National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
General Page About Academy Divisions Organizations Members Contact us
Victor A. Tutelyan
Dr. of Medicine, Prof.
Structure
Presidium Members
Scientific Council
Documents
Innovation Proposals
Publications
Funds
Conferences
Competitions
International cooperation
Youth programs
Photogallery
Videogallery
Web Resources
Other Academies
"Gitutyun" newspaper
"In the World of Science" Journal
Publications in Press
Notices
Anniversaries
Universities
News
Scientific Results
Scientists of the Diaspora
Young Scientist Tribune
Our Honored Figures
Announcements
Sitemap
News
12/11/2026
ՀՀ ԳԱԱ-ում նշվեց գիտության համաշխարհային օրը և ակադեմիայի հիմնադրման օրը

Սույն թվականի նոյեմբերի 10-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում նշվեց Հանուն խաղաղության և զարգացման գիտության համաշխարհային օրը և ՀՀ ԳԱԱ հիմնադրման օրը։ Տոնական օրվա շրջանակում տեղի ունեցան «Ընդհանուր եզրեր՝ գիտական դիվանագիտության միջոցով» խորագրով ՀՀ ԳԱԱ նիստը, ՀՀ ԳԱԱ ասոցացված և արտասահմանյան անդամների դիպլոմների հանձնման պաշտոնական արարողությունը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից պատվոգրերի հանձնման արարողություն։

Հանդիսավոր միջոցառմանը մասնակցեցին պետական, դիվանագիտական, գիտական, կրթական կառույցների ներկայացուցիչներ։ 

ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանն իր ելույթում անդրադարձավ ՀՀ ԳԱԱ ասոցացված անդամների ընտրությունների արդյունքներին, նոր ընտրակարգին և արձանագրված խնդիրներին։ Նա նշեց, որ օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտություն կա։ Դրանցից մեկն ասոցացված անդամի ընտրության և առաջատար գիտաշխատողի ատեստավորման չափանիշների անհամապատասխանությունն է։ Գործող օրենքն ասոցացված անդամի թեկնածուից պահանջում է համապատասխանել առաջատար գիտաշխատողի ատեստավորման չափանիշներին, որոնք հիմնականում վերաբերում են վերջին հինգ տարիների ձեռքբերումներին։ Ըստ ակադեմիկոս Սաղյանի՝ ակադեմիայի անդամի ընտրության ժամանակ անհրաժեշտ է գնահատել գիտնականի ամբողջ գիտական գործունեությունը։ Հաջորդը գիտական ղեկավարության և դրամաշնորհների չափանիշների խնդիրն է։ Գործող պահանջներով գիտական ղեկավարության փորձի փոխարեն որոշ դեպքերում կարող է հաշվի առնվել 20 միլիոն դրամ և ավելի պետական դրամաշնորհի առկայությունը։ Աշոտ Սաղյանը նշեց, որ այս չափանիշը բավարար չափով չի արտացոլում գիտնականի իրական ներդրումը գիտության զարգացման և գիտական կադրերի պատրաստման գործում։ Արդյունքում ընտրություններին չեն կարողացել մասնակցել նաև բարձր գիտաչափական ցուցանիշներ ունեցող որոշ գիտնականներ, որոնք վերջին տարիներին ասպիրանտական տեղեր չեն ունեցել։ ՀՀ ԳԱԱ նախագահը նշեց, որ գիտաչափական գնահատումը պետք է համապատասխանեցնել գիտնականի ամբողջ գործունեությանը, իսկ թեկնածուների երաշխավորումը կազմակերպել ԳԱԱ բաժանմունքների ժողովների միջոցով։

