Սույն թվականի հոկտեմբերի 29-30-ը Բիշքեկում տեղի են ունեցել Ղրղզստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի 70-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառումները, որոնց մասնակցել է ՀՀ ԳԱԱ փորձագետ ԱՊՀ երկրների հետ համագործակցության հարցերով Գևորգ Վարդանյանը։
Ղրղզստանի նախագահի նստավայրում նա մասնակցել է «Կայուն զարգացում. գիտություն, կրթություն, հասարակություն» գիտնականների միջազգային կոնգրեսին։ Ղրղզստանի ԳԱԱ նախագահության որոշման հիման վրա նա պարգևատրվել է «Ղրղզստանի Հանրապետության ԳԱԱ 70-ամյակ» մեդալով։
Միջոցառման հանդիսավոր բացմանը Գևորգ Վարդանյանն ընթերցել ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանի շնորհավորական ուղերձը, որում նշված է․ « ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան ի սրտե շնորհավորում է Ղրղզստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի 70-ամյակի առթիվ։
Ղրղզստանի Գիտությունների ազգային ակադեմիայի արդյունավետ գործունեությունը ժամանակակից գիտության մի շարք համապատասխան ոլորտներում ճանաչման է արժանացել։ Մեր ակադեմիաներն ունեն ռեզերվներ համատեղ հետազոտությունների համար, և մենք հույս ունենք զարգացնել համագործակցությունը
մեր երկու ակադեմիաների կազմակերպությունների միջև։ ՀՀ ԳԱԱ նախագահության և Հայաստանի գիտնականների անունից Ղրղզստանի Գիտությունների ազգային ակադեմիայի ղեկավարությանը և աշխատակազմին մաղթում ենք գիտական հաջողություններ և անսպառ եռանդ»։
ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
05․11.2024թ․