկների սինթեզ ու արտադրություն:
- Կենսաբանորեն ակտիվ նյութերի (ԿԱՆ) ստացման կենսատեխնոլոգիական գործընթացների մշակում և օպտիմալացում:
- Սինթեզված պատրաստուկների բժշկակենսաբանական սկրինինգ:
- Գենետիկա, գենային ինժեներիա, շտամ-արտադրիչների ստեղծում:
- Բժշկության, դեղագործության, գյուղատնտեսության, սննդի արդյունաբերության և էկոլոգիայի ակտուալ խնդիրների լուծում:
- Հայաստանի մանրէաբանական բազմազանության ուսումնասիրություն: Գիտաարտադրական նշանակություն ունեցող միկրոօրգանիզմների կուլտուրաների Հավաքածուի պահպանում, պահում ու ուսումնասիրում:
- Գիտահետազոտական դրամաշնորհներ և պայմանագրեր:
- Գիտակրթական գործունեություն:
- Կենսատեխնոլոգիական արտադրություններ (ոչ սպիտակուցային ամինաթթուներ, կենսաբանական պարարտանյութեր, կաթնաթթվային արտադրանք, հալենային և նորհալենային պատրաստուկներ):
Հիմնական գիտական գործունեությունը
- Կենսամիմետիկ ասիմետրիկ սինթեզ: Դեղագործության և պոզիտրոն-էմիսիոն տոմոգրաֆիա (ՊԷՏ) ախտորոշման մեջ կիրառվող էնանտիորապես մաքուր ոչ սպիտակուցային ամինաթթուների, պեպտիդների և նրանց անալոգների ասիմետրիկ սինթեզի արդյունավետ մեթոդների մշակում: - Կենսատրանսֆորմացիա եվ կենսակատալիզ: Ամինաթթուների, ֆերմենտային պատրաստուկների, բազմաշաքարների և այլ ԿԱՆ-ի արտադրություն: - Մանրէաբանական սինթեզ: ԿԱՆ-ի շտամ-արտադրիչների որոնում, ստացում (L-, D-ամինաթթուներ, ֆերմենտներ, կենսաինհիբիտորներ, կենսաստիմուլյատորներ, կենսապարարտանյութեր, մանրէաբանական ինսեկտիցիդներ) բժշկության, դեղագործության և սննդի արդյունաբերության, գյուղատնտեսության կարիքների համար: - Կենսապատրաստուկներ եվ կենսահավելումներ: Պարենային, բժշկական, դեղագործական և կոսմետիկ նշանակության ԿԱՆ-ի ստացման տեխնոլոգիայի մշակում: - Կենսատեխնոլոգիական գործընթացների կառավարում: Սկզբունքորեն նոր կառավարման տեխնոլոգիական մոտեցումների մշակում: - Գյուղատնտեսական եվ սննդի արդյունաբերության թափոնների վերամշակում: Արդյունավետ տեխնոլոգիաների մշակում: - Հայաստանի մանէաբանական կենսաբազմազանության ուսումնասիրում: Սիստեմատիկա, տաքսոնոմիա, մորֆոլոգիա, ֆիզիոլոգիա, կենսաքիմիա, բջջային կենսաբանություն և միկրոօրգանիզմների գենետիկա:
Հիմնական արդյունքներ
- Կազմակերպվել է օպտիկապես ակտիվ ոչ սպիտակուցային (R)- և (S) α-ամինաթթուների և կարճ պեպտիդների արտադրություն:
- Կազմակերպվել է ազատ ապրող ազոտ ֆիքսող բակտերիաների հիման վրա «Ազոտովիտ», «Էկոբիոֆիդ» և «Էկոբիոֆիդ+» կենսաբանական պարարտանյութերի արտադրություն:
Գենային ինժեներիայի և սելեկտիվ մեթոդների միջոցով L- ստացվել են ամինաթթուների գերաչտադրիչներ (պրոլին, վալին, ալանին, օրնիտին, արգինին, հիստիդին): Մշակվել են L-ամինաթթուների արտադրության ավելի քան 20 տեխնոլոգիական կանոնակարգեր:
- Մանրէաբանական դեգրադացիայի և ֆերմենտային հիդրոլիզի միջոցով մշակվել են D-ամինաթթուների (ալանին, ասպարագինաթթու, պրոլին, մեթիոնին, լեյցին) ստացման մեթոդներ:
- Մշակվել են սննդի արդյունաբերության համար ֆերմենտային պատրաստուկների (ամիլազա, գլյուկոամիլազա, բակտորենին) արտադրության տեխնոլոգիաներ:
- Կազմակերպվել է բուժիչ հատապտղային և բուսական ծագման օշարակների, ինուլինի, ֆրուկտոզի և ֆրուկտոզագլյուկոզային օշարակի (ՖԳՕ), β-ցիկլոդեկստրինի, բժշկական և կոսմետիկ նշանակության բուսական և եթերային յուղերի արտադրություն:
- Կազմակերպվել է «Նարինե» կաթնաթթվային արտադրանքի և յոգուրտների արտադրություն:
- Վարակիչ հիվանդությունների հարուցիչների դեմ մշակվել են նոր մանրէաբանական ինսեկտիցիդային պատրաստուկների և աճի ինհիբիտորների ստացման տեխնոլոգիաներ:
- Ստեղծվել է միկրոօրգանիզմների կուլտուրաների Հավաքածու (ավելի քան 13000 շտամ):
Միջազգային գործունեություն
Կենտրոնը համագործակցում է ԱՄՆ-ի, ԵՄ-ի, ԱՊՀ-ի, Չինաստանի մի շարք գիտահետազոտական և արտադրական կազմակերպությունների հետ, որի արդյունքում բարեհաջող իրականացվել են համատեղ գիտահետազոտական ծրագրեր և պայմանագրեր (INCO-COPERNICUS, ISTC, INTAS, CRDF, NFSAT, ANSEF, EURASIA, NATO և VOLKSWAGEN): Կենսատեխնոլոգիայի զարգացման և գիտական համագործակցության ասպարեզում ձեռք բերված հաջողությունների համար կենտրոնը և, մասնավորապես, կենտրոնի տնօրենը` ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Աշոտ Սերոբի Սաղյանը, պարգևատրվել է «Դեկարտի» պատվոգրով (ԵՄ, 2001թ.), «Բարեկամության շքանշանով» (ՉԺՀ կառավարություն, 2002թ.), Business Initiative Directions “Golden Star” միջազգային կազմակերպության «Որակ և Առաջնություն» կատեգորիայի հատուկ մրցանակով (“INTERNATIONAL QUALITY STAR AWARD”, 2003թ.), ՀՀ նախագահի մրցանակով (2004թ., 2011թ.), «Տյան Շանի» մրցանակով (Սինցզյան նահանգի կառավարություն, ՉԺՀ, 2002թ., 2005թ.), ՀՀ վարչապետի երախտագիտությամբ (2006թ.), ՀՀ պետական մրցանակով (2016թ.):
|
|
|
|
|
Ազդեր
Հրապարակումներ մամուլում
07/11/2024
1lurer.am |
01/11/2024
hesc.am |
31/10/2024
hesc.am |
30/10/2024
proshloe.com |
Կայքը հաճախել են 7 155 876
անգամ սկսած 01.01.2005թ.
Ճիշտ տառատեսակի արտապատկերման համար ներբեռնեք և տեղադրեք Arian AMU.ttf
|
|