Աշոտ Սաղյանն ընդգծեց՝ ԳԱԱ կառուցվածքն էապես կփոխվի ակադեմիայի լիազորություններին և հիմնական գործառույթներին համահունչ։ Նախատեսվում է ստեղծել 3 խոշոր բաժանմունք՝ ֆիզմաթ և տեխնիկական գիտությունների բաժանմունք, բնական գիտությունների բաժանմունք, հումանիտար և հասարակական գիտությունների բաժանմունք։  Բաժանմունքներին կից կստեղծվի փորձագիտական 6 հանձնաժողով՝ համապատասխան ենթահանձնաժողովներով և 3 պրոբլեմային մասնագիտական խորհուրդ։ Փորձագիտական հանձնաժողովները կիրականացնեն ՀՀ բոլոր գիտական կազմակերպությունների, լաբորատորիաների ենթակառուցվածքների պահպանման բազային, նպատակային և թեմատիկ նախագծերի փորձաքննություններ ու դրանց կատարման ընթացքի մշտադիտարկում, տարեկան հաշվետվությունների գնահատում։ «Խոսքը վերաբերում է պետության կողմից ֆինանսավորվող թվով 78 բազային, 55 նպատակային և 751 դրամաշնորհային ծրագրերին, որոնք իրականացվում են Հայաստանի Հանրապետությունում։ Աշխատանքները պետք է կատարենք՝  ներգրավելով նաև ակադեմիայից դուրս հանրապետությունում առկա գիտական ներուժը, մեր արտասահմանյան անդամների հնարավորությունները, փորձագիտական կարողությունները»,- ասաց Աշոտ Սաղյանը։

Պրոբլեմային խորհուրդները պետք է զբաղվեն պետական գերատեսչություններում, մասնավոր սեկտորում,  հասարակության տարբեր շրջաններում ծագած տարաբնույթ խնդիրների, պրոբլեմների վերաբերյալ գիտական քննարկումների կազմակերպմամբ և մասնագիտական կարծիքների, եզրակացություններ տրամադրմամբ։

Ակադեմիայի գործառույթներից է նաև գիտական աստիճանաշնորհմանը մասնակցությունը։ Նախատեսվում է այսօր հանրապետությունում գործող թվով 69 մասնագիտական խորհուրդների գործունեությունը համակարգել ակադեմիայում, և ատենախոսական աշխատանքների պաշտպանությունները կազմակերպելու են ակադեմիայի բաժանմունքները։

ԳԱԱ կարևորագույն գործառույթներից է նաև Հանրապետության գիտության վերաբերյալ հաշվետվության կազմումը և ներկայացումը կառավարությանը։ Դրա համար նախատեսում ենք ԳԱԱ կազմում ստեղծել գիտավերլուծական կենտրոն, որի հիմնական նպատակը կլինի ակադեմիան վերածել գիտական քաղաքականության ձևավորման, ռազմավարական կանխատեսումների և անկախ փորձաքննության առանցքային հարթակի։

Նաև նախատեսվում է ԳԱԱ-ն դարձնել գիտության հանրայնացման ազգային առաջատար կառույց, որի շրջանակներում կձևավորվի գիտություն-հասարակություն մշտական հաղորդակցության հարթակ։ Մշակվելու են հանրային գիտական խորհրդատվության ձևաչափեր, որոնց միջոցով գիտնականները հանրությանը կներկայացնեն գիտական զարգացումների դերն ու նշանակությունը։

«Բոլոր բնագավառներում լուրջ հաջողության հասնելու գրավականը համախմբվածությունն է։ Ուրեմն եկեք համախմբված գնանք առաջ, զարգացնենք մեր գիտությունը, կերտենք այնպիսի գիտություն, որը կչափվի, կգնահատվի ոչ թե տպագրված հոդվածներով, այլ կծառայի մեր տնտեսությանը, մեր արդյունաբերությանը, մեր դեղագործությանը, մեր գյուղատնտեսությանը, մեր ռազմաարդյունաբերական համալիրին՝ ի փառս ՀՀ հզորացման և երկրի պաշտպանունակության ամրապնդման», - ասաց ՀՀ ԳԱԱ նախագահը։

  

