National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
General Page About Academy Divisions Organizations Members Contact us
Mikhail Piotrovsky
Dr., professor
Structure
Presidium Members
Documents
Innovation Proposals
Publications
Funds
Conferences
Competitions
International cooperation
Youth programs
Photogallery
Videogallery
Web Resources
Other Academies
"Gitutyun" newspaper
"In the World of Science" Journal
Publications in Press
Notices
Anniversaries
Universities
News
Scientific Results
Diaspora Department presents
Young Scientist Tribune
Our Honored Figures
Announcements
Sitemap
COVID-19
News
22/10/2018
Եկել է ժամանակը, որ հայ ժողովուրդը ծնի իր նոբելյան մրցանակակիրներին. Արմեն Սարգսյան

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում մասնակցել է Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի 75-ամյակին նվիրված հանդիսավոր նիստին:
Նախագահ Սարգսյանը հանդես է եկել ելույթով: Նա մասնավորապես ասել է.

«Ինձ համար իսկապես մեծ պատիվ է մասնակցել այս հոբելյանին, որովհետև ես նախ և առաջ ինձ համարում եմ հայկական գիտական համայնքի անդամներից մեկը, այսինքն՝ ձեզնից մեկը:

20-րդ դարում, Խորհրդային Միությունում շատ լավ հասկանում էին, թե ինչ են հայկական միտքը, հայկական մտավոր ներուժը, և դա է պատճառը, որ պատերազմի տարիներին Հայաստանում ստեղծվեց գիտությունների ակադեմիա, որը դարձավ մեր գիտական մտքի շարժիչ ուժը:

Ես հպարտությամբ եմ ուզում հիշատակել Հայաստանի գիտությունների ակադեմիայի բոլոր նախագահներին՝ առաջին և հիմնադիր նախագահ ակադեմիկոս Հովսեփ Օրբելուն, ակադեմիան իրական գիտական բարձունքի հասցրած ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանին, անկախության առաջին տարիներին ակադեմիան պահպանած Ֆադեյ Սարգսյանին և, իհարկե, նշել ակադեմիայի ներկայիս նախագահ, ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանի գործունեությունը:

 Գիտությունների ազգային ակադեմիայի հոբելյանը լավագույն առիթն է խոսելու գիտության մասին:

Սիրելի՛ գործընկերներ,

Ցանկանում եմ անդրադառնալ մի քանի կետերի, որոնք, կարծում եմ, կարևոր են Ազգային ակադեմիայի համար: Դրանք վերաբերում են թե՛ ժամանակակից գիտության զարգացման միտումներին, և թե՛ նախկին ավանդույթների զարգացմանը:

1. Կապեր նախկին խորհրդային գիտական կենտրոնների հետ

Մենք պետք է ոչ միայն պահպանենք, այլև խորացնենք 75 տարվա գիտական ավանդույթներն ու կապերը նախկին ԽՍՀՄ տարածքի գիտնականների ու գիտահետազոտական կենտրոնների հետ: Անհրաժեշտ է զարգացնել այդ ամենը, որովհետև մեր գիտական ներդրումը խորհրդային գիտության մեջ չափազանց ծանրակշիռ է եղել:

2. Կարիք ունենք և պարտավոր ենք ընդլայնել ակադեմիայի կապերը միջազգային գիտահետազոտական բոլոր կենտրոնների հետ

Մենք պետք է լինենք միջազգային գիտական գործընթացների մասը, համահունչ լինենք ժամանակի պահանջներին: Համագործակցությունը պետք է լինի իրական ծրագրերի շուրջ՝ համաշխարհային բոլոր կենտրոնների հետ՝ Ամերիկայից մինչև Չինաստան, Ռուսաստանից մինչև Հնդկաստան: Եվ այն պետք է ուղղված լինի կոնկրետ թիրախների և նպատակների:

3. Մենք պետք է համախմբենք աշխարհով մեկ տարածված մեր հայկական ակադեմիական գիտական ուժը:

Դա պետք է լինի գործնական և արդյունավետ հարաբերությունների տեսքով: Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիան պետք է լինի գիտությունների համահայկական ակադեմիա, համահայկական գիտական համախմբող մարմին:

4. Ֆունդամենտալ և կիրառական գիտություններն աստիճանաբար մերձենում են:

Դրա թարմ օրինակն իմ անձնական կյանքում հետևյալն է. ընդամենը մի քանի շաբաթ առաջ Nature ամսագրում մեծ հետաքրքրությամբ ընթերցում էի հոդված՝ նվիրված Ջեյմս Էլիսոնին և Տասուկու Հոնձյոյին, ովքեր քաղցկեղի թերապիայի բնագավառում բացահայտումների համար այս տարի Նոբելյան մրցանակի են արժանացել: Սա հիասքանչ հայտնագործություն է, բայց երբ դիտարկում ես այդ հայտնագործության պատմությունը, իրականում խոսքը երկու անհատի մասին չէ, այլ վերջին 50 տարիների ընթացքում կատարված հսկայական, ֆունդամենտալ աշխատանքի մասին, որի արդյունքում բազմաթիվ հայտնագործություններ են կատարվել՝ սկսած T բջիջների բացահայտումից մինչև իմունային համակարգի աշխատանքի մեխանիզմներ: Եվ արդյունքում ունենք նոր դեղամիջոց, որը, կարծում եմ, ապագա մի քանի տարիների ընթացքում հասանելի կլինի աշխարհով մեկ: Սա կրկին մեկ օրինակ է, թե ֆունդամենտալ գիտությունն ինչպիսի կարևոր նշանակություն ունի:

Եվ ընդհանրապես, գիտությունը ստեղծագործական գործընթաց է: Եվ այսօրվա աշխատանքի արդյունքը կարող է տեսանելի լինել և գնահատվել տարիներ անց: Պարզապես գիտությունից կիրառություն ընկած ժամանակահատվածը, կրկնեմ, աստիճանաբար, տարեցտարի ավելի է կարճանում: Եվ ես կարծում եմ, որ ամեն ինչ պետք է արվի, որ մեր ֆունդամենտալ գիտությունը հնարավորության դեպքում ուղղված լինի կիրառական արդյունք ստեղծելուն:

5. Քսանմեկերորդ դարում ամեն ինչ շատ արագ ընթացք ունի՝ թե՛ փոփոխությունները, թե՛ գործողությունները, թե՛ մտածողությունը

Մոտենում են գիտության, տեխնիկայի ազատ և անկախ գործունեության սահմանները: Գիտությունը նաև տնտեսություն է և բիզնես: Եւ ժամանակակից աշխարհում գիտության մեջ ներդրում կատարվում է նաև եկամուտ ստանալու նպատակով: Հետևաբար, երբ մենք խոսում ենք տնտեսության կամ բիզնես միջավայրը գրավիչ դարձնելու մասին, պետք է նաև խոսենք համապատասխան գիտական միջավայրը գրավիչ դարձնելու մասին:

Այս առումով էական է Հայաստանում տնտեսագիտական մտքի զարգացումը: Մենք ունենք տնտեսագիտական մտքի փայլուն օրինակներ, անհրաժեշտ է, որ դրանք կիրառվեն տնտեսության մեջ և հնարավորության դեպքում հայտնի դառնան նաև դրսում:

6. Գիտության հանդեպ վերաբերմունքը պետք է սկսվի կրթական օջախից

Կրթական համակարգը, բացի դասական կրթություն տալուց, պետք է ծառայի երիտասարդների կարողությունների բացահայտմանը և նրանց կապի իրենց ապագա գիտական գործունեության հետ: Կարծում եմ, որ ակադեմիան ինքը պետք է վաղ շրջանից նպաստի այն երիտասարդ գիտնական կադրերի պատրաստմանը, որոնք ապագայում դառնալու են ակադեմիական համակարգի մասը: Եւ ընդհանրապես, գիտակրթական համակարգը մեզանում օպտիմալացման և ինտեգրացման կարիք ունի:

7. Պետք է շատ ուշադիր և նվիրումով զարգացնենք ու խորացնենք ուսումնասիրությունները և հետազոտությունները հումանիտար գիտությունների, արվեստի, փիլիսոփայության, պատմագիտության ու հատկապես հայագիտության ոլորտում

Այսօր անհրաժեշտություն կա առավել խորությամբ անդրադառնալ մեր ինքնությանը, մեր տեսակին, մեր լեզվին, մեր ճանաչելիության հարցին, մեր քաղաքակրթական տեղին և դերին աշխարհում:

