Սույն թվականի նոյեմբերի 29-ին՝ ժամը 15:30-ին, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության նիստերի դահլիճում (Մարշալ Բաղրամյան 24, 2-րդ հարկ) տեղի կունենա «Ամբողջական գենոմի առաջին հետազոտությունը հայկական պոպուլյացիայում» (Demographic history and genetic variation of the Armenian population) գիտական աշխատության շնորհանդեսը։ Աշխատությունը հրապարակված է «The American Journal of Human Genetics», 25 November 2024, ամսագրում։ Շնորհանդեսը տեղի կունենա ՀՀ ԳԱԱ կենսաբազմազանության և կենսանվտանգության պրոբլեմային խորհրդի նիստի ժամանակ։
«Սա առաջին լուրջ հետազոտությունն է պատմական Հայաստանի գենետիկական ատլասի ստեղծման ճանապարհին», - ասում է ՀՀ ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի լաբորատորիայի վարիչ և հոդվածի համահեղինակ պրոֆեսոր Լևոն Եպիսկոպոսյանը։
Հոդվածում ընդգծվում է, որ Հայկական լեռնաշխարհի արևելյան, արևմտյան և կենտրոնական շրջանների պոպուլյացիաները գենետիկորեն շատ մոտ են՝ մատնանշելով հայերի աշխարհագրորեն տարբեր խմբերի ընդհանուր ժողովրդագրական պատմությունը: Հայերի նախնիներին, որոնք պատմականորեն բնակվել են Հայկական լեռնաշխարհում, ավանդաբար ընդունված է համարել Բալկաններից եկած փռյուգիական վերաբնակներ։ Այդուհանդերձ, հայկական պոպուլյացիայի ամբողջական գենոմի առաջին հետազոտությունը հերքում է պատմաբանների և լեզվաբանների՝ դարեր շարունակ արմատացած այս տեսակետը։ Ուսումնասիրությունը չի հայտնաբերել էական գենետիկական ցեղակցություն հայերի և բալկանյան տարածաշրջանի բնակչության միջև։
«Այսօր, ամբողջական գենոմի ընթերցման և տարբեր դարաշրջանների հնագույն ԴՆԹ-ի հետազոտության տեխնոլոգիաների շնորհիվ հնարավորություն ենք ստացել ստուգել և վերանայել հին պատմիչների հաճախ ոչ հավաստի տեղեկությունները, վերականգնել մարդկային պոպուլյացիաների ծագման ավելի մանրամասն ու գիտականորեն հիմնավորված պատկերը», - ասում է հետազոտության առաջին հեղինակ Անահիտ Հովհաննիսյանը։
Գենետիկները հերքել են հայերի ծագման հետ կապված մեկ այլ միֆ, որը վերաբերում է սասունցիների ասորական արմատների մասին պնդումներին։ Հետազոտության արդյունքները բացառում են տվյալ տեսակետը, ինչպես նաև ցույց են տալիս, որ այս բարձրալեռնային շրջանի բնակչությունը, ի տարբերություն հայերի այլ աշխարհագրական խմբերի, ոչ վաղ անցյալում զգալի կրճատվել է:
Հայտնաբերվել է նաև, որ հայերի գենոֆոնդի վրա նկատելի ազդեցություն են ունեցել Լևանտի նեոլիթյան երկրագործները։ «Մենք պարզել ենք, որ վաղ բրոնզի դարից հետո Մերձավոր Արևելքում տեղի է ունեցել մարդկային զանգվածների զգալի տեղաշարժ։ Որտեղի՞ց և ե՞րբ է դա տեղի ունեցել, ի՞նչն է դարձել նման լայնածավալ միգրացիոն ալիքի պատճառ, սրանք հարցեր են, որոնք թերևս կարիք ունեն պարզաբանման», - նշում է Քեմբրիջի համալսարանի պրոֆեսոր և հետազոտության համահեղինակ Անդրեա Մանիկան։
Հետազոտությունը ֆինանսավորվել է ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի, Եվրոպական հետազոտական խորհրդի (ERC), Մարի Կյուրի անհատական կրթաթոշակի, ESF DoRa PROGRAMME-ի, «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի, Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) կողմից։
Հանդիպմանը հրավիրվում են ՀՀ ԳԱԱ կենսաբազմազանության և կենսանվտանգության պրոբլեմային խորհրդի անդամները և բոլոր ցանկացողները:
ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
27.11.2024թ․