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը նշեց՝ փոփոխությունները, որոնք այսօր ապրում է ակադեմիան, առաջին հերթին գալու են շնորհելու ակադեմիային այն առաջնորդող դերը, որը գիտության զարգացման օրակարգում շատ կարևոր նշանակություն է ունենալու։ «Պարտադիր չէ, որ միանգամից ունենայինք իդեալական ընտրություններ և ընթացակարգեր, բայց շատ կարևոր է, որ մենք ճիշտ քայլ ենք արել ճիշտ ուղղությամբ։ Մենք պետք է մեր ավանդական մոտեցումներից դուրս գտնենք կարևոր գաղափարներ իրականացնելու մոտեցումներ։ Ու սա կարևոր է առաջին հերթին գիտության զարգացման տրամաբանությունը ճիշտ ուղղությամբ տանելու համար։ Շատ կարևորում եմ գիտության հանրային հաշվետվողականությունը և այս հարցում ակադմեիայի դերը, որը պետք է իրականացնի մշտադիտարկում և կազմի գիտության վիճակի վերաբերյալ տարեկան հաշվետվություն։ Գիտական ինստիտուտների գործունեությունը կենթարկվի արտաքին գնահատման, ինչը հնարավորություն կտա՝ շահերի հավասարակշռման սկզբունքով, ձևավորել օբյեկտիվ և անկախ գնահատման մեխանիզմներ։ Առաջնահերթ նպատակն է ապահովել հանրության առջև հաշվետվողականություն՝ ներկայացնելով գիտության ոլորտում կատարված ներդրումները և դրանց արդյունքում ձեռք բերված արդյունքները», - ասաց Ժաննա Անդրեասյանը։

ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս-քարտուղար Արթուր Իշխանյանը ներկայացրեց «Գիտական դիվանագիտությունը մարդկության պատմության սինգուլյարության կետում» զեկույցը։ Նա խոսեց սինգուլյարության մաթեմատիկական կանխատեսումների մասին, անդրադարձավ նոր տեխնոլոգիաների հնարավորություններին և ռիսկերին՝ նշելով․ «Արհեստական բանականությունն օգնում է մշակել գիտական հսկայական տվյալներ, արագացնել նոր դեղերի որոնումը և բարելավել ախտորոշումը։ Գենային տեխնոլոգիաներն արդեն հնարավորություն են տվել բուժելու որոշ ծանր ժառանգական հիվանդություններ։ Առջևում անհատականացված բժշկության, վաղ ախտորոշման և ավելի երկար ու առողջ կյանքի նոր հեռանկարներն են։ Ոչ բոլոր այդ հնարավորություններն են արդեն իրագործված, բայց դրանց մասշտաբն իսկապես աննախադեպ է։ Սակայն նույն տեխնոլոգիական առաջընթացը բերում է նաև մեծ ռիսկեր։  Միջուկային վտանգը, կլիմայական ճգնաժամը, կենսատեխնոլոգիաների հնարավոր չարաշահումները և արհեստական բանականության վերահսկման խնդիրները պետական սահմաններ չեն ճանաչում։  Նույն գիտական ձեռքբերումը կարող է ծառայել և՛ բուժմանը, և՛ վնասելուն։ Այդ պատճառով մարդկությանը պետք են ոչ միայն ավելի հզոր տեխնոլոգիաներ, այլև դրանց կիրառման բարոյական սկզբունքներ, իրավական կանոններ և համատեղ պատասխանատվություն։ Գիտության ուժը պետք է ուղեկցվի այդ ուժը խելամիտ օգտագործելու կարողությամբ»։

Արթուր Իշխանյանը նշեց, որ այսօր մարդկության առջև ծառացած ամենալուրջ վտանգները պետական սահմաններ չեն ճանաչում, մինչդեռ միջազգային համագործակցությունը հաճախ չի հասցնում հետևել տեխնոլոգիական փոփոխությունների արագությանը։ Հենց այստեղ է, որ գիտական դիվանագիտությունը դառնում է ոչ միայն համագործակցության միջոց, այլև համատեղ անվտանգության և պատասխանատվության անհրաժեշտություն։ «Ուստի յուրաքանչյուր պատասխանատու ջանք, որը մեղմում է բաժանումները և մարդկանց միասին աշխատելու հնարավորություն է տալիս, արժանի է խրախուսանքի։ Ամեն կամուրջ կարևոր է։ Գիտական դիվանագիտությունը հենց այդ կամուրջներից մեկն է։ Եվ ՅՈՒՆԵՍԿՕ-ի այս տարվա խորագիրը նույնպես մեզ ուղղորդում է դեպի ընդհանուր եզրեր՝ գիտական դիվանագիտության միջոցով։ Ի՞նչ է այս ամենը նշանակում Հայաստանի համար։ Արագ փոփոխվող աշխարհում փոքր երկրի առավելությունը կարող է լինել ոչ թե նյութական ռեսուրսների քանակը, այլ գիտելիքը, ճկունությունը և վստահելի գործընկեր լինելու կարողությունը։ Գիտական դիվանագիտությունը կարող է դառնալ Հայաստանի զարգացման և միջազգային ներկայության կարևոր միջոց», - ասաց Արթուր Իշխանյանը։

ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ, ՌԳԱ ակադեմիկոս Հարություն Ավետիսյանը ներկայացրեց «Արհեստական բանականությունը հանուն խաղաղության․ գիտական դիվանագիտությունը թվային դարաշրջանում» զեկույցը։ ՀՀ ԳԱԱ ասոցացված անդամ Արսեն Առաքելյանը ներկայացրեց «Գենոմային տեխնոլոգիաները թվային դարում» զեկույցը։

Միջոցառման ընթացքում տեղի ունեցավ ՀՀ ԳԱԱ 31 ասոցացված և 23 արտասահմանյան անդամների դիպլոմների հանձնման պաշտոնական արարողությունը։Տեղի ունեցավ ԿԳՄՍ նախարարության պատվոգրերի հանձնման արարողությունը։ Պատվոգրերի արժանացան Հնագիտության և ազգագրության ինստիտուտի Վաղ հնագիտության բաժնի վարիչ Ռուբեն Բադալյանը, Երկրաբանական գիտությունների ինստիտուտի Երկրադինամիկայի և վտանգավոր երկրաբանական երևույթների լաբորատորիայի վարիչ Արա Ավագյանը, Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի առաջատար գիտաշխատող Արա Սեդրակյանը, «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնի տնօրեն Ավետիս Ծատուրյանը, Ռուս-Հայկական (Սլավոնական) համալսարանի «Կոմպիլյատորային տեխնոլոգիաներ և ծրագրերի վերլուծություն» լաբորատորիայի ղեկավար Սևակ Սարգսյանը, Նալբանդյանի անվան քիմիական ֆիզիկայի ինստիտուտի Պինդ ֆազային ռեակցիաների մակրոկինետիկայի լաբորատորիայի վարիչ Սոֆիյա Այդինյանը, Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի գիտական քարտուղար Զարուհի Խաչատրյանը, Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի Ռադիոէկոլոգիայի բաժնի ղեկավար Օլգա Բելյաևան։

ՀՀ ԳԱԱ տեղեկատվության և հանրային կապերի բաժին
11․11․2026թ․


Notices
Publications in Press
04/11/2026

19 գիտական նախագիծ՝ 6 երկրից․ ամփոփվել են արտերկրի գիտնականների ինտեգրմանն ուղղված երկու մրցույթները
hesc.am
04/11/2026

Նոր մրցույթ՝ միտված հայագիտության և հումանիտար գիտությունների բնագավառի գիտական պարբերականների միջազգայնացմանը և հրատարակմանն աջակցությանը
hesc.am
02/11/2026

Հայ աշակերտները հատուկ մրցանակի են արժանացել ԵՄ երիտասարդ գիտնականների մրցույթում
hesc.am
01/11/2026

Եվս մեկ ձեռքբերում հայագիտության ոլորտում
hesc.am
This site has been visited
9 093 764

times since 01.01.2005
National Academy of Sciences of the Republic of Armenia
NAS RA Logo (black, blue)
Top Website last updated on:  19:07, 19/11/2026 Top
General Page - About Academy - Divisions - Organizations - Members - Contact us - Structure - Presidium Members
Scientific Council - Documents - Innovation Proposals - Publications - Funds - Conferences - Competitions
International cooperation - Youth programs - Photogallery - Videogallery - Web Resources - Other Academies - "Gitutyun" newspaper
"In the World of Science" Journal - Publications in Press - Notices - Anniversaries - Universities - News - Scientific Results
Scientists of the Diaspora - Young Scientist Tribune - Our Honored Figures - Announcements - Sitemap
© Copyright 1998-2026 All Rights Reserved.
Website is created and supported by Academical Scientific Research Computer Network of Armenia (ASNET-AM)
For any suggestions write to webmaster {[ at ]} sci.am