Հնարավոր չէ կառուցել հասուն, ամուր և մրցունակ հասարակություն ու երկիր՝ առանց արժևորելու մեր ողջ քաղաքակրթական անցյալը և ըստ այդմ նախագծելու մեր ապագան:

8. Գիտնականը նաև քաղաքացի է

Գիտնականը նաև քաղաքացի է, մտավորական՝ իր մտածողությամբ, տեսակով, մշակույթով, կենսակերպով, ակտիվությամբ և տեսակետներով: Անմոռանալի են մեծանուն գիտնական, ակադեմիկոս Սերգեյ Համբարձումյանի քաղաքացիական բարձր ու խիզախ պահվածքը մեր ազգային զարթոնքի առաջին իսկ օրերին, նրա հզոր ելույթները Խորհրդային Միության Գերագույն խորհրդում:

Մեծագույն հարգանքի է արժանի Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ, Հայաստանի ազգային հերոս, հռչակավոր գիտնական Վիկտոր Համբարձումյանի հավատարմությունը քաղաքացու և հայի բարձր կոչմանը: Բոլորս ենք հիշում նրա՝ Սոցիալիստական աշխատանքի կրկնակի հերոսի հացադուլը Մոսկվայում ՝ որպես աջակցություն արցախյան ազատամարտին:

Գիտնականը, մտավորականը պետք է ակտիվ լինի ոչ միայն գիտական և ստեղծագործական միջավայրում, այլև դրսևորվի որպես սկզբունքային քաղաքացի, անպայման ունենա բարոյական ու քաղաքացիական պարտքի հստակ գիտակցում:

Սրանք են այն մի քանի կետերը, որոնց մասին կուզեի ձեզ հետ խոսել: Իհարկե, քննարկման կարիք կա, պատրաստ եմ ապագայում հանդիպել և շարունակել մեր զրույցը: Մեր երկրի ապագան անքակտելիորեն կապված է լինելու ժամանակակից գիտության, տեխնոլոգիաների հետ, հետևաբար միանշանակ պետք է գիտակցենք, որ 21-րդ դարում հնարավորություն ունենք դառնալու աշխարհի առաջադեմ լավագույն երկրներից մեկը:

Գիտությունների ազգային ակադեմիան կարող է և պետք է 21-րդ դարում դառնա մեր առաջընթացի ինքնատիպ գրավականը:

Եկել է ժամանակը, որ Հայաստանը, հայ ժողովուրդը ծնեն իրենց նոբելյան մրցանակակիրներին: Եւս մեկ անգամ շնորհավորում եմ հոբելյանի առթիվ, մեր գիտական հասարակությանը մաղթում առողջություն, ստեղծագործական և շարունակական հաջողություններ»: 


Սկզբնաղբյուր՝ http://www.president.am/hy/press-release/item/2018/10/18/President-Armen-Sarkissian-attended-event-of-the-National-Academy/


Notices
Publications in Press
11/12/2024

Գենետիկան պատասխանում է պատմության հարցերին․ գիտնականները հերքում են հայերի բալկանյան ծագման տեսությունը
infocom.am
10/12/2024

Գիտության դեմքեր. Ռուզաննա Միքայելյան
1tv.am
09/12/2024

«Մասնագիտական վերապատրաստում 2024/2» մրցույթի արդյունքները հայտնի են
hesc.am
29/11/2024

Հայերը Բալկաններից չեն եկել, սասունցիներն էլ ասորական արմատ չունեն․ բացահայտումներ՝ հայերի գենոմի մասին աշխատությունում
news.am
This site has been visited
7 181 769

times since 01.01.2005
National Academy of Sciences of the Republic of Armenia
NAS RA Logo (black, blue)
Top Website last updated on:  15:32, 20/12/2024 Top
General Page - About Academy - Divisions - Organizations - Members - Contact us - Structure - Presidium Members
Documents - Innovation Proposals - Publications - Funds - Conferences - Competitions - International cooperation
Youth programs - Photogallery - Videogallery - Web Resources - Other Academies - "Gitutyun" newspaper - "In the World of Science" Journal
Publications in Press - Notices - Anniversaries - Universities - News - Scientific Results - Diaspora Department presents
Young Scientist Tribune - Our Honored Figures - Announcements - Sitemap - COVID-19
© Copyright 1998-2024 All Rights Reserved.
Website is created and supported by Academical Scientific Research Computer Network of Armenia (ASNET-AM)
For any suggestions write to webmaster {[ at ]} sci.am