|
|
|
|
|
Նորություններ
30/01/2018
Գիտական հանրությունը ՀՀ ԳԱԱ-ում նշեց ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ, Միչիգանի համալսարանի պրոֆեսոր Գևորգ Բարդակչյանի 75-ամյա հոբելյանը
|
|
|
|
|
Սույն թվականի հունվարի 29-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում գիտական հանրությունը նշեց ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ, Օքսֆորդի համալսարանի դոկտոր, Միչիգանի համալսարանի դոկտոր, պրոֆեսոր, բանասեր, պատմաբան, գրականագետ Գևորգ Բարդակչյանի 75-ամյակը: ՀՀ ԳԱԱ նախագահ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը, բարձր գնահատելով Գևորգ Բարդակչյանի գիտակրթական գործունեությունը, իր շնորհավորական ելույթում մասնավորապես ասաց. «Գևորգ Բարդակչյանը մեր մտավորականության այն ներկայացուցիչն է, ով իր կյանքը նվիրել է գիտակրթական համակարգի զարգացմանը: Սփյուռքում մենք շատ հայագիտական կենտրոններ ունենք, սակայն այդ կենտրոնների մեջ Միչիգանի համալսարանի հայագիտական կենտրոնը, որը ղեկավարում է Գևորգ Բարդակչյանը, ունի կարևոր ակադեմիական դեր ու մակարդակ: Գևորգ Բարդակչյանը ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ է և Հայաստան այցելություննների ժամանակ մասնակցում է մեր բոլոր հայագիտական գիտաժողովներին` տալով այդ գիտաժողովներին բարձր բովանդակություն: Մենք ցանկանում ենք Ձեզ առողջություն, ստեղծագործական հաջողություններ` ի փառս մեր կրթության, գիտության, մեր հայրենիքի»:
Գևորգ Բարդակչյանին ուղղված իր շնորհավորական ելույթում ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ասաց. «Ինձ համար, որպես Սփյուռքի պատասխանատուի, մեծագույն շնորհակալության է արժանի Գևորգ Բարդակչյանի գործունեությունը` Միչիգանի համալսարանում ղեկավարել հայոց լեզվի ամբիոն, երկար ժամանակ լինել Հայագիտական ընկերակցության ղեկավար: Սա մեծագույն արժեքն է մեր սիրելի հոբելյարի, որովհետև նա կարողացավ հայոց լեզուն, հայոց գրականությունը, հայոց պատմությունը ոչ միայն հայերին, այլ նաև օտարներին փոխանցել, դասավանդել և այս առումով մեծ գործունեություն ծավալել»: Հրանուշ Հակոբյանը հայտնեց, որ հրաման է ստորագրել Գևորգ Բարդակչյանին ՀՀ սփյուռքի նախարարության «Մայրենիի դեսպան» մեդալով պարգևատրելու մասին:
Շնորհավորական ելույթներով և Գևորգ Բարդակչյանի գիտակրթական գործունեության վերաբերյալ դրվատանքի խոսքերով հանդես եկան ՀՀ ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար ակադեմիկոս Յուրի Սուվարյանը, Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի տնօրենի պաշտոնակատար Վահան Տեր-Ղևոնդյանը, ԵՊՀ պրոռեկտոր Արարատ Մալխասյանը, ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրեն Վարդան Դևրիկյանը, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ, գրականագետ Սամվել Մուրադյանը, գրականագետ, թարգմանիչ Հենրիկ Բախչինյանը, Գրողների միության քարտուղար Պետրոս Դեմիրճյանը: Հյուրերի կողմից բարձր գնահատականի արժանացավ Գևորգ Բարդակչյանի հեղինակած «Պատմաբանասիրական հոդվածներ» գիրքը, որում ի մի են բերվել հեղինակի հայ միջնադարյան և նոր շրջանի մշակույթին, գրականությանը և պատմական հարցերին նվիրված 7 հոդվածների հայերեն
թարգմանությունները: Գևորգ Բարդակչյանը շնորհակալություն հայտնեց ներկաներին ջերմ բարեմաղթանքների և իր վաստակը գնահատելու համար և որպես հաշվետվություն ներկայացրեց իր ծավալած գործունեության վերաբերյալ մանրամասներ` խոստանալով հաջորդ առիթների ժամանակ ներկայացնել իր ապագա գործունեության արդյունքները:Գևորգ Բարդակչյանը ԱՄՆ-ի Միչիգանի համալսարանի Մարի Մանուկյանի անվան հայոց լեզվի և գրականության ամբիոնի ղեկավարն է: Մինչ այդ դասախոսել է Հարվարդի համալսարանում: Երկար տարիներ եղել է ԱՄՆ-ի Հայագիտական ուսումնասիրությունների ընկերակցության նախագահը:
Գևորգ Բարդակչյանի գիտական գործունեության շրջանակն ընդգրկում է վերջին հազարամյակի գրական-մշակութային-պատմական-լեզվային կյանքը, փոխառությունների մշակութային կոնտեքստը և հայերենի գրական տարբերակների առաջացումը: Գևորգ Բարդակչյանը ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ է, Օքսֆորդի համալսարանի հայագիտության և արևելագիտության դոկտոր, ԵՊՀ Պատվավոր դոկտոր, Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի Պատվավոր դոկտոր: Գևորգ Բարդակչյանը գիտության և կրթության ոլորտում ներդրած մեծ ավանդի համար 2000թ-ին արժանացել է «Արթուր Դադյանի անվան հայկական (մշակութային) ժառանգության մրցանակ»-ի, 2011թ-ին` Ամերիկայի Հայ ուսանողների ասոցիացիայի կողմից Ջեկ Քոլիգյանի անվան հայագիտական մրցանակի, 2011թ. ստացել է «Էլիս կղզու պատվավոր մեդալ», 2014թ-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի կողմից պարգևատրել է «Հակոբ Մեղապարտ» մեդալով:
ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայություն 30.01.2018թ. |
|
|
|
|
Ազդեր
Հրապարակումներ մամուլում
11/12/2024
infocom.am |
10/12/2024
1tv.am |
09/12/2024
hesc.am |
29/11/2024
news.am |
Կայքը հաճախել են 7 181 813
անգամ սկսած 01.01.2005թ.
Ճիշտ տառատեսակի արտապատկերման համար ներբեռնեք և տեղադրեք Arian AMU.ttf
|
|